Ինչպես իր էջում տեղեկացրեց Արմեն Պետրոսյանը, «Իսլամական պետության» իսլամական ծայրահեղ արմատական կազմակերպության կողմից հորդանանցի օդաչու Մուադ ալ-Քասասբիին կենդանի այրելու վերաբերյալ տեսանյութի տարածումից անմիջապես հետո Հորդանանը հայտարարել է ԻՊ-ի դեմ սկզբունքային և վճռական պայքար ծավալելու մասին:

Հորդանանի թագավորական դինաստիան` Հաշիմյանները, Մեքքայի շերիֆների ուղիղ շառավիղն ու ժառանգներն են։ Կարելի է փաստել, որ ԻՊ միջոցով Սաուդյան Արաբիան փորձում է ուղղակի ներազդել Մեքքայի նկատմամբ այդ հարստության հավակնության վրա, և դրանով հանդերձ` իսլամական աշխարհում ավելի ցայտուն սկսում է երևալ աշխարհաքաղաքական խորն անջրպետը: Եթե հաշվի առնենք, որ իսլամականների դեմ դուրս է գալիս շիական Իրանն ու զինվորականության կողմից ղեկավարվող, աշխարհիկ պետության ջատագով Եգիպտոսը, պարզ է դառնում, որ իսլամական աշխարհում սկսում են ձևավորվել իրար լրջորեն հակադրվող երկու կարևոր բևեռներ: Ի դեպ, Եգիպտոսի նախագահ Նասերի և Մուբարաքի օրոք էլ Կահիրեի և Էր-Ռիադի հարաբերությունները մրցակցային էին: Իսլամական աշխարհում գրեթե մեկուսացման մեջ գտնվող, բայց տնտեսապես ավելի հզոր Սաուդյան Արաբիան հենց այդ պատճառով է թաքուն համագործակցում Իսրայելի հետ: Եթե հաշվի առնենք Արաբական թերակղզում պաշտպանական դաշինքի ձևավորման` Էր-Ռիադի գաղափարի տապալումը, ենթադրելի էր, որ Սաուդյաններն ԻՊ-ն կուղղորդեն տարածաշրջանային իրենց մրցակիցների դեմ։ Սակայն նման գործելաոճով նրանք ավելի են խորացնում մեկուսացվածությունը:

Հաշիմյան թագավորության առաջնորդ Աբդալլահ II իբն Հուսեինն ամերիկյան կոնգրեսականների հետ հանդիպման ընթացքում ընդգծել է. «Միակ խնդիրը, որը կարող ենք ունենալ, վառելիքի և զինամթերքի սպառվելու հանգամանքն է»:

Հորդանանցի օդաչուի սպանությունը, իրոք, լուրջ ռազմավարական սխալ էր իսլամականների կողմից, քանի որ երևույթը բավականաչափ լուրջ ազդեցություն է ունեցել ինչպես հենց հորդանանյան հասարակության, այնպես էլ այլ արաբական երկրներում: ԻՊ-ի դեմ պայքարը, ըստ այդմ, դառնում է ոչ միայն կրոնա-դավանաբանական, այլ լրջագույն աշխարհաքաղաքական պայքար, և եթե Վաշինգտոնը շարունակի այդ կառույցի հանդեպ երկդիմի քաղաքականությունը, ապա կարող է կորցնել տարածաշրջանային առանց այդ էլ ստվարացող դաշնակիցներից շատերին:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել