Մի քանի օր առաջ ես վերջնականապես համոզվեցի, որ հայաստանցիների համար ֆեյսբուքը դարձել է հարթակ 3 գլամուրի համար՝ քաղաքական, կենցաղային և շոու-բիզնեսի: Այս թեմային չէի անդրադառնա, եթե զուգահեռ չհամոզվեի մի փաստի մեջ ևս՝ նորմալ մարդկային շփումը վերացել է մեր կյանքից: Հարևաններն էլ կոֆե չեն խմում ու նարդի չեն խաղում, հարազատներն իրար հետ սկայպով են շփվում, սիրահարված երիտասարդներն այգիներից դուրս են եկել, մտել ինտերնետ: Ժողովուրդ, չե՞ք զգում, որ զոմբի եք դառնում: Երեխաներն արդեն չգիտեն՝ ինչ բան են պախկվոցին ու հավալլան, տզը ու ֆուտբոլը (չնայած ֆուտբոլը գիտեն, որովհետև համակարգչով FIFA 2014 են խաղում), մրոցին ու կլասը: 
Եվ քանի որ Իսրաելյան Աննան ինձ ուղարկեց Ալեքսանդր Քալանթարյանի «Ֆեյսբուքի զոհերը» ստեղծագործությունը, ուզում եմ շնորհակալություն հայտնել և Աննային, և, իհարկե, Ալեքսանդր Քալանթարյանին:

Մեր սերը բուռն էր, լիաթոք ու խենթ,
Տառապանք ու կիրք, արցունք ու արբունք…
Սակայն իդիլլիան կորավ առհավետ
Երբ laptop առանք ու մտանք facebook:

Ժպիտը դարձավ զույգ կետ` փակագիծ,
Ընկերությունը` վիրտուալ մի խումբ,
Սիրո ուղերձը` պարզունակ message,
Համերգն ու կինոն` winamp և you-tube:

Թափառելու տեղ` մենք browse ենք անում,
Նկարվում` արագ մուտք անում profile,
Եթե search է պետք, մտնում Google.ru,
Եվ yahoo-ի հետ ապրում համաքայլ:

Ստրուկ ենք դարձել` սեփական կամքով,
Պարուրել է մեզ ցանցը-սարդոստայն,
Սեքսն էլ կդառնա շուտով e-mail-ով,
Ու երեխաներ կծնվեն online:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել