Արդյոք ի՞նչն է փոխվում, երբ ամուր սեղմում ես ձեռքերդ: Սեղմումից մատներդ սկսում են ցավել, բայց դա հաճելի է քեզ, քանզի դու գերադասում ես, որ ցավեն բոլոր մատներդ, քան ամբողջ ներսդ: Եվ դու մտածում ես, որ մատներիդ ցավը կբթացնի այն: Սակայն ի՞նչն է փոխվում: Մի՞թե ներսիդ ցավը թեթևանում է, կամ էլ թողնում:
Արդյոք ի՞նչն է փոխվում, երբ ամբողջ ձայնով գոռում ես: Ձայնալարերդ լարվում են, իսկ հետո խոսելը դառնում է ավելի դժվար: Եվ դու մտածում ես, որ կազատվես մտքերից, անհանգստությունից: Սակայն ի՞նչն է փոխվում: Մի՞թե դատարկվում է գլուխդ:
Արդյոք ի՞նչն է փոխվում, երբ բռունքներով սեղմում ես աչքերդ, որպեսզի արցունքներ չհոսեն: Այնքան ուժեղ, որ հետո աչքերդ թարթելիս ցավ ես զգում: Եվ դու մտածում ես, որ հաջորդ օրը ոչինչ չի զգացվի, էլի կժպատս ու բոլորը կհավատան թվացյալ երջանկությանդ: Սակայն ի՞նչն է փոխվում: Մի՞թե բոլորը չեն նկատում, որ աչքերիդ երբեմնի փայլը էլ չկա, վերացել է:
Արդյոք ի՞նչն է փոխվում, երբ ուժերդ սպառված նստում ես սառը հատակին: Եվ դու մտածում ես, որ գոնե սառնություն զգալով ինքդ քեզ կզգաս: Սակայն ի՞նչն է փոխվում: Հաջորդ օրը էլի դու ես ջերմությունով պառկում անկողնում, իսկ սառնությունը մնում է կողքիդ:
Արդյոք ի՞նչն է փոխվում, երբ ժամերով նայում ես բջջայինիդ ու մտքում կրկնում` ‹‹Դե զանգիր, զանգիր››: Եվ դու մտածում ես, որ այո, ձայնդ լսելի կլինի, նա կզգա, կզանգի: Սակայն ի՞նչն է փոխվում: Մի՞թե դու չես արձանագրում հերթական հիասթափությունդ:
Արդյոք ի՞նչն է փոխվում, երբ գլուխդ դնում ես ծնկներիդ և ամուր գրկում նրանց: Եվ դու մտածում ես, որ այսպես քեզ ոչ-ոք չի նկատի, որ չեն տեսնի զգացունքներից զուրկ դեմքդ: Սակայն ի՞նչն է փոխվում: Մի՞թե այդ պահին դու չես երազում, որ հիմա քեզ մեկը գրկեր ու լրացներ միայնությունդ:
Արդյոք ի՞նչն է փոխվում, երբ քնելուց ինքդ քեզ համոզում ես, որ սա ընհամենը երազ է: Եվ դու մտածում ես, որ վաղը ամենինչ կփոխվի: Սակայն ի՞նչն է փոխվում: Մ՞իթե աչքերդ բացելուն պես չես բախվում դառը իրականության հետ և երազում, որ էլ երբեք առավոտյան աչքերդ չբացվեն:
Արդյոք ի՞նչն է փոխվում, երբ ոտաբոբիկ կանգնում ես պատշգամբում` հետևելով արևի վերջին շողերին: Եվ մտածում ես, որ այս պահին պատշգամբը փուլ կգա և դու կկորես նույն արևի վերջին շողերի նման: Եվ թող, որ ոչ-ոք քեզ չհիշի, քանզի դու ինքդ քեզ հազիվ ես հիշում: Սակայն ի՞նչին է փոխվում: Մի՞թե դու ազատվում ես ինքդ քեզնից, միթե ինչ-որ բան փոխվում է: Ոչ: Ոչինչ չի փոխվում...

Նենե

 

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել