Երբ ընթերցում ես Հիմնադիր խորհրդարանի համակարգողի տեղակալ Հայկ Գրիգորյանի «փառապանծ» բացատրությունը, թե ինչու ապրիլի 24-ին, ինքնին մտածում ես, թե որքան կարող են ատել իրենց հայրենիքը, չհարգել զոհերի հիշատակը... Համաձայն եմ՝ շատերն են դժգոհ իշխանություններից, մեզ մոտ կա արմատական ընդդիմություն, և դա բնական է և գերազանք, քանի որ վկայում է հասունացած ժողովրդավարական հանրության և խոսքի ազատության մասին, սակայն ներքաղաքական հարցերն այդ օրը միջազային դարձնելը նվազագույը դավաճանություն է: Կարող էին ընտրել նաև ապրիլի 25-ը, Զատիկը, որևէ այլ օր.. Վերջիվերջո, ապրիլի 24*-ի 100-ամյա արարողությունները զուտ այս իշխանությունների միջոցառումները չեն, այլ ողջ հայության, և ցանկացած դրանց ձախողում, ցանկացած բացասական երանգ խոսելու է հենց միմիայն հայության դեմ, ոչ թե գործող իշխանությունների: Եվ իրենց հայրենասեր հորջորջող մի քանի մարդկանց պատճառով, որոնք իբր ներկայացնում են Հայաստանի հանրությունը, տապալվելու է համազգային մի մեծ նախագիծ.. Իսկ արձագանքնե՞րը։ Ամենաշուտը կարձագանքեն թուրքական և ադրբեջանական լրատվամիջողներն ու պաշտոնյաները՝ ուրացման քաղաքականության և հակաքարոզչության համար լավագույն զենք ստանալով, ապա ոչ բարեկամ երկրների մամուլը, վերջում կլինեն հրապարակումներ դաշնակից երկրների շարքում: Չի բացառվում, որ թուրք-ադրբեջանական լոբբինգի ազդեցության տակ մի քանի խորհրդարաններ անվավեր ճանաչեն Հայոց ցեղասպանությունն ընդունող բանաձևերը: Եվ այս 50 տարիների քրտնաջան աշխատանքը մի քանի տականքների պատճառով կգնա ջուրը:
Բայց դա դեռ այն չէ... 
Գյումրիի ողբերգական դեպքերից հետո հենց այս խումբն է եղել հակառուսական գործողությունների հիմնական առաջնորդող դերակատարը, ասենք՝ կային ազգային պատվո հարցեր, հասկանալի էր, սակայն ինչի՞ն էր պետք արհեստածին լարվածություն առաջացնել ՀՀ և ԼՂՀ բնակիչների միջև: Մի՞թե այսքան տարի պարզ չի բացատրվել, որ մեզ կյանքի գնով անհրաժեշտ է Արցախի՝ որպես անկախ պետություն միջազգային ճանաչումը, որպեսզի Հայաստանի Հանրապետությունը չդիտվի որպես զուտ ագրեսոր: Մի՞թե չի ասվել, որ միջազգայնորեն անկախության ճանաչումից հետո հնարավոր կլինի օրինական ճանապարհով միավորել հայկական երկու պետությունները: Կամ թե ի՞նչ խնդիր կա, որ կա երկու հայկական պետականություն։ Մենք ունենք նաև երկու կաթողիկոս, թեև մեկն ընդունում է մյուսի գերակայությունը: Մենք ունենք նաև այլ հավատացյալներ, որոնք ևս հայ են... Իսկ հունվարի 31-ի դեպքը, դրա նկարահանումները, հայտարարություններն ապացուցում են, որ եղել է սադրանք՝ հասարակության ուշադրությունը գրավելու նպատակով: Պարզագույն փաստ, նայեք այն թեգերին, որոնք տեղադրված են Հիմնադիր խորհրդարանի համակարգողի տեղակալ Հայկ Գրիգորյանի հայտարարության տակ (չեմ տեղադրում այդ լինքը կամ թեգերը, որպեսզի չգովազդեմ): Այնտեղ նշված է՝ ռեժիմ, ծեծ, Սեֆիլյան... Այսինքն, եթե չլիներ այս ծեծը, ապա ինչպե՞ս այս խումբը կրկին իր մասին կհայտներ հանրությանը: 
Կամ թե՝ ինչո՞ւ հենց Արցախ։ Մի՞թե պետք էր այս օրերին ապակայունացնել իրավիճակն Արցախում, որն ամեն օր դիմակայում է ադրբեջանական դիվերսիաները, մի՞թե պետք է որպես պատանդ իրենց հետ տանել երեխաներին, ավելին՝ առաջնային գծում ծառայողների ընտանիքի անդամներին։ Նպատա՞կը։ Որ այդ դեպքից հետո հայաստանցի զինծառայողը լարված հարաբերություններ ունենա իր զինակից արցախցի զինծառայողի հե՞տ։ Այսինքն՝ դրանով խրախուսում եք ոչ կանոնադրական հարաբերություններ՝ դրա վատագույն դրսևորմամբ, պառակտում եք պաշտպանությունը: 
Եվ եթե ոմանք այս խմբից մասնակցել են Արցախյան ազատամարտին, ոչ ոք իրենց իրավունք չի տալիս վարվել այնպես, կարծես Արցախն իրենց սեփականությունն է և բոստանը: Սրանք ոչ մի բանով չեն տարբերվում մյուս ազատամարտիկներից՝ թե կենաց և թե զոհված: Եվ «ազատամարտիկ ծեծելը» սպեկուլացիայի, ռեկլամի և ինքնահաստատման համար գործիք սարքելով՝ կրկին աջակցում են հակառակորդի քարոզչամեքենային, արցախցու դեմ հանելով հայաստանցի ազատամարտիկներին՝ սեպ գցում հենց ազատամարտիկների համահայկական ճամբարի մեջ: Ո՞վ է տվել այդ իրավունքը: Կամ ո՞րն է Արցախի մեդալներից հրաժարվելը։ Դա ոչ թե իշխանությանը մոտ կանգնած կուսակցությունից ստացած մեդալից հրաժարումն է, այլ պետականության, որը կետվել է մեր հայրերի և եղբայրների, մեր մայրերի և քույրերի արյամբ, քրտինքով, զրկանքներով, բլոկադայի ճիրանները վերապրածների ցավով և անհուսությամբ... Կեցցեք, եթե, խոսելով իբր «ռեժիմի կողմից իրականացվող ցեղասպանության մասին», դուք անարգում եք նաև Արցախյան ազատամարտի պատճառով զրկանքներ տեսած մեր հասարակությանը, ուրանում դրանից: Եվ եթե գովաբանում եք եվրոպական արժեհամակարգը, ապա պահեք ձեզ քաղաքակիրթ, եվրոպացուն վայել, ոչ թե վաչկատուն ծագման մեր հարևանների տրամաբանությամբ։ Նրանք էլ են սադրում, հրամցնում հասարկությանը հակահայկական կեղծ ապատեղեկատվություն, ջանք չեն խնայում ամեն մի փուշը ներկայացնել որպես գերան։ Հերիք է։ Դուք խաղում եք ոչ թե Սարգսյանների, Աբրահամյանների կամ իշխանության մոտ կանգնած անձանց դեմ, այլ հայ ազգի պետականության, համբավի, արժանապատվության հետ: Ընտրեք քաղաքական պայքարի ցիվիլ տարբերակը և պայքարեք, եթե իրոք ի վիճակի եք, և եթե իրոք «ժողովուրդը ձեր կողքին է»:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել