Տարեկան հարյուրավոր կանայք են Հայաստանից արտագնա աշխատանքի մեկնում Թուրքիա: Նրանցից շատերին եմ հանդիպել, զրուցել, ինչի արդյունքում էլ ծնվել է այս պատմվածքը:
----------------------------------------------
Աշխատանքի տեղավորման գործակալ կինը հարմար տեղավորվեց բազկաթոռի մեջ, մի արհամարհական, դժգոհ հայացքով տնտղեց դիմացը նստած չորս կանանց, ծխախոտի ծուխը խորը ներս քաշեց ու ասաց.
-Դե, ասեք, տենամ, ո՞վ եք, ինչի՞ եք ձեր տուն ու տեղը Հայաստանում թողել, եկել, հասել Ստամբուլի քուչեքը: Դու ասա, անունդ ի՞նչ ա.- դիմեց նա առաջին կնոջը:
- Անունս Արմիկ ա,-կոկորդը մաքրեց կինն ու շարունակեց,- Գյուղից եմ: Կաթ ու մածուն էի տանում քաղաք, ծախում, բայց որ աղջիկներս մեծացան, էլ չէինք հասցնում;
-Ամուսին ունե՞ս,-հարցրեց միջնորդ կինը:
-Հա, ունեմ, բայց գյուղում աշխատանք չկա, վար ու ցանք էլ չենք կարում անենք, հողերը ջրովի չեն, ինչ էլ ցանում ենք, ծարավից բերքը չորանում, թափում ա; Անտեր վարելն էլ էնքան թանկ ա, մարդ չի իմանում՝ սերմացուին փող տա, թե վարելուն; Ծանոթ մի կին էլ խորհուրդ տվեց, որ գամ Թուրքիա, աշխատեմ, տանեմ, բալքի մի հալի գանք,-վախվորած վերջացրեց Արմիկն ու թոթվեց ուսերը,-Եսիմ, հիմի դու գիտես: 
- Դու ասա,- կինը դիմեց մյուսին;
-Անունս Հասմիկ է: Երևանից եմ: Լավ խոհարար եմ: Տղաս բանկից վարկ վերցրեց, գործ սկսեց, բայց պետական հարկերը այնքան շատ էին, եկամուտն էլ մեծ չէր, չի կարողանում վարկի տակից դուրս գա, ստիպված որոշեցինք, որ ես գամ Թուրքիա, աշխատեմ, մի ճար լինի:
-Ամուսին ունե՞ս:
- Չէ, չունեմ, երկու տարի առաջ է մահացել:- Տխուր գլուխը խոնարհեց Հասմիկը:
-Դու ասա,- երիտասարդ աղջկան դիմեց կինը,- քանի՞ տարեկան ես:
- Քսաներկու տարեկան եմ, Երևանից: Ճիշտն ասած՝ ես ուզում էի ԱՄՆ կամ եվրոպական մի ուրիշ երկիր գնայի, բայց ինչքան դիմեցի, դեսպանատները մերժեցին, ես էլ որոշեցի Թուրքիա գալ: Անունս էլ Քրիստիկ է, ասում են Քիսո:
Միջնորդ կնոջ արհամարհական հայացքը դարձավ նողկանք արտահայտող:
- Քիսո՛: Ուրեմն լսի, Քիսո, էդ թևերիդ, ականջներիդ ու վզիդ զընգըլտիկները հանում, ռադ ես անում, էդ վրիդ շորը շպրտում ես մի տեղ կամ շալվար ես հագնում, կամ նորմալ շոր: Էդ ջարդ ու կտոր ըլնելդ, աչքերիդ խաղացնելն էլ թողում ես, հասարակաց տուն չես եկել;
-Դու ասա,- դարձավ բազմոցի անկյունում կծկված երիտասարդ կնոջը:
-Անունս Մարիամ է: Գյուղից եմ: Դպրոցում կենսաբանության ուսուցչուհի էի: Գյուղից շատերը ընտանիքով հեռացան, աշխատանք չկար, չէին կարողանում յոլա գնալ, դասարաններ փակվեցին, ժամերս կրճատվեցին, ես չնչին գումար էի ստանում: Ամուսինս Արցախյան պատերազմի երկրորդ կարգի հաշմանդամ է, մի երկու տարի գնաց Ռուսաստան՝ արտագնա աշխատանքի, բայց հետո արդեն ի վիճակի չեղավ գնալու: Հիմա էլ առողջական վիճակը շատ է վատացել, բժիշկներն ասում են, որ պետք է անպայման գլխից վիրահատվի, իսկ դրա համար գումար է պահանջվում: Ես էլ որոշեցի գալ այստեղ, աշխատել, գումար հավաքել՝ ամուսնուս վիրահատության համար:
Միջնորդ կնոջ դեմքին մտահոգություն զգացվեց, ձայնն էլ կարծես այլ դարձավ.
-Էհ, այ բալամ, էդ ինչքա՜ն պիտի աշխատես, որ էդքան հասցնես:
Որոշ ժամանակ կինը լուռ, հայացքը մի կետի սևեռած նստեց: Կանայք անշարժ հետևում էին նրա անիմաստ հայացքին: Կինը ծխելը վերջացրեց ու վեր կացավ:
-Լավ , ուրեմն մնում եք էստեղ, մինչև ամեն մեկիդ տեսնեմ, ուր կտեղավորեմ; Կարաք դուրս գաք, մոտակայքում ման գաք, բայց մենակ հանկարծ ոչ մեկդ դուրս չգա, մանավանդ, որ թուրքերեն չգիտեք: Հա, իմացեք, ուր էլ գնաք, իրիկվա ժամը իննից շուտ պիտի էստեղ լինեք, իննից հետո դուռը չեմ բացում: Հիմա լսեք ամենակարևորը՝ չմոռանաք, որ հայ եք, պատիվ, թասիբ ունեցեք, լրբերի խելքին չընկնեք; Իսկ հիմա գնացեք կուխնյա, ամեն ինչ կա, տեսեք ինչ եք ուտում, ինչ եք անում, կողքի սենյակում հանգստացեք, որ իրիկվա կողմը Էմինա հանըմը գալու ա, տան համար աշխատող տանի:
-Վա՜յ, էնքան հոգնած ենք, գոնե առավոտը գար,-սրտնեղեց երիտասարդ աղջիկը:
-Դե, կներես, հա՞, Քիսո՛.-հանկարծ բղավեց կինն ու ոտքից- գլուխ աղջկան չափելով՝ ձեռքը առաջ պարզեց,- գնա՛, գնա՛;
Երեկոյան եկավ Էմինա հանըմը: Գեղեցիկ, բարեկիրթ, արդեն տարիքով կին էր: Հերթով նայեց կանանց, ափսոսեց, որ ոչ ոք թուրքերեն չգիտեր: Հետո հետաքրքրվեց, որ գուցե նրանցից մեկնումեկը անգլերեն խոսել գիտե՞ր: Պարզվեց՝ Մարիամը քիչ ու միչ գիտեր: Հանըմը նրա հետ անգլերենով մի քանի նախադասություն փոխանակեց ու դարձավ միջնորդ կնոջը, որ Մարիամին տանում է:
...Հանըմի շքեղ առանձնատան մեջ Մարիամը շիվարել, կանգնել էր: Վախ եկավ վրան, թե այս հսկա տան մեջ ինքը ի՞նչ պիտի անի; Բայց հանգստացավ, երբ հանըմը տարավ նրան մի ընդարձակ սենյակ, ուր պառկած էր զառամյալ մի ծեր կին ու ասաց, որ Մարիամի գործը միայն այս ծեր տատիկին խնամելն է լինելու:
Առավոտյան եկավ ընտանեկան բժիշկը, որ հայազգի, կիրթ, տարիքով մտավորական էր, ու նրա արևմտահայերենը այնպես հարազատ հնչեց Մարիամին, նույնիսկ հսկա առանձնատունը դադարեց վախեցնել;
Բժիշկը ծանոթացնելով ծեր կնոջ վիճակին, մի քանի օգտակար խորհուրդներ տվեց, որոնց օգտագործման դեպքում տատիկի հետ ավելի հեշտ կլիներ։ Իսկ գնալուց առաջ, երբ ներս մտավ հանըմը ու թուրքերեն ինչ-որ բան ասաց նրան, բժիշկը շատ խորհրդավոր դարձավ Մարիամին, փոխանցեց տիկնոջ ասածը, որ երբ հյուրեր կլինեն տանը կամ որևէ մեկը կցանկանա այցելել հանըմի պառկած սկեսրոջը, Մարիամը իրավունք չունի սենյակից դուրս գալու, մի քայլ անգամ հեռանալու ծեր կնոջից կամ նրան մենակ թողնելու այցելուի հետ, ով էլ որ լինի այդ այցելուն։
...
Գլորվեց-անցավ մեկ տարին, մեկ օր այսպես, մեկ օր այնպես, լացով ու ծիծաղով, կարոտով ու հիշողություններով: Արմիկը չդիմացավ մեծ քաղաքի թոհ ու բոհին: Նա իր գյուղը, իր կաթ ու մածունն էր կարոտում, երկու ամիս անց վերադարձավ հայրենի գյուղ: Հասմիկը գուխը կախ աշխատում էր, գումարն ուղարկում, քիչ բան էր մնացել: Ամեն անգամ ընկերուհիներին հանդիպելիս, ուրախանում էր, որ քիչ է մնացել, մի երկու ամիս էլ կաշխատի ու կվերադառնա: Իսկ Քրիստիկից ոչ ոք լուր չուներ, գործակալ կնոջ տեղավորած աշխատանքին մեկ ամիս դիմացավ, նոր ծանոթներ գտավ ու հեռացավ, իր ասելով՝ հեշտ գործի գնաց, ուր վարձատրումն ավելի բարձր էր:
Մարիամի ուղարկած գումարներով ամուսնուն արդեն վիրահատել էին, սկեսուրը ասում էր, որ Արամն արդեն լավ է, թող մի քիչ գումար էլ աշխատի հետին օրվա համար ու գա, քանի ամուսինը չի իմացել, որ ոչ թե Մոսկվայում է աշխատում, այլ Թուրքիայում: Մարիամը հաստատ որոշել էր՝ մեկ ամսից տանն էր լինելու։ Նրան ահավոր հանգիստ չէր տալիս այդ միտքը, որ սկեսրոջ հետ միասին խաբեցին Արամին, Մոսկվայի փոխարեն Թուրքիա եկավ: Բայց և հանգստացնում էր իրեն, որ եթե այդպես չվարվեր, ամուսինը վիրահատվելու, առողջանալու հնարավորություն չէր ունենա; Չէ, կարևորը, որ ամուսինը հիմա լավ է, կյանքի ու մահվան արանքից դուրս է եկել։ Ինչպե՜ս էր կարոտել նրան:
...
Այդ օրը Էմինա հանըմին ինչ-որ հեռախոսային զանգ եկավ, և նա շտապ դուրս եկավ տանից; Տան մյուս աշխատողն էլ գնացել էր գնումներ կատարելու, երբ հայտնվեց ծեր կնոջ թոռը, մյուս որդու տղան՝ Սաիդը: Սաիդը մոտ քառասուն տարեկան, նեղ աչքերով, լայնաթիկունք տղամարդ էր: Դեռևս խոսակցություններից Մարիամը հասկացել էր, որ Էմինա հանըմը նրան չի սիրում, առավել ևս չի վստահում, քանի որ Սաիդը միշտ թաղված է պարտքերի մեջ ու խաղատներում էր անցկացնում իր օրը:
Սայիդը մտավ տատի սենյակն ու միանգամից դիմեց Մարիամին.
-Ինձ տատիս հետ մենակ թող, դուրս գնա:
-Չեմ կարող, Էմինա հանըմը հանձնարարել է նրան ոչ մի դեպքում, ոչ մեկի հետ մենակ չթողնել.-ասաց Մարիամը:
-Ես քեզ ասում եմ, ուզում եմ մի քանի րոպե մենակ մնալ տատիս հետ, դուրս գնա այստեղից, եթե չես ուզում , որ դուրս շպրտեմ;
Նրա անսովոր կարմրած ու մեծացած աչքերից Մարիամն հասկացավ, որ կատակ չի անում ու լուռ դուրս եկավ՝ իր հետևից կիսաբաց թողնելով դուռը: Բայց հաջորդ պահին Սայիդը նրա հետևից շըխկոցով այն ամուր ծածկեց:
Մարիամը արագ կողմնորոշվեց ու զանգահարեց տանտիրուհուն, տեղյակ պահեց կատարվածին:
-Հենց հիմա գալիս եմ, դու դռան մոտից մի հեռացիր,-հանձնարարեց Էմինա հանըմը:
Մարիամը հուշիկ մոտեցավ ու ականջը դրեց դռանը: Ինչ-որ ձայներ էին լսվում, կարծես դռների ու դարակների չըխկչըխկոց էր; Քիչ անց թվաց, որ ծեր կնոջ ծղրտոցը լսվեց, հետո այն կրկնվեց ու վերածվեց լացի: Մարիամը չդիմացավ, բացեց դուռն ու նետվեց ծեր կնոջ վրա կռացած Սաիդի կողմը: Նրան թվաց՝ Սաիդը երկու ձեռքով բռնել է տատի կոկորդը, ուզում էր խեղդել:
-Ի՜նչ ես անում, ինչ ես անում,- բղավեց նա ու երկու ձեռքով հրեց։
Սաիդը մի կողմ թռավ:
-Ախ դու կեղտոտ հայ,- բացականչեց ու բռունցքով հարվածեց:
Մարիամն ընկավ ու գլխով խփվեց մարմարյա փոքրիկ սեղանի սուր ծայրին: Սայիդը մի հայացք գցեց անկողնում արդեն անշարժացած տատին, արագ մոտեցավ, տատի վզից թափով պոկեց արծաթե շղթան, հետո մի պահ ցանկացավ ստուգել Մարիամի պուլսը, բայց հաջորդ պահին միտքը փոխեց ու շտապեց դեպի դուռը; Բայց չէր հասցրել դեռ ձեռքը բռնակին տանել, երբ դուռը բացվեց ու նա հայտնվեց դեմառդեմ Էմինա հանըմի ու երկու ոստիկանի հետ:
Ձեռնաշղթաները Սաիդի ձեռքերին հագցնելիս ոստիկանը նրա բռունցք արած ձեռքի ափից մի շատ փոքրիկ, ասեղնագործ տոպրակ հանեց, որի մեջ դրված էր միլիոն դոլար արժողության սև ադամանդի մատանի։ Ասեղնագործ տոպրակը արծաթե շղթայով միշտ ծեր կնոջ պարանոցից էր կախված։
Մարիամի մահվան, սպանության բոթը հասավ Հայաստան, գյուղ, Արամին: Բայց Արամին ավելի ցնցեց Մարիամի Թուրքիայում գտնվելու, սպանվելու լուրը: Որպես տղամարդ, սիրող ամուսին նա իրեն ոչնչացած, խաբված, տրորված զգաց ու չհամաձայնվեց կնոջ դիակը Հայաստան բերելու, գյուղում թաղելու առաջարկին: Չէր կարողանում ներել նաև մորը, որպես հանցակից կնոջ դավաճանական ստի;
...
Ամառվա սկիզբն էր արդեն: Արամը առվի ջուրը թեքեց պոմիդորի մարգերի վրա ու մեկնվեց թթի ծառի տակ դրված թախտին: Հասած թթի հոտը հիշողություններ արթնացրեց: Աչքի առաջ եկավ Մարիամի պատկերը: Ահա, ինքը բարձրացել է ծառին, թութն է թափ տալիս, Մարիամը ծառի տակ փռած շորի անկյունում նստած՝ ձեռքով որսում է թափվող թթերը, բռով բերանը լցնում: Հիշեց ու սիրտը մղկտաց:
-Պապ, պապ,- հանկարծ լսվեց աղջկա ձայնը,- օտարերկրացիներ են եկել, քեզ են հարցնում:
Մինչ Արամը թախտից կիջներ, կուղղեր շալվարի փողկերը, երիտասարդի ուղեկցությամբ նրան մոտեցավ մի տարիքով տիկին; Երիտասարդը ներկայացրեց տիկնոջը:
-Էմինա հանըմը Թուրքիայից է եկել, նա ուզում է խոսել ձեզ հետ։ Ինքը հայերեն չգիտի, ես նրա թարգմանիչն եմ։
Արամը հանկարծակի եկած, մի պահ շփոթվեց, առաջարկեց տուն մտնել, բայց տիկինը հրաժարվեց՝ ասելով, որ հենց այդտեղ, թթի ծառի տակ թախտին նստելն իր համար շատ ավելի հաճելի է։
Թրքուհին խոսում էր դանդաղ, ամեն երկու նախադասությունից հետո շունչ առնում, նայում թարգմանչին, որը աշխատում էր թարգմանելիս բառ բաց չթողնել նրա ասածներից։
-Նախ ասեմ, որ ես արմատներով համշենահայ եմ և շատ եմ ափսոսում, որ ոչ ուրախ ու հաճելի առիթով ես կարողացա իրականացնել իմ վաղեմի երազանքը, գալ Հայաստան։ Մարիամի հիշատակը ինձ հանգիստ չէր տալիս, -այսպես սկսեց Էմինա հանըմը,- Ինձ համար շատ մեծ, կրկնակի ցավ էր, որ երբ ես պատրաստակամություն հայտնեցի Մարիամի դին իմ միջոցներով բերել, հասցնել այստեղ, որ նա թաղվեր իր ազգի, իր կրոնի օրենքներով, ասացին, որ ամուսինը հրաժարվում է նրա դին ընդունելուց։ Հենց այդ ժամանակ էլ որոշեցի, որ ձեզ պետք է հանդիպեմ:
Արամը շփոթմունքից կարկամել էր, չգիտեր՝ ինչ պատասխանել: Կինը շարունակեց.
-Ես ձեզ կպատմեմ իմ ընտանիքի ողբերգությունը, ողբերգություն, ուր վերջին զոհը եղավ իմ սիրելի Մարիամը:
Մի պահ լռեց, թաքցրեց կոկորդում բարձրացող հուզմունքը: 
-Շատ տարիներ առաջ հանգուցյալ սկեսրայրս, որ մեծ առևտրով էր զբաղվում, Աֆրիկայից վերադարձավ ու իր հետ բերեց սև ադամանդով մի շքեղ մատանի, ինչը փորձառու ոսկերիչների կողմից միաձայն գնահատվեց մեկ միլիոն դոլար։ Մատանին նա միշտ իր մատին էր կրում: Կարճ ժամանակ անց սկեսրայրս հանկարծամահ եղավ; Ամուսնու թաղման օրը սկեսուրս հանեց մատանին նրա մատից և հագցրեց մեծ որդու՝ ամուսնուս մատին։ Կարճ ժամանակ անց մահացավ նաև ամուսինս: Մատանին սկսեց կրել իմ մեծ որդին, և նորից որոշ ժամանակ անց հիվանդացավ ու վախճանվեց որդիս, իսկ նրանից հետո նաև փոքր որդիս, հետո ավտովթարից մահացավ դուստրս իր երկու երեխաների ու ամուսու հետ։ Եվ ահա միայն այդ ժամանակ սկեսուրս, մենք բոլորս մտածեցինք, որ այդ բոլոր մահերի պատճառը հավանաբար այդ չարաբաստիկ սև ադամանդն էր: Ցանկացանք վաճառել, ազատվել ադամանդից, բայց գնորդ այդպես էլ չգտնվեց, նույնիսկ չնչին գումարով ոչ ոք չհամաձայնվեց գնել այն; ԵՎ այդ ժամանակ սկեսուրս որոշեց իր մոտ պահել այն, որ երբեք որևէ մեկը այլևս չտեսնի, չլսի այդ չարաբաստիկ մատանու մասին: Փոքրիկ ասեղնագործ տոպրակով նա կախեց մատանին իր վզից և հայտարարեց, որ իր մահից հետո այն իր հետ թաղենք գերեզմանում; Տարիներ անցան: Ահա մեր տանը աշխատելու եկավ Մարիամը, առաքինի, բարի, խելացի, խոնարհ մի երիտասարդ հայուհի, որին սիրեցի հենց առաջին օրից, մանավանդ, որ նա իմ արմատից էր, իմ արյունակիցը:
Տիկինը դողացող մատերով պայուսակից հանեց թաշկինակը, սրբեց աչքերից անխոս գլորվող արցունքները;
-Ամուսնուս փոքր եղբոր տղան՝ Սաիդը, անառակ զավակ դուրս եկավ: Խաղատներում ու հասարակաց տներում մսխեց հոր ողջ ունեցվածքը, հայտնվեց ահռելի պարտքերի մեջ: Այդ վերջին ժամակները իմ մեջ մի վախ էր մտել, նա մեր տուն գալիս, միշտ անհանգիստ ինչ-որ բան էր տնտղում, ես զգուշացրել էի Մարիամին, որ նրան և ընդհանրապես ոչ ոքի միայնակ չթողնի ծեր, զառամյալ սկեսրոջս մոտ: Բայց խեղճ Մարիամը ոչինչ չգիտեր մեր ընտանեկան գաղտնիքի՝ սև ադամանդի մասին: Այդ օրը ինձ անծանոթ համարից զանգահարեցին, շտապ կանչեցին քրոջս տուն: Երբ հասա այնտեղ, նրանց զարմացած տեսքից հասկացա, որ զանգը կեղծ էր, շտապ հետ դարձա: Հենց այդ պահին էլ ահազանգեց Մարիամը, որ Սաիդը եկել ու ստիպել է, որ նա դուրս գա սենյակից: Ինձ համար ամեն ինչ պարզ էր: Ես շատ արագ տուն վերադարձա ոստիկանների հետ: Բայց արդեն ուշ էր: Մարիամը արդեն չկար:
Էմինա հանըմը լռեց, թաշկինակը դեմքին սեղմած, լուռ հեկեկում էր: Թարգմանիչ տղան քիչ հեռվում քարացած-կանգնած աղջկան խնդրեց ջուր բերել։ Տիկինը ջրից մի կում արեց, սրբեց արցունքները, շարունակեց.
- Ես գիտեի, Մարիամն ինձ ասել էր, որ ձեզանից գաղտնի է Թուրքիա եկել, խաբել է ձեզ, որ իբրև Մոսկվա է գնում աշխատելու: Խեղճ կինը շատ էր տառապում դրա համար, բայց նրա համար կարևորը իր ամուսնու՝ ձեր առողջությունն էր: Նա ձեզ շատ էր սիրում; Ահա, այսքանը: Ես ցանկացա անձամբ ինքս գալ, Մարիամի մահվան պատճառը ձեզ պատմել, նրա հիշատակը մաքրել կեղտից ու բանբասանքից։
Էմինա հանըմը վեր կացավ: Արամը սառել էր, ոչինչ չէր տեսնում, չէր լսում այլևս:
-Ես ամեն օր աղոթում, խնդրում եմ Ալլահին, որ Հայաստանի վիճակը լավանա, որ տղամարդիկ այստեղ աշխատանք ունենան, ու նրանց կանայք՝ մարիամները ստիպված չլինեն գալ Թուրքիա, աղախնություն անեն թուրքերի տներում;
Կինը հայացքը դարձրեց քիչ հեռու կանգնած աղջնակին;
-Ես ինձ հետ բերել եմ Մարիամի մի քանի հագուստներ, իրեր, որպես հիշատակ նրանից,-ապա դարձավ երիտասարդ թարգմանչին,- խնդրում եմ, ավտոմեքենայից այստեղ բերեք պայուսակը; Ի դեպ այնտեղ իմ կողմից մի փոքրիկ նվերներ կան, ինչպես նաև Մարիամի վերջին ամսվա աշխատավարձը:
Մոտեցավ գլխիկոր կանգնած աղջկան, ուշադիր նայեց:
-Գեղեցկուհի մայրն է,- ասաց, համբուրեց աղջկան,- ես էլի կգամ,-շշնջաց աղջկա ականջին ու դանդաղաքայլ հեռացավ: 
Միայն հեռացող ավտոմեքենայի շարժիչի ձայնից Արամը սթափվեց;
-Մարիա՜մ.- ճչաց Արամի հոգին:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել