Ակնհայտ էր, որ երեք ամսվա ընթացքում լուրջ աշխատանք հնարավոր չէր իրականացնել, որ փետրվարի 1-ից փոքր և միջին ձեռներեցներն այլևս գոհ աշխատեն: Լոկ հետաձգումով մարդկանց խնդիրն ամենևին էլ չի լուծվում, և անհրաժեշտ է հիմնովին վերանայել խնդիրը՝ գտնելու համար արդյունավետ լուծումներ: 
Հարկ եմ համարում ևս մեկ անգամ արձանագրել, որ այս օրենքով կառավարությունը հերթական հարվածը կհասցնի ոլորտին: Խոշոր գործարարներին ստվերից դուրս բերելու համար բազմաթիվ ձևեր կան, և որևէ անհրաժեշտություն չկա հարվածի տակ դնել փոքր և միջին բիզնեսին, մանավանդ որ այդ նույն խոշորի տեղը շատ լավ գիտեն, ավելին՝ նրանցից որոշներին որևէ ոլորտում գործելու տարիների մենաշնորհ է տրված կամ տրվում: Զարմանալիորեն երկրում խթանվում է օլիգարխիկ, այլ ոչ թե փոքր ու միջին բիզնեսի վրա խարսխված տնտեսությունը: 
Բազմիցս ենք նշել, որ մեր երկրում հրամայական խնդիր է ստվերային տնտեսությունների ծավալների կրճատումը, և որևէ մեկը դեմ չէ, որ դա տեղի ունենա ինչքան հնարավոր է շուտ, սակայն ոչ փոքր ու միջին տնտեսվարողների գործունեության պայմանների վատթարացման հաշվին: Անընդունելի ու վտանգավոր է խոշոր բիզնեսին վերահսկելու համար մանր բիզնեսին այսպիսի ծանր բեռի տակ դնելով խեղդել: Փոքր ու միջին ձեռներեցներին հնարավորինս պետք է ձերբազատենք լրացուցիչ թղթավարությունից, լրացուցիչ ծախսերից, որոնք նրանց գոյատևելու հնարավորություն չեն տա: Հերթական անգամ մենք հազարավոր աշխատատեղեր ենք կորցնելու: 
Նման սոցիալ-տնտեսական ծանր իրավիճակում, նման արտագաղթի պայմաններում քիչ չէ՝ ոչ միայն աշխատատեղ չի ստեղծվում, այլև աշխատող մարդը հայտնվում է պարզապես անելանելի ծանր պայմաններում, և հետո զարմանում ենք, թե ինչու է Հայաստանից հեռանում և աշխատողը, և չաշխատողը:
Ով չգիտի, որ խոշոր բիզնեսի ներկայացուցիչները շատ հաճախ հրաժարվում են մատակարարված ապրանքի դիմաց փաստաթղթեր տալ, իսկ փոքրը խոշորին հարկադրելու որևէ միջոց և լծակ չունի: Արդյունքում կամ ապրանք չեն ստանա, կամ կընկնեն հարկային մարմինների տուգանքների տակ: Երկու դեպքում էլ կկանգնեն բիզնեսը կորցնելու վտանգի առաջ, իսկ բիզնեսը կորցնելուց հետո ինչո՞վ զբաղվեն այդ մարդիկ, երբ պետությունը ոչ մի հնարավորություն չի տալիս: Առանց այդ էլ վերջին տարիներին փակվել է շուրջ ինը հազար փոքր ու միջին բիզնես, իսկ այս օրենքով հերթական հարվածը կհասցվի ոլորտին:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել