Պետք չէ ստատուսի տակ նորից երկկողմանի նետահարումներ սկսել, ինձ թվում է՝ ամեն ինչ բավական հասկանալի եմ ասել: Ուղղակի պետք է սթափ մտածելակերպ, որ երկուստեք կարողանանք հաղթահարել այս ամոթալի վիճակը։
-----------------------------
Արդեն քանի օր է՝ հայությունը բաժանվել է հայաստանցիների ու արցախցիների: Մեկը մյուսին չի զիջում, մրցույթ է կարծես, թե որ կողմն ավելի սուր որակումներով, մեղադրանքներով հանդես կգա: Եվ ոչ ոք չի խորանում, թե ինչու այդպես ստացվեց: Ոչ ոք չի վերլուծում, թե արցախցիներն ինչու չեն ընդունում հայաստանցիներին, և հայաստանցիներն ինչու չեն ընդունում արցախցիներին: Այո, հենց այդպես, չեն ընդունում: Դա իր խորը պատճառն ունի և այսօր չի ձևավորվել: Ու այդ խորը պատճառները հարթելու փոխարեն այսօր յուրաքանչյուրս իր թույնի մի կաթիլն է ավելացնում դրան:
Պատերազմի տարիներին արցախցին իր աչքով տեսավ, թե ինչպես Արցախ գնացած հայաստանցիների մի մասն Արցախից, հետ վերցրած հողերից եղած-չեղածը թալանեցին, կրեցին-բերեցին, լցրեցին իրենց տները, մեծահարուստներ դարձան, ունևորներ դարձան, միլիոնատերեր դարձան, այսօր էլ իրենց կամքն են թելադրում: Որոշ հայաստանցիների լկտի պահվածքի մասին Արցախում էլ չեմ խոսում: Արցախցիները ժամերով կարող են անվանական այդպիսի օրինակներ պատմել: Ժողովուրդն անուն առ անուն գիտի, ճանաչում է նրանց: Ահա թե երբ է վիրավորվել արցախցին։ Մեղադրու՞մ եք արցախցուն: Ես չեմ մեղադրում:
Հայաստանցիներն էլ իրենց հերթին տեղին վիրավորվում են արցախցիներից, քանի որ Հայաստանի երիտասարդության սերուցքը պատերազմում իր կյանքը տվեց Արցախի համար, տան միամորիկ որդին չվերադարձավ, մարդիկ անմռունչ կռիվ տվեցին ու հաղթեցին: Պատերազմից հայաստանցին վերադարձավ խեղված հոգով, կիսամարդ դարձած, ընտանիքի հոգսն արդեն հիվանդ ուսերին։ Իսկ այսօր արցախցին կանգնել, չի վստահում հայաստանցուն, վիրավորում է նրան՝ ասելով, թե դուք ոչինչ չեք արել, մենք ենք ազատել Արցախը։ Մեղադրու՞մ եք հայաստանցուն: Ես չեմ մեղադրում:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել