Վատ սովորություն N 1. Քնաթաթախ զարթուցիչն անջատելը 

Լուծումը՝ հավելված «Մաթեմատիկական զարթուցիչ» (Math Alarm)

Այս հավելվածը ներբեռնելուց հետո զարթուցիչին «սսկացնելու» միակ ձևը պարզ մաթեմատիկական խնդիր լուծելը կլինի։ Այդ թեկուզև աննշան մտավոր աշխատանքը կզգաստացնի Ձեզ, ինչից հետո ավելի հեշտ կլինի անկողնուց վեր կենալ։ Նմանատիպ հավելված գոյություն ունի նաև «Android»-ի համար։

Վատ սովորություն N 2. Չափից շատ փնթփնթալը 

Եթե Դուք այնքան եք փնթփնթում, որ մարդիկ արդեն փախչում են Ձեզնից, ինչպես ժանտախտից, ապա այս հավելվածը հենց Ձեզ համար է։ 

Լուծումը՝ երախտագիտության օրագիր «Ուրախ ստեղներ»-ից (Gratitude Journal from Happy Tapper)

Այս հավելվածը թույլ է տալիս ամեն օր առանձնացնել 5 բան, որոնց համար Դուք շնորհակալ եք։ Այն հնարավորություն է տալիս հիշել Ձեր կյանքի լուսավոր կողմերը, ինչն էլ իր հերթին կասեցնում է Ձեր փնթփնթոցը։

Վատ սովորություն N 3. Հարբած ժամանակ հաղորդագրություններ գրելը կամ զանգահարելը

Եթե հարբած ժամանակ ափռ-ցփռ sms-ներ եք գրում կամ զանգահարում ու ավելորդություններ դուրս տալիս, իսկ հետո չեք կարողանում տակից դուրս գալ, ուրեմն Դուք անպայման պետք է ներբեռնեք ստորև ներկայացվող հավելվածը։

Լուծումը՝ Հավելված «Վերջ հարբած հաղորդագրություններին» (Stop Drunk Texting)

 

Այս հավելվածը հասանելի է թե՛ iOS-ի, թե՛ Android-ի համար։ Այն հնարավորություն է տալիս արգելափակել որոշ համարներ, սակայն արգելափակումը միակողմանի է, այսինքն՝ Դուք չեք կարող կապ հաստատել նրանց հետ հեռախոսի միջոցով, սակայն նրանք կարող են կապ հաստատել Ձեզ հետ։ Մի լավ հարբելուց առաջ պետք է ընտրել այն համարները, որոնք ցանկանում եք արգելափակել։ Այդ դեպքում Դուք մի քանի ժամ չեք կարողանա հաղորդագրություն ուղարկել նրանց կամ զանգահարել նրանց։ 

Վատ սովորություն N 4. Չափից արագ ուտելը 

Չափից ավելի արագ ուտելը կարող է հանգեցնել նյութափոխանակության խանգարումների, ավելորդ քաշի և մի շարք այլ խնդիրների։ 

Լուծումը՝ «Դանդաղ կեր» (Eat Slower) հավելված

Այս հավելվածը հատուկ ժամանակաչափ ունի, որը սահմանում է, թե քանի րոպեն մեկ ուտելիքը պետք է մտնի Ձեր բերան։ Հենց որ սահմանված ժամանակը լրանում է, հեռախոսը ծնգում է։ Եթե Դուք կուլ եք տվել պատառը նախքան ծնգոցը, ուրեմն արագ եք ուտում։ Դուք ինքներդ եք լարում հավելվածը և որոշում, թե քանի րոպեն կամ քանի վայրկյանը մեկ հեռախոսը պետք է ծնգա։ 

Վատ սովորություն N 5. Իրերը կորցնելը

Շարունակ կորցնո՞ւմ եք բանալիները, հոգ չէ։ «Chipolo»-ն Ձեր փոխարեն ամեն ինչ կհիշի։

Լուծումը՝ «Chipolo»  

«Chipolo»-ն կախօղակ է, որից կարող եք ամրացնել Ձեր բանալիները կամ այլ առարկաներ, որոնք հաճախ եք կորցնում։ Համանուն հավելվածը «Blutooth»-ի միջոցով կօգնի գտնել կորած առարկաները։ 

Վատ սովորություն N 6. Եղունգ կրծելը

Դուք այնքան եք կրծոտում Ձեր եղունգները, որ անհարմա՞ր եք զգում ձեռքերը գրպանից հանել կամ դուրս գալ առանց ձեռնոցների՞։ Լավ չէ, բայց սրա լուծումն էլ կա։ 

Լուծումը՝ «Դադարիր կրծել» հավելված (StopBite)

«iPhone»-ի համար նախատեսված այս հավելվածը թույլ է տալիս ազատվել եղունգները կրծելու բացասական սովորությունից։ Այն ֆիքսում է եղունգների երկարությունը և մոտիվացիոն խորհուրդներ է տալիս Ձեզ։ 

Վատ սովորություն N 7. Տեղի-անտեղի հայհոյելը

Եթե Ձեր բերանը վերածվել է զուգարանի, պետք է անհապաղ միջոցներ ձեռնարկել։ 

Լուծումը՝ «Դադարիր հայհոյել» հավելված (Stop Swearing)

Պատահական ժամերին հեռախոսի էկրանին երևում են հիշեցումներ, որ չպետք է հայհոյեք և դրական մանտրաներ, որոնք կօգնեն տիրապետել Ձեր լեզվին։ 

Վատ սովորություն N 8. Նստակյացություն

Երբեմն նստակյացությունը ոչ թե մեր ընտրությունն է, այլ մի իրավիճակ, որում մենք հայտնվում ենք պարտադրաբար։ 

Լուծումը՝ հավելված «Վարժություններ ու ձգումներ գրասենյակում» (Office Exercise & Stretch)

Այս հավելվածը ոչ միայն «հորդորում» է Ձեզ վեր կենալ և ֆիզիկական ակտիվություն ծավալել, այլև առաջարկում է վարժությունների այնպիսի տեսակներ, որոնք անաղմուկ կերպով կարելի է կատարել հենց աշխատավայրում։ 

Վատ սովորություն N 9. Ծխելը 

Ինչո՞ւ պետք է գումար վատնեք մոխրամանի պես «անուշ բուրելու» կամ քաղցկեղից մեռնելու համար։

Լուծումը՝ «Kwit» հավելված

Ծխելը թողնելու դժվար գործընթացն այս հավելվածի շնորհիվ կվերածվի խաղի։ Այն կարձանագրի Ձեր առաջընթացը։ Այս խաղում տարբեր մակարդակներ կան։ Որքան ավելի քիչ ծխեք, այնքան ավելի շատ փուլեր կհաղթահարեք։ Երբ իսպառ դադարեք ծխել, կհաղթեք խաղում։ 

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել