Արդեն մի քանի օր է, ինչ Թալիշական խանության մասին ադրբեջանական ընդդիմության առաջնորդներից պատմաբան Ջամիլ Հասանլիի ֆեյսբուքյան գրառումը լայն բանավեճի առիթ է դարձել վերջինիս և իշխանամետ պատմաբանների միջև: Սակայն պարադոքսալն այն է, որ երկու կողմերն էլ, միմյանց մեղադրելով պատմության խեղաթյուրման մեջ, օգտվում են միևնույն կեղծ «գիտելիքային» հենքից:

Մասնավորապես, թե ընդդիմադիրները և թե իշխանամետները լայնորեն կիրառում են «Հյուսիսային Ադրբեջան», «ադրբեջանական խանություններ» կեղծ հասկացությունները՝ բնորոշելու համար Արաքս գետից հյուսիս ընկած տարածքներն ու այդտեղ ձևավորված և Իրանական կայսրության մաս կազմած խանություններն Այսրկովկասի՝ Ռուսաստանի կողմից նվաճման ժամանակահատվածի համար, իսկ թալիշների որոշ մասի «ծափահարություններին արժանացած» Ջ. Հասանլին այդպես էլ չի համարձակվում ներկայում Ադրբեջանական Հանրապետության կազմում գտնվող թալիշաբնակ շրջանները կոչել առնվազն նեյտրալ Թալիշ աշխարհագրական անվանումով՝ բավարարվելով միայն թալիշաբնակ վարչական շրջանների երկարաշունչ թվարկմամբ:

«Հյուսիսային Ադրբեջան» հակագիտական եզրի առաջացման պատմությունը քիչ թե շատ հայտնի է, սակայն թե ինչու՞ են Իրանի մաս կազմած խանություններն «ադրբեջանական», այդպես էլ անհայտ է մնում: Դատելով հենց նշված բանավեճի մեջ ներքաշված ադրբեջանցի գիտնականների «փաստարկներից»՝ «ադրբեջանական» համարվելու միակ և «հիմնավոր» պատճառն այդ խանությունների մի մասում (օրինակ՝ Երևանի և Գանձակի) Ղաջարներից սերող թյուրքական ծագման խանական տոհմերի իշխելու հանգամանքն է:

«Էվրիկա՜», այդ դեպքում, ինչպես ռուսական դարձվածն է հռչակում, «зачем вообще мелочиться». հանգիստ կարելի է «ադրբեջանական» հռչակել ուղղակի ամբողջ Իրանը, չէ՞ որ հենց այդ շրջանում Իրանի արքայական գահին բազմել էր նույն Ղաջարների շահական տոհմը...

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել