Երկիրը. ԱՄՆ

Թողարկման տարին. 2014

Տևողությունը. 141 րոպե

Ռեժիսոր. Դեվիդ Դոպկին

Դերերում. Ռոբերտ Դաունի կրտսեր, Ռոբերտ Դյուվալ, Լեյթոն Միստեր, Բիլլի Բոբ Թորնտոն, Վերա Ֆարմիգա, Վինսենթ Դ՛Օնօֆրիո, Դեքս Շեփարդ, Սարա Լանքաթեր, Մելիսսա Լեո, Դեվիդ Կրամհոլց

Սյուժեն. Դեվիդ Դոպկինի նոր ֆիլմը պատմում է հաջողակ փաստաբան Հենք Փալմերի (Ռոբերտ Դաունի կրտ.) մասին, ով ակտիվ գործունեություն է ծավալում՝ պաշտպանելով օրինախախտություններ թույլ տված անազնիվ մարդկանց և դա անում է մեծ հաջողությամբ, քանի որ նա խարիզմատիկ է, բարձր պրոֆեսիոնալ ու ասես իսպառ զուրկ է իր գործին վերաբերող ցանկացած հարց բարոյականության պրիզմայով դիտարկելուն։

Սակայն նրա կյանքում ամեն ինչ այդքան հարթ ու անամպ չէ։ Ամուսնալուծության հեռանկար, երեխայի խնամակալության խնդիր, ու այս ամենին էլ գալիս է լրացնելու մոր մահվան մասին լուրը, ու Հենքը ստիպված է մեկնել այն փոքրիկ քաղաքը, որտեղից ինքը ժամանակին «փախել էր» դեպի մեծ աշխարհ ու նոր հնարավորություններ՝ հետևում թողնելով իր ընտանիքը, բարդ միջանձնային հարաբերություններն ավագ եղբոր ու խիստ հոր հետ։ Եվ ահա, այս հոգեկան մթնոլորտում նա ժամանում է մոր հուղարկավորությանը և րոպեներ է հաշվում, թե երբ պետք է վերադառնա ու երբ նա արդեն պատրաստվում է անել դա, իրադարձությունները սկսում են զարգանալ անսպասելի ուղղությամբ...

Հենքի հորը, ով երկար տարիներ իրենց քաղաքի դատավորն էր ու արդարադատության կենդանի մարմնավորումը, անսպասելիորեն մեղադրում են դիտավորյալ սպանության մեջ։ Հենքը, ով շատ վատ հարաբերություններ ունի հոր հետ, վստահ է, սակայն, որ նա անմեղ է ու հանձն է առնում պաշտպանել տարեց դատավորին ու կենաց-մահու պայքարի մեջ է մտնում իր մասնագիտական անտիպոդի՝ Բիլլի Բոբ Թորոնթոնի կողմից մարմնավորած դատախազի հետ։

Ֆիլմի մեխը, սակայն, բուն դատական պրոցեսն ու իրավաբանական խորամանկությունները չեն։ Այս ֆիլմում հիանալիորեն վեր է հանվում հայրերի ու որդիների հավերժական կոնֆլիկտի հիմնահարցը, ինչպես նաև գավառական քաղաքներից մեծ աշխարհում հաջողությամբ հաստատված մարդկանց հոգու քողարկված անկյունները։

Կհաջողվի՞ արդյոք Հենքին պարզել իրականությունը, հասնել իր զառամյալ հոր արդարացմանը, հարաբերությունները կարգավորել ընտանիքի անդամների ու ինքն իր հետ... Այս ամենը կիմանաք՝ դիտելով կինեմատոգրաֆի պատմության ամենահաջող քրեական դրամաներից մեկը, որի դինամիկ ու հետաքրքրաշարժ սյուժեն և անսպասելի եզրահանգումը երկար կտպավորվեն ձեր հիշողությունում։

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել