Այս օրինաչափությունը վաղուց էր նկատվում համացանցում շփումների ժամանակ և ավելի ակնհայտ դարձավ Գյումրիում տեղի ունեցած ոճրագործությունից հետո: Համացանցի ռուսալեզու հատվածում միանգամից առաջացան ազգայնամոլական ծայրահեղական բնույթի խմբեր և գրառումներ, որոնք ձեռք բերեցին բազմաթիվ հետևորդներ: Նման բնույթի խմբեր կամ գրառումներ համացանցի հայկական հատվածում եզակի էին և չունեցան մեծ քանակությամբ հետևորդներ, ինչի պատճառով մի քանի օրվա ընթացքում, ըստ էության, դուրս եկան հանրության ուշադրության շրջանակներից:

Եթե ինտերնետի հայկական հատվածում քննարկվում էր ոճրագործին Հայաստանին հանձնելու, Հայաստանում և մեր երկրի օրենքներով դատելու հարցը (առանց մեծ ուշադրություն դարձնելու հանցագործության պատճառներին), ապա համացանցի ռուսական հատվածը տառապում էր ոճրագործի արարքը տարբեր՝ զգացմունքային, ծառայողական, ընտանեկան դրդապատճառներով բացատրելու և «արդարացնելու» հարցով: Նման ոչ ադեկվատ վարք հայկական կողմը չի դրսևորել:

Այս միտումը ռուսական համացանցում չդադարեց նաև այն բանից հետո, երբ հայտնի լրագրողներ, հեռուստահաղորդավարներ և վերլուծաբաններ անդրադարձան հարցին՝ նաև փորձելով ձևավորել իրերի ադեկվատ ընկալում: Մինչդեռ հայկական կողմը շատ արագ սթափվեց և ձևակերպեց իր ռացիոնալ դիրքորոշումը և պահանջը:

Սա բավականին ոգևորող և խոստումնալից երևույթ է հայկական համացանում, որը կարող է հետագայում կառուցվածքաստեղծ լուրջ էֆեկտ ունենալ:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել