Փոքր և միջին բիզնեսի զարգացումը ցանկացած երկրի տնտեսական զարգացման հիմնական գործոնն է, ինչը վաղուց արդեն հաստատվել է համաշխարհային փորձով: 
Այստեղ հարց է առաջանում: Իսկ ինչու՞ են Հայաստանում փորձում արնաքամ անել ՓՄՁ ունեցողներին, ի՞նչ է նշանակում վերացնել ստվերային տնտեսությունը: Բայց մյուս կողմից տանջամահ անել փոքր և միջին բիզնեսը, այսինքն՝ այստեղ կարելի է հիշել հարսի միջոցով փեսային լավություն անելու ասացվածքը: Հարյուրավոր ՓՄՁ-ների ներկայացուցիչներ դուրս են եկել փողոց, բացատրում, պահանջում են չեղյալ համարել: Այն, որ սա իրոք ժողովրդի շահերից չի բխում, փաստ է և այն, որ ներկայիս սոցիալ-տնտեսական ծանր վիճակին կդառնա պատուհաս առևտրով զբաղվողների գլխին` անհերքելի է: Մի՞թե սա այն նոր օրենքն է, որը պետք է զարգացնի տնտեսությունը և բարելավի աշխատավորների վիճակը: Մի՞թե ստվերային տնտեսությունն այնպես է թաքնվել ստվերում, որ հնարավոր չէ գտնել, ի՞նչ է, գրասենյակներում տեղյակ չե՞ն այդ ստվերային տնտեսությամբ զբաղվողների մասին: Այստեղ ժողովրդական մի ասացվածք էլ կարելի է ասել՝ «Խնձորը միջից է փտում» և ի վերջո, դժվար չէ մութ սենյակում սև կատու փնտրելուց առաջ լույսը միացնել... 
Նշեմ նաև, որ օրենքի համաձայն՝ տոնավաճառների աշխատողներն իրենց ապրանքաշրջանառության վերաբերյալ փաստաթղթեր պետք է ներկայացնեն հարկային մարմնին, բայց 3.5 տոկոս հարկի փոխարեն՝ ամսական պետք է վճարեն 1 տոկոս հարկ: Նոր փոփոխությամբ՝ առաջին անգամ փաստաթուղթ չներկայացնելու դեպքում ձեռնարկությունը նախազգուշացում է ստանում, երկրորդ անգամ տուգանվում 20 հազար դրամի չափով, երրորդ անգամ շրջանառության հարկի 5 տոկոսի չափով: Կառավարությունը նոր օրենքը հիմնավորում է խոշոր բիզնեսը հարկային դաշտ բերելու անհրաժեշտությամբ։ ՓՄՁ-ների ներկայացուցիչները դեռևս անցյալ տարվանից կրկնում են, որ իրենք ավելի լավ է 3.5 տոկոս հարկ վճարեն, քան կատարեն նախատեսվող փաստաթղթավորումը: Նրանք նշում են, որ չեն կարող այդքան շատ թղթաբանությամբ զբաղվել, բացի այդ՝ շատ հաճախ խոշոր բիզնեսի ներկայացուցիչներն իրենց փաստաթուղթ չեն տալիս:
Այսպիսով, եթե իշխանությունը մտածում է, որ ձգձգելով, մարդկանց նյարդայնացնելով՝ ժամանակ կշահի կամ կբթացնի ցուցարարներին, ապա պետք է հաշվի առնել այն, որ սոցիալական բողոքը կարող է վերածվել քաղաքականի, իսկ դա իշխանության համար կարող է լինել ճակատագրական:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել