Tert.am-ը գրում է․

ԱԺ պատգամավոր Շուշան Պետրոսյանը, Tert.am-ի հետ զրույցում անդրադառնալով հայոց բանակին, ասում է, որ մեր բանակը մեր աչքի առաջ կանգնեց ոտքի, կայացավ, անկախության այս ամբողջ տարիների մեջ ամենակայացած ինստիտուտն է պաշտպանության նախարարությունը։ Նա նաև նշում է, որ լինելով սարսափելի վատ վիճակում՝ շրջապատված թշնամիներով, մնում ենք, կանք, ուժեղ ենք, տոկուն ենք:

-Մեր բանակը 23 տարեկան է, ի՞նչ է այն  Ձեզ համար՝  իր սիրելի ու գուցե ոչ այնքան սիրելի կողմերով:

-Սա այն հարցերից է, որոնց երբեք օբյեկտիվ պատասխանել չեմ կարող: Ես այս հարցում նույնքան սուբյեկտիվ եմ, որքան  իմ տղային, իմ ընկերոջը, իմ սիրած մարդուն բնութագրելիս կլինեի: Մենք մարդ ենք, մարդը սխալական է, և լավ ու վատ տեսնելն այս պահին գնում է երկրորդ պլան, մնում է սերը: Էլ չեմ ասում, որ բանակը մեր աչքի առաջ կանգնեց ոտքի, կայացավ, անկախության այս ամբողջ տարիների մեջ ամենակայացած ինստիտուտն է պաշտպանության նախարարությունը և հայոց բանակը:

- Մի քանի դար չունենալով պետականություն՝ շատ զգայուն ենք եղել բոլոր այն ատրիբուտների նկատմամբ, որոնք ինչ-որ կերպ հիշեցրել են մեր պետականությունը, և հենց բանակն էլ, կազմավորվելով  արցախյան պատերազմում կռված տղաներով ու խորհրդային բանակում ծառայած կադրային զինվորականներով,  դարձավ բանակ: Այդ կտրվածքով ո՞րն է բանակի դերը հայոց պատմության մեջ:

-Հայն Աստծո ամենասիրելի զավակն է, հոտի ամենասիրելի գառը ... միշտ ասում են, որ ամենաշատ փորձությունը տրվում է հենց ամենասիրելիին: Ասելիքս այն է, որ դժվար է ապրել այս գեոպոլիտիկայի պայմաններում, դժվար է ապրել նման «նախանձելի» հարևանների առկայությամբ, հենց այդ փաստից ելնելով, իսկապես, շատ կարևոր էր այդ բանակը: Հրաշալի է, որ այն օպերայի հրապարակ դուրս եկավ մեր պապերից սովորած երգերով, և մենք չէինք գիտակցում, որ հրապարակում մեր կողքին կանգնած էին այդ երիտասարդները, լավ ուսում ստացած կամ դեռ ստացող, մտավորականի այդ տեսակը դարձավ բանակի հիմքը: Մարդիկ, ովքեր գնացին գաղափարի համար կռվելու, հետո՝ երկրի համար կռվելու, անկախության համար կռվելու, մարդիկ, ովքեր գնացին ինտելեկտուալ հնարքներ օգտագործելու, ուղղակի հայեր գնացին, այդ ամենին միախառնվեց զանգվածը՝ ստեղծելով կանոնավոր բանակ, որը համեմվեց ուսումով, նորմալ սպառազինությամբ և այլն: Եվ փա՛ռք Աստծո:  Այսինքն, բանակը կա և մենք այսօր լինելով այստեղ, Արարատի փեշին, շրջապատված այս հարևաններով, պարտավոր ենք պարզապես զգոն լինել մեր ծննդյան առաջին օրվանից և մեր զավակներին կյանք տալու առաջին օրվանից: Ես կարծում եմ, որ կանայք շատ մեծ դեր ունեն այս ամեն ինչի մեջ:

-Ձեզ չի՞ թվում, որ մենք երբեմն վերադառնում ենք 20-ականների իրավիճակին, երբ աշխարհում ամեն ինչ խառնվել է և նորից  քարտեզներ են փորձում վերագծվել, և այդ պահերին միշտ փոքր ժողովուրդները տուժում են, վնասներ են կրում:

-Ինչը, որ ասացի, այս ամենի մեջ ամբողջ արժեքն այն է, որ համեմատելով հզոր Արևելքի այս վերջին ողբերգությունները՝ Եգիպտոս, Բեյրութ, Իրաք, Սիրիա, այս ամենի ֆոնին, մենք, փա՛ռք Տիրոջը, լինելով սարսափելի վատ վիճակում՝  շրջապատված թշնամիներով, մնում ենք, կանք, ուժեղ ենք, տոկուն ենք: Եվ  չնայած բոլոր պրոբլեմներին, երկրում առկա բոլոր խնդիրներին, գաղափարական բախումներին, մենք կանք: Կան պահեր, երբ բոլորս դառնում ենք մի մարդ: Օգոստոսյան դեպքերից հետո, ինչպես իմ սիրելի Ռուբեն Հովսեփյանն էր ասել՝  տեսանք՝ ինչպես մի վայրկյանում երկիրը դարձավ հայրենիք: Սա գուցե մեր ազգի ֆենոմենն է, որ մի ակնթարթում դառնում ենք հայրենիք, և իսլամական պետություններում, այդ խմբավորումներում ունենք մեկ թշնամի, մեկ սահման:

-Չե՞ք կարծում, որ մինիմալիզացնում եք՝ մեկ թշնամի, մեկ սահման ասելով, իրականում մեկ սահման և երկու և ավելի թշնամիներ։

-Հիմա կհասնենք ամենամեծ թշնամուն, որը ներքին թշնամին է: Դա շատ ավելի վտանգավոր է, որովհետև չգիտես, թե քո կողքին կանգնած հայալեզուն ինչքանո՞վ է իր հոգին ծախել սատանային և պատրաստ է որևէ գրանտ ուտելուց հետո ձեռքի շատ թեթև շարժումով  ուղղակի ծախել իր երկիրը, պետականությունը ուղղակի դավաճանել: Սրանք դավաճանության ամենադասական կերպարներն են  և օրինակները...

-Նկատի ունեք Գյումրիի՞ դեպքերը, երբ հասարակական պոռթկման ժամանակ որոշ կոչեր հնչեցին…

-Գիտեք՝ հազար մարդ՝ հազար կարծիք կա, ես այն մարդկանցից եմ, որ լսում եմ: Լսում եմ, և, այնուամենայնիվ, ինձ համար կարևոր են բոլոր պրոֆեսիոնալների կարծիքները, բայց լսել պետք է, որովհետև մարդիկ մեկ-մեկ ճշմարտությունն են ասում՝ առանց գիտակցելու իրենց խոսքի ուժը և, իսկապես, ակունքը: Գիտեք … հայը միշտ զգացել է: Այսինքն՝ նույնիսկ պետականություն չունենալով՝ մենք մնացինք, կանք, Արարատը վկա՝ մենք ապրում ենք և նույն տեղում ենք: Եվ հենց դարասկզբի օրինակը բերելով ասեմ, որ իսկապես մեր խնդիրը մեր ներքին թշնամին է: Եվ ավելի սարսափելի բան, քան մեր ներքին թշնամին է, չկա: Իսկ որ կա այդ թշնամին, կա այդ տեսակը, ցավոք, այսինքն՝ հայ, որ պատրաստ է երկու կոպեկի համար ծախել թե՛ գաղափարը, թե՛ երկիրը, թե՛ անկախությունը և թե՛ բանակը, դա կա:

-Քանի որ մեղադրանքները լուրջ են, նախ, հստակեցնենք, թե ինչ նկատի ունեք, արդյո՞ք Գյումրիի ռազմաբազայի վերաբերյալ կոչերը:

-Ոչ միայն, բայց նաև դա: Կարծում եմ՝ պետք է միշտ զգոն լինել, ռուսերեն մի լավ բառ կա՝ прислушаться … Իսկ ինչ կլինի, որ մի քիչ ավելի մեծ վրձնահարվածով նայենք  խնդիրներին: Չի կարելի այդպես այսրոպեական, էմոցիոնալ պոռթկումներով, մենք սխալվելու իրավունք չունենք: Ստեղծված իրավիճակը այնպիսի է, տարածքը, ուր ապրում ենք, այնպիսին է, հարևանի մեր տեսակը այնպիսին է, որ մենք առնվազն մի քիչ զգոն պետք է լինենք: Այս րոպեին պատռել, ոչնչացնել … ինձ համար ամենամեծ ողբերգությունն այն է, երբ հայ զինվոր է զոհվում, բայց ինձ համար առավել մեծ ողբերգություն է, երբ հայի ձեռքով հայ է վիրավորվում: Մենք մոռանո՞ւմ ենք, որ այդ ոստիկանները հայ են, հայ էին, չէ՞… ո՞նց կարելի է այդպես… Ի  վերջո, ոստիկանն ի՞նչ պետք է անի, պետք է պահպանի  կարգը: Ու միշտ օրենքի աշխատողի հետ այս խնդիրը ունենք: Ու գերխնդիրը դա էր, ամեն ինչ արվում էր, որ հայը հայի վրա ձեռք բարձրացնի, որ թուլանա մեր ներքին վիճակը, և սահմանները սկսեն գրոհել: Այսինքն՝ այնքան պարզ է. ամեն ինչ արվում է, որպեսզի Երևանում խաթարվի կայուն վիճակը, Հայաստանում, որ մարդիկ իրար դեմ դուրս գան և այդպես ավելի հեշտ կլինի սահմանը հատել, վերադարձնել այն, ինչ ազատագրվել է: 

Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել