Tert.am-ը գրում է․

Ես մաղթում եմ, որ մեր բանակն այնպիսի մարտական պատրաստականություն ունենա, որ չներքաշվի պատերազմի մեջ. Հայկական բանակի կազմավորման 23-րդ տարեդարձի կապակցությամբ «Արմենպրես»-ի հետ զրույցում ասել է քաղաքական գործիչ, մաթեմատիկոս, ֆիզիկամաթեմատիկական գիտությունների թեկնածու, դոցենտ, ԱԺՄ կուսակցության հիմնադիր-նախագահ, ՀՀ պաշտպանության նախկին նախարար, Հանրային խորհրդի նախագահ Վազգեն Մանուկյանը։


-Պարոն Մանուկյան, այսօր մենք նշում ենք Հայոց բանակ կազմավորման 23-րդ տարեդարձը, սակայն բանակի կազմավորման գործընթացը փաստացի սկսվել էր 1992 թվականից ավելի շուտ:

-Եթե վերհիշենք ամենասկզբնական կետը, ապա Սումգայիթի դեպքերից հետո եղան մարդիկ, որոնք հայտարարեցին, որ Խորհրդային Միության բանակը  որոշ դեպքերում մեր պաշտպանը լինել չի կարող և պետք է ստեղծել մեր ինքնապաշտպանության ջոկատներն: Մյուս կողմից` սկսվեց զենքի արտադրությունը. ամենահեշտը ականանետի արտադրությունն էր և շատ մարդիկ զոհվեցին փորձարկումների ժամանակ: Որոշակի գումարներ «Ղարաբաղ» կոմիտեն ստանում էր ժողովրդից, որը ուղղվում էր Խորհրդային Միության տարածքում զենք գնելու համար: Այնուհետև ստեղծվեց Աֆղանական ջոկատը, որը կազմավորված էր Աֆղանստանում կռված երիտասարդներից, հետագայում կազմավորվում էին նաև այլ ջոկատներ, սակայն բանակի կազմավորման գործընթացը սկսվեց այն պահից, երբ 1990 թվականին մենք եկանք իշխանության:
Շատերը մոռանում են, որ այն ժամանակ չկար նախագահ, մենք պառլամենտական երկիր էինք. կար վարչապետ և Գերագույն Խորհրդի նախագահ, այսինքն` գործադիր իշխանությունը ամբողջությամբ կենտրոնացված էր վարչապետի ձեռքում: Առաջին հրամանս եղավ այն , որ Միլիցիայի հատուկ նշանակության ջոկատների (ՄՀՕՋ) շարքերը պետք է մտնեն բոլոր ստեղծված կամավորական ջոկատները: Մենք այն ժամանակ ապրում էինք դեռևս ԽՍՀՄ կազմում և բանակի ստեղծման մասին հայտարարելն ուղղակի անիմաստ և անհնարին մի բան էր, սակայն Ներքին գործերի նախարարությունն ուներ Ներքին զորքեր, որոնք, փաստորեն, զինված ներքին բանակ էին: Եվ ես հայտարարեցի, որ բոլոր այն ջոկատները, որոնք չեն ցանկանա մտնել կանոնավոր ծառայության մեջ, պետք է զինաթափվեն ու դա շատ կոշտ դիրքորոշում էր, ու առաջին ջոկատները մտան ՄՀՕՋ-ի կազմ:

Այն ժամանակ մենք դեռ չէինք կարող ստեղծել պաշտպանության նախարարություն և իմ հրամանով ստեղծվեց պաշտպանության կոմիտե (այն ժամանակ նախարարությունը և կոմիտեն նույն կարգավիճակը ունեին): Ես առաջարկեցի Վազգեն Սարգսյանին դառնալ այդ կոմիտեի նախագահ, քանի որ «Ղարաբաղ» կոմիտեում ես ղեկավարում էի ոչ միայն որպես խորհրդի ղեկավար, այլ ունեի շատ պարտականություններ, այդ թվում` ռազմական գործերն իմ ուսերին էին դրված, և արդեն ես չէի հասցնում այդ ջոկատների հարցով զբաղվել և պետք էր մեկին հանձնարարել այդ պարտականությունները: Կար երկու թեկնածու` մեկ արդեն նշեցի` Վազգեն Սարգսյանն էր, ով աչքի ընկավ Երասխավանի դեպքերից հետո,  մյուսն`  Աֆղանական ջոկատի հրամանատար Սմբատ Հակոբյանն էր: Որոշակի քննարկումներից հետո մենք կանգ առանք Վազգենի թեկնածության վրա, քանի որ նա առաջին հերթին իմ կողմից ընկալվում էր որպես մարդ, ով հետագայում պատասխանատվություն էր կրելու ռազմական գործողությունների կազմակերպման համար: Բայց նա հրաժարվեց իմ առաջարկից` պատճառաբանելով, որ ինքն այն ժամանակ ՀՀ Գերագույն խորհրդում պաշտպանության հանձնաժողովի նախագահն էր, որը խորհրդային իշխանության կողմից ընդունվող կարգավիճակ էր, իսկ իմ ստեղծած պաշտպանության կոմիտեն լեգիտիմ չէր, այսինքն` եթե մեկին Մոսկվայում ասեիր, որ ես պաշտպանության կոմիտեի նախագահն եմ, կարող էին քեզ լուրջ չընդունել, և ես համաձայնվեցի նրա բերված փաստարկների հետ ու որոշեցի այդ պաշտոնում նշանակել Վահան Շիրխանյանին: Որոշ ժամանակ անց պաշտպանության կոմիտե եկան կադրային զինվորականներ և ստացվեց այնպես, որ սա հիմքն էր հետագայում մեր բանակը ստեղծելու համար:
Հաջորդ քայլը այն էր, որ Լևոն Տեր-Պետրոսյանի նախագահ ընտրվելուց հետո կազմեց կառավարություն և արդեն ստեղծվեց լեգիտիմ պաշտպանության նախարարություն, որի առաջին նախարարը դարձավ Վազգեն Սարգսյանը: Իհարկե, այն ժամանակ դեռևս հայկական և ղարաբաղյան ջոկատներն էին կռվում Արցախյան ռազմաճակատում, որովհետև դեռ չկար կանոնավոր բանակ, և պետք է նշեմ, որ Շուշիի գրավումը լիովին ղարաբաղցիների  նախաձեռնություն էր, չնայած որ բոլորս էլ կողմնակից էինք դրան: Եվ ես համարում եմ դա փայլուն հաղթանակ` հատկապես այն պատճառով, որ այն ձեռք է բերվել հենց կամավորների շնորհիվ: Շուշիին հաջորդեց Լաչինի գրավումը, որով Արցախը կապվեց Հայաստանի հետ:


Կարճատև դադարից հետո, հատկապես երբ հունիսին Ռուսաստանն Ադրբեջանին հանձնեց մեծ քանակությամբ զինամթերք, հակառակորդին հաջողվեց գրավել բավական մեծ տարածքներ և արդեն աշնանը լուրջ վտանգ էր առաջացել կորցնելու  ստրատեգիական մեծ նշանակություն ունեցող Լաչինը:

-Որոշ դադարից հետո Ադրբեջանը ձեռնարկեց լայնածավալ հարձակում Շահումյանի շրջանի վրա, որի հետևանքով մենք կորցրեցինք այդ տարածքը, որին հաջորդեց մեծ պարտությունների շարքը: Այն ժամանակ ես արդեն վարչապետ չէի և դեռ պաշտպանության նախարար էլ չէի ու ես էլ էի ջոկատի հետ գտնվում Ղարաբաղում, և իրականում տեղեր կային, որ խուճապահար իրավիճակ էր ստեղծվել, և այդ ժամանակ էր, որ Վազգեն Սարգսյանը հայտարարել էր «Մահապարտների» ջոկատի ստեղծման մասին: Ընդհանրապես, մահապարտներով պատերազմ չեն հաղթում և դրա փայլուն օրինակն է Երկրորդ համաշխարհային պատերազմի ժամանակ զոհված ճապոնացի կամիկադզեները, և ինձ վրա մեծ տպավորություն էր թողել մի դրվագ, երբ կամիկադզեներն ինքնաթիռներով գալիս էին ամերիկյան ռազմանավը ոչնչացնելու, ամերիկացիները, նստած, իրենց համար սիգար էին ծխում, և միացրած էին զենիթային թնդանոթները ու ոչ մեկը չկարողացան նավին հասնել: Վերը նշվածն ապացուցում է մի պարզ ճշմարտություն, որ անձնազոհությամբ պատերազմ չես հաղթի: Բայց, հանուն  արդարության պետք է ասեմ, որ մահապարտների օգնությամբ հնարավոր եղավ մի կարճ ժամանակ ռազմաճակատը պահել:

-Այսինքն` լուրջ վտա՞նգ էր առաջացել կորցնելու Արցախը, քանի որ միայն կամավորական ջոկատների օգնությամբ պատերազմը տանուլ էինք տալու:

Ջոկատներով պատերազմելու ժամանակը անցել էր,  և Մահապարտների ջոկատը վերջին ճիգն էր ջոկատների միջոցով հարցը լուծելու համար: Արդեն այն ժամանակ բանակ ստեղծելու համար հրավիրվել էր գեներալ-լեյտենանտ Նորատ Տեր-Գրիգորյանցը, սակայն բանակ ստեղծելու հիմնական սկզբունքները դեռևս անորոշ էին: Այն ժամանակ Լևոն Տեր-Պետրոսյանը ինձ առաջարկեց դառնալ պաշտպանության հարցերը կոորդինացնող պետական նախարար, այն ժամանակ կար այդպիսի մի պաշտոն, և ես համաձայնվեցի:

Լաչինում մենք խնդիր ունեինք և Վազգենը փորձեց հավաքել կամավորական ջոկատները պաշտպանությունը կազմակերպելու համար, սակայն ոչ ոք չեկավ, որից հետո միասին փորձեցինք դա անել, սակայն, կրկին ապարդյուն, որից հետո ես ասացի Վազգենին, որ պետք է մի բան փոխել, քանի որ ջոկատները արդեն չեն ենթարկվում և առաջարկեցի, որ նրա փոխարեն պաշտպանության նախարար դառնա Նորատ Տեր-Գրիգորյանցը, սակայն նա դեմ արտահայտվեց այդ գաղափարին: Վազգեն Սարգսյանը դուրս եկավ պաշտոնից և Լևոն Տեր-Պետրոսյանի հետ խորհրդակցելուց հետո, երկուսն էլ պնդեցին, որ ես դառնամ պաշտպանության նախարարի պաշտոնակատար: Ես պաշտոնակատար էի, քանի որ ՀՀ Գերագույն խորհրդի պատգամավոր էի, և Լևոն Տեր-Պետրոսյանն այնպես ձևակերպեց, որ ես հետագայում, եթե դուրս գայի նախարարի պաշտոնից, պահպանեմ պատգամավորի մանդատը:

Պաշտպանության նախարարի պաշտոնն ստանձնելուց հետո խնդիր առաջացավ, թե ինչպես կառուցել բանակը: Մենք, փաստորեն, ունեցանք իրար հետ միասնական բանակի երեք հատված: Առաջինը` Ղարաբաղի հատվածն էր, որը կառուցված էր մոբիլիզացիոն սկզբունքի հիման վրա, այսինքն` բոլոր տղամարդիկ որոշակի տարիքից պարտավոր էին գնալ բանակ, իսկ Հայաստան փախչողներին ոստիկանությունը հետ էր ուղարկում Արցախ: Երկրորդը` Հայաստանի կամավորական ջոկատների հիման վրա ստեղծվեց պայմանագրային հատված. շատ շուտ հասկացվեց, որ այդ մարդիկ պատրաստ են անձնազոհաբար կռվել, բայց երբ այդ պայքարը տևում է ամիսներ, տարիներ և իրենց ընտանիքներն այդ ընթացքում ցուրտ և սոված պայմաններում են ապրում, մարդիկ կոտրվում են, չեն կարողանում պայքարել: Նշանակվում է` աշխատավարձ էր պետք, և կամավորներից ով ցանկանում էր, մտնում էր բրիգադների կազմի մեջ. դրվում էին պրոֆեսիոնալ բանակի հիմքերը: Արցախյան հերոսամարտի ողջ ծանրությունը իրենց վրա վերցրեցին վերը նշված երկու հատվածները: Եվ երրորդը` Նորատ Տեր-Գրիգորյանցը, ով առաջին և երկրորդ հատվածների հետ գրեթե գործ չուներ, իմ հանձնարարականով զինակոչիկների միջոցով պետք է ստեղծեր բանակ, այսինքն` պետք է լիներ զորակոչ, երեխաներին զինկոմիսարիատները պետք է հավաքագրեին:

Այդ ամենից հետո վեճեր առաջացան, թե ինչպիսի բանակ ստեղծել` ՆԱՏՕ-ի, թե ԽՍՀՄ տիպի բանակ: Ես և Նորատ Տեր-Գրիգորյանցը կողմնակից էիք խորհրդային տիպի բանակին, քանի որ բոլոր տղամարդիկ անցել էին հենց այդ բանակի ուղին` անկախ նրանից, թե որ մոդելն է ավելի լավը և արդյոք հետագայում կբարեփոխվի բանակի կառուցվածքը, թե ոչ: Ես իմ կողմից անում էի ամեն ինչ, որպեսզի բանակի այդ հատվածը չմասնակցի ռազմական գործողություններին, որովհետև փորձ չունեին` ի տարբերություն  30-40 տարեկան բանակայինների և զոհերը կլինեին շատ ավելի: Օրինակ` Լաչինում այսպիսի դեպք եղավ. հակառակորդը հարձակվել էր, և այլ ելք չկար` պետք էր նահանջել, սակայն մի տղա զոհվեց հերոսի մահով. 20-21 տարեկան էր, գնդացիրով մոտ երկու ժամ միայնակ պահում էր դիրքերը մինչև ջոկատները հետ վերադարձան: Այսպիսի անձնազոհություն կարող են դրսևորել հիմնականում միայն 18-21 տարեկան երիտասարդները: Իհարկե, մեծ հերոսություններ էին կատարվում, սակայն կորուստների առումով վտանգավոր էին:
Մի խնդրի առջև էլ ես բախվեցի, երբ Քելբաջարի օպերացիայից հետո ռազմական գործողություններում դադար էր առաջացել, հրամանատարներ էին գալիս ինձ մոտ, խնդրում էին ինձ, որ ինչքան հնարավոր է շուտ վերսկսեն հերթական գործողությունները, որովհետև տաքարյուն երիտասարդներ էին, և արդեն խնդիրներ էին առաջանում բանակի ներսում:

Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել