«100-ամյակը առանց ռեժիմի» շարժումն իրազեկման ավտոերթեր է կազմակերպում հանրապետության ամբողջ տարածքում: Հերթական ավտոերթը նախատեսված է Արցախում՝ 2015 թ. հունվարի 31-ին:

«Արցախյան ավտոերթի ընթացքում, ինչպես հանրապետության մյուս մարզերում, մեր քաղաքացիներին իրազեկելու ենք Ցեղասպանության 100-ամյակի օրը՝ 2015 թ. ապրիլի 24-ին, փողոց դուրս գալու, օտարին ծառայող ու սպիտակ ցեղասպանություն իրականացնող ռեժիմին հեռացնելու և երկրի ապագաղութացման ու ՀՀ-ի ինքնիշխանության հաստատման ազատագրական պայքարի գործնական քայլերն սկսելու մեր ծրագրի մասին»: 
Այս ձևակերպմամբ են ներկայացնում իրենց ավտորեթի ասելիքը երթը նախաձեռնողները և պնդում, որ այն ունի զուտ իրազեկման բնույթ:

Փաստորեն «Հիմնադիր խորհրդարանը», ՀՀ ներքաղաքական ինտրիգներից արդեն բավարարված, հիմա էլ մի նոր օջախ փորձում է ստեղծել Արցախում: Խնդիրը ոչ թե քաղաքական պայքարի ակտիվությունն է, այլ ՀՀ իշխանությունների դեմ բողոքել Արցախում, թե որն է դրա իմաստը, դժվար է հասկանալ: Կարծես որևէ տրամաբանական պատասխան չկա:
Նշենք, որ Արցախում այս երթի դեմ կան լուրջ հակասություններ, հիմնականում հասարակական կազմակերպությունների, քաղաքացիական նախաձեռնությունների և ուղղակի հասարակ ժողովրդի շրջանակում, ըստ էության բավականին հիմնավորված պնդմամբ. «նման լարված պայմաններում անընդունելի է ժողովրդի միասնականությունը տրոհող ցանկացած գործընթաց»:

Ստեղծված իրավիճակներում հասարական ակտիվություն ունեցող խմբերը և քաղաքական կառույցները հանդես են գալիս ժողովրդի լայն շրջանակների համախմբման նախաձեռնությամբ, փորձում բարձրացնել նրա մարտական ոգին:
Պայքարել, Փառք Աստծո, սահմանադրության շրջանակներում, որևէ մեկին չի արգելվում, սակայն ի՞նչ կարիք կա սահմանային լարվածության օրերին ՀՀ իշխանությունների դեմ քաղաքական պայքարը տեղափոխել Արցախ: Ի՞նչ ակնկալիքներ ունեն ակցիայի նախաձեռնողները, ի՞նչ կտա դա Հայաստանին կամ Արցախին:

Էլ չենք խոսում այն մասին, որ այդ երթն իրականացվում է Ցեղասպանության դրոշակի ներքո: Ցեղասպանությունն ինքն ունի հավաքական գաղափարախոսություն, և նրա շուրջ որևէ քաղաքական կատեգորիա ստեղծելը կամ այն ինչ-որ արկածախնդիրների շայերին ծառայեցնելը բացարձակապես հակապետական ու հակազգային քայլ է:
Ավելի նպատակահարմար չէ՞ արդյոք հիմնադիր խորհրդարանի մտավոր ունակությունները, այնտեղ ընդգրկված Ղարաբաղյան ազատամարտի ներկայացուցիչների հնարավորություններն ու մարտական ունակությունները կիրառել երկրի համար կարևոր ու արդիական հարցերում` դրանով իսկ հնարավորություն ստեղծելով վայելելու հեղինակություն և ժողովրդականություն:
Ժողովուրդների պատմական փորձը ցույց է տվել, որ բոլոր ժամանակներում հակառակորդի նկատմամբ հաղթանակի հասել են հավաքական և ուժեղ հասարակություն ունենալու պարագայում, երբ ժողովուրդը հավատացել է իր սեփական կարողությանը:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել