Ստրասբուրգում ՄԻԵԴ-ը քննելու է «Դողու Փերինչեքն ընդդեմ Շվեյցարիայի» գործը: Այս գործում Հայաստանը ներգրավված է որպես երրորդ կողմ, ինչպես և Թուրքիան: Աներկբա է, որ թուրքական կառավարությունը բոլոր հնարավոր միջոցներով փորձելու է հասնել Փերինչեքի արդարացմանը, քանի որ դա կնպաստի Թուրքիայի նպատակների իրականացմանը Հայոց ցեղասպանության ժխտողական քաղաքականության միջազգային լեգիտիմացման առումով: Դրանից հետո մեր հարևանները կսկսեն լեգիտիմացնել Հայոց ցեղասպանության իրողության շուրջ քննարկումներ ծավալելու իրենց թեզը՝ նպատակամղված գնալով հայ-թուրքական հարաբերություններում ապակառուցողականի պիտակը հայկական կողմի վրա ուղղելու ճանապարհով:

Թե ինչպիսի ուղղակի և անուղղակի բազմաշերտ գործողություններ են իրականացվում թուրքերի և նրանց սպասարկուների կողմից Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցին ընդառաջ, ավելի քան տեսանելի են, և դատը շահելու դեպքում նրանք միջազգային հանրությանը, աշխարհի ղեկավարներին յուրօրինակ մեսիջ ուղարկած կլինեն ապրիլի 24-ին Հայաստան այցելելու տեսանկյունից: Հետևաբար, մենք էլ պետք է մեր բոլոր ռեսուրսները ներդնենք, որպեսզի կայացվի արդար վճիռ՝ այդ գործում ներգրավելով բոլոր շերտերին՝ թե պետական, թե հասարակական, թե սփյուռքյան:

Այս հարցը ոչ այնքան քաղաքական է, որքան սեքյուրիթիզացիոն (անվտանգայնացման): Մենք պետք է կարողանանք այն դիտարկել տվյալ հարթության մեջ, որը սպառնալիք է մեր ռեֆերենտային օբյեկտներին (պետություն, գաղափար), այս կերպ կկարողանանք գնահատել էկզիստենցիալ սպառնալիքը և համապատասխան քայլեր իրականացնել: Իսկ միջազգային հանրության մոտ հարցը ոչ թե պետք է ներկայանա բարոյականության դիլեմայի տեսքով, այլ բարոյականության իմպերատիվի՝ իհարկե, իրավական ընթացակարգերը պահպանելով, քանի որ Շվեյցարիայի իրավական կարգավորումները հենց բարոյական նորմերի ամրագրում էին նաև:

Միջազգային հանրության մոտ պետք է ստեղծվի բարոյականության ու պատասխանատվության զգացողություն՝ հակառակ որոշումը նրանց կողմից պետք է դիտարկվի, ընկալվի որպես հակաբարոյական: Եթե հաջողենք, ապա ապրիլի 24-ը Թուրքիայի համար կլինի սեփական պատմության հետ առերեսվելու և ժխտողականությունը որպես իր հեղինակությանը հարված հասցնելու իրողություն:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել