Պատերազմի տարիներից անցած քսանամյակում չկար որևէ ժամանակաշրջան, երբ Հայաստանն ու հայությունը ենթարկվեն այսպիսի ակնհայտ ու մահաբեր նախահարձակմանն ու այսպիսի կորուստներ կրեն, ինչպես Ցեղասպանության հարյուրամյակի այս 2015 թվականի դեռ չավարտված հունվարին: Երկու տասնյակի մոտեցող զոհերի թիվը ցանկացած քաղաքակիրթ երկրում կառաջացներ համազգային հուզումներ և քաղաքական փոթորիկ: Մեզանում սա տեղի չի ունենում, երևի թե այն պատճառով, որ համազգային հուզումներն ու քաղաքական ճգնաժամը Հայաստանում կրում են մշտական բնույթ: Սակայն նման բացատրությունը բոլորովին բավարար չէ մեկ այլ զավեշտական հարցը պարզաբանելու համար` ինչու՞ Հայաստանի Հանրապետության սահմաններին՝ գոնե Տավուշի մարզում, շարունակվող ադրբեջանական հարձակումներին բացարձակապես չի արձագանքում մեր «ռազմավարական դաշնակից» հանդիսացող Ռուսաստանը, որը պաշտպանական պայմանագիր է կնքել ՀՀ հետ, և որի չարաբաստիկ ռազմակայանը գտնվում է չդադարող մարտերից մոտավորապես 150 կմ հեռավորության վրա։
Այստեղ կարելի է երկու ենթադրություններ անել: Առաջինը` ադրբեջանական նախահարձակման նոր ալիքը համընկավ Գյումրիում ռուսական զինծառայողի կողմից կատարված սարսափելի ոճռագործության հետ, և միասին այս ակնհայտորեն համակարգված արյունահեղությունները կոչված են խուճապի մատնել հայությանը և խորացնել ազգային անպաշտպանվածության բարդույթը, որը պետք է չեզոքացնի ազգային արժանապատվության, ցասման ու ազատատենչության բոլոր դրսևորումները, հատկապես Ավետիսյանների ընտանիքի սպանդի պատճառով ալեկոծված հայ հասարակության մեջ: Ի վերջո, ռազմական հինգ միլիարդանոց գործարքը կատարած Մոսկվան ու Բաքուն հեշտությամբ պայմանավորվում են այդ նույն զենքի գործածման ժամկետի, տեղի ու պայմանների մասին: Երկրորդը` այս ամենը կատարելապես համընկնում ու ծառայում է Կրեմլի մյուս կարևորագույն գործընկերոջ` Անկարայի շահերին, որը Հայող Ցեղասպանության հարյուրամյակի շեմին հսկայական ջանքեր է թափում աշխարհն ու հայությանը շեղել այդ տարեթվից: Ու եթե Էրդողան-Դավութօղլու զույգը գործի մեջ է դրել անգամ Գալիպոլի/Չանակալե մարտի խեղաթյուրված տարելիցը, ապա շատ ավելի հեշտ է նման «լավություն» ստանալ Պուտին-Ալիև բարեկամական տանդեմից: Հայկական արևելյան սահմաններում չհայտարարված պատերազմից և արևմտյան սահմանում չբացահայտված զանգվածային սպանդից Էրդողանն ակնկալում է Ցեղասպանության անգութ հարցադրումների թուլացած ու լղոզված պատկերը, Պուտինն ակնկալում է համախմբվող հայության փոխարեն վախեցած ստրուկների ամբոխը, որը կրկին պետք է օրհնի ռուսի սապոգը, իսկ Ալիևը շահում է անվախ հերոս քաջ Նազարի երանելի դափնիները: Կորցնում է միայն Հայաստանը: Այնպես որ բոլոր գայլերը կուշտ են, իսկ միակ ոչխարը... Դե, առաջին անգամ չէ: Ահա ինչու ոչ 102-րդ ռուսական ռազմակայանը, ոչ էլ բուտաֆորիկ ՀԱՊԿ-ը երբեք չեն պաշտպանելու Հայաստանը ոչ ռուսական զենքով մեզ սպանող ազերիներից, ոչ էլ ռուսական նավթագազային շահերն ու խողովակները պաշտպանող թուրքերից: Մինչև որ մենք չհասկանանք ու չպաշտպանենք ՄԵՐ ԱԶԳԱՅԻՆ ՇԱՀԵՐԸ, դատապարտված ենք լինելու ծառայել, սպասարկել ու սպանվել ուրիշների շահերի համար:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել