Tert.am-ը գրում է․

Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցին ոչ միայն ներկայացնել Ցեղասպանութան անցքերը, այլև մեկ քայլ առաջ գնալ և զոհի ու տուժածի կերպարին զուգահեռ ներկայացնել նաև հայի պայքարող տեսակը: Թուրքագետ Արտակ Շաքարյանը կարևորում է, որ մեծ հնչեղություն ստանա ոչ միայն ապրիլի 24-ը, այլև մայիսի 3-ը` Վանի հերոսամարտը:

«Մենք պետք է կարողանանք ազատվել զոհի բարդույթից, այն տեսակի բարդույթից, որ առանց դիմադրության հանձնել է իր երկիրը: Այս պահին, երբ մենք կարևորագույն անցում ենք կատարում Հայոց ցեղասպանության հարցում` ճանաչումից դեպի պահանջում, շատ կարևոր է, որ զոհի կերպարից էլ անցնենք դիմադրություն ցույց տված ազգի կերպարին: Հետևաբար, շատ կարևոր է, որ մեծ հնչեղություն ստանա նաև մայիսի 3-ը` որպես Վանի հերոսամարտի օր, օր, որ մեր պատմության կարևորագույն էջերից է»,- «Արմենպրես»-ի փոխանցմամբ` հունվարի 26-ին կայացած հանդիպմանն ասել է Արտակ Շաքարյանը։

Թուրքագետը հավելել է, որ թյուր են այն կարծիքները, թե հերոսամարտը ներկայացնելով կարող ենք վնասել Հայոց ցեղասպանության ճանաչմանը: Նա օրինակ է բերում Հոլոքոստը` շեշտելով, որ հրեաները Վարշավայում լուրջ ապստամբություն են բարձրացրել, դրա մասին խոսվել է, և փաստը որևէ կերպ չի անդրադարձել միջազգային հանրության կողմից հրեաների ցեղասպանության դատապարտմանը:

Ինչ վերաբերում է Հայոց ցեղասպանության տարելիցին, ապա նրա խոսքով՝ Հայաստանին զուգահեռ Թուրքիան էլ է նախապատրաստվում Հայոց ցեղասպանության տարելիցին, և թուրքագետին չի զարմացնում Գալիպոլիի ճակատամարտում տարած հաղթանակը ապրիլի 24-ին նշելու Էրդողանի որոշումը: Նման որոշում Թուրքիան կայացրել էր դեռևս 2013 թվականին` նպատակ հետապնդելով այդ կերպ լռեցնել Հայոց ցեղասպանության առնչությամբ միջազգային արձագանքը:

Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել