Կասկած չունեմ, որ Ավետիսյանների սպանության գործը հետաքննում են արհեստավարժ ու հանցագործության բացահայտումով շահագրգիռ հայ քննիչներ: Բայց մտավախություն ունեմ, որ ի սկզբանե նրանց ներգրավված չլինելը և ձերբակալվելուց հետո Պերմյակովի՝ տևական ժամանակ ռուսական կողմի ազդեցության տակ գտնվելն արդեն պատճառ է դարձել այսպես կոչված «ճշմարտության պահը» կորցնելու: Հանցագործությունն ընդունելն ու ինքնախոստովանություն կորզելը նման գործում շատ մեծ նվաճում չէ, և ինձ անհանգստացնում է նաև «արագ բացահայտումը»: Նորից եմ կրկնում` կասկած չունեմ, որ մեր քննիչներն իրենց գործի գիտակներ են, բայց արագ բացահայտման ցուցումը կարող է խանգարել գործի հանգամանալից քննությանը: Դատավճիռն ի սկզբանե պարզ է, բայց այն հրապարակելուց ու այդ տականքին հավանաբար Ռուսաստան տեղափոխելուց հետո շատ բաներ այլևս չեն պարզվի: Հանցագործության տրամաբանական վերլուծությունը բազմաթիվ հարցեր է առաջադրում: Դրանց մի մասն ուշադրության արժանացել են, բայց մնացել են անպատասխան: Կան հարցեր, որոնց կարծես թե լուրջ անդրադարձ չի կատարվում: Օրինակ, 1. Զորամասն ինքնակամ լքած, դեռևս լուսաբացից առաջ «քաղաքում շրջող», քաղաքին անծանոթ զինվորի համար ի՞նչ հետաքրքրություն կարող էր ներկայացնել ոչնչով աչքի չընկնող Թուրքի մայլի այդ ծայրամասային անշուք փողոցը և Ավետիսյանների առանձնատունը: 2. Այդ ցուրտ ձմռանը, լուսաբացից առաջ, անգամ ֆիզիոլոգիական առումով անհավանական է պահակակետը լքած զինվորի այնքան ծարաված լինելը, որը ստիպեր պատուհան կոտրել և ներխուժել օտար բնակարան: Ուստի, ամենագլխավոր հարցը` 3. Ինչու՞ էր ընտրել հենց Ավետիսյանների տունը, որտե՞ղից և ինչի՞ն էին պետք 3 հեռախոսները: Այս հարցերի համադրումը ցույց է տալիս, որ կասկածյալի ցուցմունքները, մեղմ ասած, անկապ են և կեղծ: Նրա, ավելի հավանական է` ՆՐԱՆՑ, գործողությունները կարող են բացատրվել միայն նախօրոք նախապատրաստված լինելու հանգամանքով: Ինչո՞ւ ոչինչ չի ասվում հեռախոսազանգերի ու հեռախոսների պատկանելիության մասին: Չեմ կարծում, թե այդ բնակարանի ամենաարժեքավոր իրը հեռախոսն էր: Իմ ենթադրությամբ, սա ահաբեկչություն է Հայաստանի դեմ, որի նպատակն է ռուս զինվորի ձեռքով այնպիսի ցնցող ոճրագործություն կատարել, որից կսկսվի հայ-ռուսական հարաբերությունների սրումը և Հայաստանի ներքին ու արտաքին իրավիճակի լարվածությունը: Այսինքն, այս ահաբեկչության կազմակերպիչներն ընտրել են այնպիսի ընտանիք, որը լինի բազմանդամ, որի կազմում լինեն անչափահաս երեխաներ և Ռուսաստան արտագնա աշխատանքի գնացող անդամ: Այդպիսի ընտրություն կատարելն այնքան էլ դժվար չէ: Նրանց պետք է եղել սոսկալի ոճրագործություն, որը մեծ աղմուկ, վրդովմունք ու հուզումներ առաջացնի, հիմքեր ստեղծի Ռուսաստանից երես թեքելու և Եվրասիական միությունում լինելու մեր քաղաքականության սխալականությունը շեշտադրի առավել հեռահար նպատակներով: Դրա համար սա սովորական հանցագործություն չէ և մի տականքի գործ չէ: Էդ լակոտին հավաքագրել են, ծանրակշիռ խոստումներ ու երաշխիքներ են տվել, հասցրել են Հայաստան: Նա պարտավորված է եղել որպես ոճրագործ ռուս զինվորի գործած հանցանքի ապացույց՝ դեպքի վայրում թողնել իր հագուստն ու զենքը, նրան խոստացել են, որ կանցնի սահմանը և կհայտնվի նախ իրենց բարեկամ թուրքերի ձեռքում, իսկ հետո նոր անունով անձնագիր ու բանկում մեծ դրամագլուխ կունենա՝ ցանկացած երկրում բարեկեցիկ կյանքով ապրելու համար: Նրա հարցաքննության անխոս կադրերը բավականին խոսուն են: Երևում է, որ նա ոչ հիվանդ է, ոչ մոլագար, ոչ էլ բոյևիկ: Չի բացառվում, որ նա անձամբ ոչ մեկին էլ չի գնդակահարել, ու նրա փոխարեն կամ նրան աջակցելով է ոճիրը կատարվել: Չի բացառվում, որ նա պարզապես ընչաքաղց ու մոլորված լակոտ է, խաղալիք այս ողբերգության կազմակերպիչների ձեռքին: Իհարկե, այս մտքերը միայն ենթադրություններ են, որոնք տանջում են շատերին: Ուստի, քննչական խումբը չպետք է բացառի ոչ մի վարկած, չպետք է համարի «ուչաստկովու գործ» և չպետք է շտապի:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել