Հայ Ազգի մոտ, կապված Գյումրիում տեղի ունեցած ոճրագործության հետ, էմոցիոնալ լարումը հասել է գագաթնակետին, բայց տարատեսակ վերլուծություններ և մտքեր արտահայտելուց առաջ փորձե´ք ապավինել ԱՌՈՂՋ ԴԱՏՈՂՈՒԹՅԱՆԸ: 
1. ԱՅՍ ՊԱՀԻ դրությամբ ՀՀ-ից ռուսական 102-րդ ռազմաբազայի դուրսբերումը չի կարող հանդիսանալ առաջնահերթ կարևորության խնդիր, և դրանից չէ կախված Հայության լինել-չլինելու խնդիրը:
2. Ներկա աշխարհաքաղաքական բարդ իրավիճակի պայմաններում, հաշվի առնելով նաև թուրքական ՄՇՏԱԿԱՆ և ԻՐԱԿԱՆ վտանգի գործոնը, եթե դու չես հաշվարկել ռուսական ռազմաբազայի դուրսբերման բոլոր ռիսկերն ու վտանգները, այդ քայլը, մեղմ ասած, արկածախնդրություն է` հղի անկանխատեսելի հետևանքներով:
3. Միջազգային պրակտիկան ցույց է տալիս, որ այս կամ այն ռազմաբազայի դուրսբերումը տեղի է ունենում` ելնելով կոնկրետ քաղաքական իրավիճակից` դիվանագիտական բարդ և երկարատև բանակցությունների արդյունքում` հաշվի առնելով նաև կոնկրետ պետության, ԱՅԴ ՊԱՀԻ դրությամբ, քաղաքական կշիռը, նրա ռազմական և տնտեսական հզորությունը: Պատմական փայլուն օրինակ է Սինգապուրը, երբ բրիտանական ռազմաբազայի դուրսբերմանը նախորդեցին Լի Կվան Յու-ի ներքին բարեփոխումները բանակում, ինչպես նաև երկարատև բանակցությունները Մեծ Բրիտանիայի կառավարության հետ, որտեղ Սինգապուրի վարչապետը դրսևորեց կամք և միաժամանակ կշռադատված մոտեցումներ, ինչի արդյունքում բրիտանացիներն աստիճանաբար դուրս բերեցին իրենց զորքերը երկրի տարածքից: 
4. Նույնիսկ տնտեսապես հզոր լինելը բավարար պայման չէ, որպեսզի պետության տարածքից դուրս բերվեն օտարերկրյա ռազմաբազաները, օրինակ` Ճապոնիան, որն իր տնտեսական մակարդակով հանդիսանում է աշխարհի 3-րդ պետությունը, բայց հանդուրժում է ամերիկյան ռազմաբազաների ներկայությունն իր երկրի տարածքում (Օկինավա կղզի):
5. Ապագա Հայոց պետականության առջև, որպես ռազմավարական նպատակ, պետք է դրվի Հայաստանի բոլոր սահմանների ամբողջական և համակողմանի պաշտպանության խնդիրը` բացառապես Հայոց Ազգային Բանակի ուժերով: Դրա համար անհրաժեշտ է ստեղծել Հզոր Հայկական Պետություն, որն ունակ կլինի լուծելու այդ և մնացած այլ խնդիրները:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել