Որոշ համացանցային ռեսուրսներ տարածել են տեղեկատվություն, համաձայն որի՝ Իրանն Իրաքի և Թուրքիայի հետ սահմանամերձ մի շարք շրջաններում ռազմական ակտիվություն է դրսևորում: Զարմանալու որևէ պատճառ չկա, քանի որ իրանցիները չեն էլ թաքցնում, որ որոշակի ուժեր են կենտրոնացրել երկրի արևմտյան և հյուսիսարևմտյան հատվածում՝ իրենց սահմանները ծայրահեղ իսլամականներից պաշտպանելու և, առհասարակ, իրենց անվտանգությանն ուղղված ցանկացած վտանգ անմիջապես կանխելու նպատակով: Հետևաբար, եթե տեղեկատվությունը համապատասխանում է իրականությանը, ուրեմն Իրանի համար անցանկալի տարրերի կողմից սպառնալիք է նկատվել:

Նաև ենթադրվում է, որ հիշյալ ռազմական գործողություններն իրանական կողմն իրականացրել է Թուրքիայի հետ համատեղ կամ միաժամանակ: Այս հարցում էլ զարմանալու բան չկա, քանի որ նման նախադեպեր եղել են: Ամեն դեպքում, մեկ բան հաստատ է. այդ գործողությունները Հայաստանի հետ որևէ կապ չունեն, ուստի պետք չէ արհեստականորեն սլաքն ուղղել դեպի մեզ:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել