
Թեսսին հիանալի, իր տարիքին ոչ հատուկ լրջությամբ իննամյա աղջիկ Է: Մի անգամ նա լսում է ծնողների խոսակցությունն իր փոքր եղբոր` Թեդի մասին: Նա գիտեր, որ եղբայրը ծանր հիվանդ է, և ծնողները գրեթե գումար չունեն բուժման համար: Թեսսին լսում է, թե ինչպես է հայրը հուսալքված մորն ասում. «Հիմա միայն հրաշքը կարող է փրկել մեր տղային»:
Այդ ժամանակ Թեսսին վազում է իր սենյակ և հանում ջեմի ապակե տարա, որտեղ նրա բոլոր խնայողություններն էին: Նա տարրան դատարկում է գետնին, զգուշությամբ հաշվում գումարը, այնուհետև նորից լցնում է տարայի մեջ և ամբողջ ուժով վազում դեղատուն:
Նա լուռ սպասում էր, մինչև դեղատան աշխատողի ուշադրությանն արժանանար, սակայն վերջինս չափազանց տարված էր խոսակցությամբ և չէր նկատում 9-ամյա աղջկան: Թեսսին նկատվելու համար սկսեց գետնին ոտքով դոփել, բայց ոչ մի օգուտ: Այնուհետև սկսեց բարձր հազալ: Դարձյալ ոչ մի արձագանք: Վերջապես նա հանեց դրամներից մեկն ու թակեց ապակուն:
-Ի՞նչ եք ցանկանում,-նյարդայնացած հարցրեց դեղատան աշխատողը:-Չե՞ք տեսնում, որ եղբորս հետ եմ խոսում, ով նոր է վերադարձել Չիկագոյից և մի քանի տարի է` չէինք հանդիպել:
-Լավ, բայց ես կցանկանայի խոսել իմ եղբոր մասին,-պատասխանեց Թեսսին նույն տոնով,-գիտե՞ք, նա շատ հիվանդ է, և ես ցանկանում եմ նրա համար հրաշք գնել:
-Ներեցեք, ի՞նչ։
-Եղբորս անունը Թեդ է, և նրա գլխում ինչ-որ վատ բան է աճում, և հայրս ասաց, որ հիմա միայն հրաշքը կարող է փրկել նրան: Վերջապես ի՞նչ արժե այդ հրաշքը։
-Ներիր, բայց մենք հրաշքներ չենք վաճառում, և ես չեմ կարող օգնել քեզ,-ասաց դեղատան վաճառողը:
-Լսեք, ես փող ունեմ և կարող եմ վճարել: Եթե այսքանը բավական չէ, կարող եմ էլի բերել: Միայն ասացեք, ի՞նչ արժե:
-Ինչպիսի՞ հրաշք է պետք քո եղբորը, փոքրիկ։
-Ես չգիտեմ,-չկարողացավ զսպել արցունքները Թեսսին:-Միայն գիտեմ, որ նա շատ հիվանդ է, և մայրիկն ասում է, որ նրան վիրահատություն է անհրաժեշտ. Բայց հայրս չի կարող վճարել դրա համար, և ես որոշեցի օգտագործել ինձ մոտ եղած գումարը:
-Ինչքա՞ն գումար ունես-հարցրեց Չիկագոյից ժամանած երիտասարդը:
-Մեկ դոլար և տասնմեկ ցենտ,-շշնջաց Թեսսին,-և սա իմ ամբողջ գումարն է: Բայց եթե պետք է, կարող եմ էլի բերել:
-Ինչպիսի զուգադիպություն,-ժպտաց տղամարդը,-Մեկ դոլար և տասնմեկ ցենտ: Նա վերցնում է գումարը, բռնում աղջկա ձեռքից և խնդրում իրենց տուն ուղեկցել:
-Ես ցանկանում եմ տեսնել քո եղբորը և հանդիպել ծնողներիդ: Տեսնենք՝ ինչ տեսակի հրաշք է ձեզ անհրաժեշտ:
Այդ բավականին լավ հագնված տղամարդը բժիշկ Կարտոն Արմսթրոնգն էր` հայտնի վիրաբույժ` մասնագիտացված նյարդաբանության բնագավառում: Նա միանգամայն անվճար կատարեց վիրահատությունը, և շուտով Թեդը կարողացավ միանգամայն առողջ տուն վերադառնալ: Հայրն ու մայրը երջանիկ էի` քննարկելով կատարված դեպքերի շղթան, որն իրենց մոտ բերեց վիրաբույժին:
-Այդ բժիշկը,-շշնջաց մայրը,-իրական հրաշք է: Հետաքրքիր է՝ ինչքա՞ն այն կարժենար։
Թեսսին ժպտաց: Հա հստակ գիտեր՝ ինչ արժեր այդ հրաշքը… Մեկ դոլար և տասնմեկ ցենտ: Ավելացրած փոքրիկ աղջկա անկեղծ հավատը: