Ֆեյսբուքում ակտիվորեն մի նյութ է շրջանառվում, թե իբր Հայաստանի հետ սահմանին Թուրքիան զինվորական ուժեր է կուտակել: Առանց այս տեղեկատվության աղբյուրն իր նյութում շեշտելու՝ հայկական լրատվամիջոցը (մինչ այս աղբյուրի հիշատակումն այդպես էլ չի ավելացվել) նշում է, թե Հայաստանի Մարգարա-Ռանչպարի հակադիր հատվածում թուրք զինծառայողների կուտակումներ են ու ակտիվություն: 
Օգտատերերի կողմից սկզբնաղբյուրի վերաբերյալ պահանջներից հետո հայկական լրատվամիջոցի ընդամենը «հուշումներից» պարզ դարձավ, որ քրդական լրատվական գործակալություններն են տարածում տեղեկությունը, սակայն այլ բովանդակությամբ ու էությամբ: 
Քրդական թուրքալեզու աղբյուրներում նշվում է, որ թուրքական զինուժը ցամաքային գործողություն է սկսել մի քանի քրդաբնակ գյուղերում, բայց ծավալների (հայկական լրատվամիջոցը նշում է «կուտակման ու տեղաշարժի» մասին) մասին որևէ հիշատակում չկա: 
Բացի այդ, քրդական սկզբնաղբյուրում, ինչպես և հայկական աղբյուրում նշված գյուղերը՝ Արարատ լեռան շրջակայքի Իսլամը, Բուլուքբաշը և Յազլըքը, Հայաստանի հետ սահմանից մոտ 10-20 կմ հեռավորության վրա են, իսկ սկզբնաղբյուրում ևս հայկական սահմանին կամ Հայաստանին վերաբերող որևէ հիշատակում չկա: Պետք է նշել, որ թուրքերի կողմից նմանատիպ գործողությունները քրդաբնակ շրջաններում նորություն չեն, և սկզբնաղբյուրներից էլ հստակ երևում է, որ այն ավելի շատ ուղղված է քրդական ուժերի դեմ և Հայաստանին չի առնչվում:
Կարծում եմ՝ չեղած տեղը խուճապ ու աղմուկ բարձրացնելուն են ծառայում նման տեղեկությունները: Հիմա ամենևին նման նյութերի ժամանակը չէ:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել