economyՈղբերգական Հունվարի ավարտն է մոտենում, և ժամանակն է, որ յուրաքանչուր ՀՀ քաղաքացի մի կողմ դնի զգացմունքային դատողությունները (թե ով է ավելի լավ լացում, ով է ժպտում, ով է ավելի զգացմունքային շարադրություն գրում) և մտածի վերջին իրադարձությունների պատճառահետևանքային կապի մասին: Ինչ ունենք մենք՝ ՀՀ քաղաքացիներս, այսօր՝ անկախացումից քարորդ դար անց՝

– Մեր երկրում իրականացվել է ոճրագործություն, սակայն մեր իրավապահներն ի վիճակի չեղան բռնել հանցագործին մեր իսկ երկրում, իսկ մեր պետականության կրողները վախենում են պահանջել «Ռազմավարական Գործընկերոջից» հանձնել հանցագործին ՀՀ արդարադատությանը՝ միառժամանակ ընթերցելով կետեր ՌԴ սահմանադրությունից:

-Մեր երկրում պատվախնդիր ամբոխն է փորձում տեր կանգնել և պարտադրել հարգել մեր ինքնիշխանությունը, այլ ոչ թե նրանք, ովքեր «ընտրված» կամ նշանակված են դա ապահովելու համար, և ովքեր սնվում են մեր վճարած հարկերով:

– Ամեն օր լսում ենք, որ 18-ից 20 տարեկան մեր երիտասարդ համաքաղաքացիները զոհվում են առաջնագծում: Ադրբեջանը գնալով իրեն ավելի սանձարձակ է պահում, ինչպես սոված շնագայլերի կույտը՝ զգալով, որ առյուծը կորցնում է իր ուժերը:

– Մեր երկրի բնակչությունը ոչ պաշտոնական տվյալներով նվազել է 1-1.5 մլն-ով, իսկ մեր հետ պատերազմող թշնամի երկրի բնակչությունը ավելացել է նույնքանով: Եթե անկախացման տարիներին մեր երկրի բնակչությունը 2 անգամ էր քիչ «վայ» հարևանի բնակչության թվից, այսօր արդեն ցուցանիշը մոտ է 3-ի:

– Մեկ շնչին բաժին հասնող նոմինալ ՀՆԱ-ով մենք հաստատուն քայլերով տարածաշրջանում հայտնվեցինք վերջին տեղում (Ադրբեջան՝ $7,900, Վրաստան՝ $3,596, ՀՀ՝ $3,037)

– Արտաքին ցնցումներից հենց մեր երկրում գրանցվեց տեսակարար կշռով աշխարհում 3-րդ ամենամեծ տնտեսական ետընթացը:

– Երկրի լավագույն սակայն հիասթափված մասնագետները (բժիշկներ, ծրագրավորողներ..) շարունակում են լքել երկիրը՝ իրենց հետ տանելով վերականգնվելու համար մեր երկրի առանց այդ էլ փոքր ռեսուրսները:

– Այսօր ավելի ու ավելի շատ ենք լսում հուսադրումներ, որ British Petrolium-ը և ՌԴ-ն (ոչ թե ՀՀ բանակը) թույլ չեն տա մեր քոչվոր հարևաններին բախտները փորձել և սկսել պատերազմ:

– Այսօր մեր «Ռազմավարական Դաշնակիցը» զինում է մեր թշնամուն ՍՄԵՐՉ-ով, ցանկանում է Ադրբեջանի տարածքով երկաթուղային կապ ստեղծել Իրանի ԻՀ հետ, իսկ մենք նրան չնեղացնելու համար հրաժարվում ենք Իրանի ԻՀ-ից ստացվող առաջարկներն ավելի էժան գազ գնելու վերաբերյալ (ինչը կարող էր մեղմել մեր սոցիալական վիճակը):

-Այսօր մեզ ստիպողաբար մտցնում են մի կառույց (ինչպես նախագահը փակ քննարկման ժամանակ ասեց՝ մեկ գիշերում կայացված որոշման արդյունքում), որով սկիզբ է դրվում մեր պետականության կորուստը, մենք միանում ենք մի տնտեսական միության, որի տնտեսության վիճակը օր օրի ավելի օրհասական է դառնեում պատժամիջոցների պատճառով: (Նկատենք, որ մեր անկախության նկատմամբ ոտնձգությունը գալիս է մեր «Ռազմավարական Գործընկերոջից»:)

Ժամանակին ԱՄՆ նախագահներից մեկը մոտ էր հրաժարական տալուն այն բանի համար, որ դավաճանել էր կնոջը: Իսկ մեր երկրի իշխանությունները, ովքեր մեզ խոստանում էին մեզ «Ապահով Հայաստան», կարծես թե չեն էլ մտածում այդ մասին:  Միգուցե խնդիրն արդեն մեր մեջ է, որ հանդուրժում ենք: Ասում են՝ ցանկացած ազգ արժանի է իր իշխանությանը: Պետք է մտածել, թե ինչումն է խնդիրը, որ աշխարհին այսքան հանճար տված ազգն ինչու այդպես էլ չի կարողանում հարգել սեփական պետականությունը այնքան, որ ԸՆՏՐԻ/ՈՒՆԵՆԱ ինտելեկտի և հայրենասիրության բավարար պաշարով իշխանություն, ով գոնե կկարողանա պաշտպանել հայրենիքի պետականությունը, այս փոքր պետությունն իր փոքրաթիվ բնակչությամբ կդարձնի ապրելու, այլ ոչ թե գոյատևելու երկրի, կկարողանա գտնել դաշնակիցներ, ովքեր ոչ թե օգտագործում և նսեմացնում են մեր պետականությունը, այլ հակառակը: Հենց այս հարցի վրա պետք է կենտրոնանա մեր ուշադրությունը, այլ ոչ թե Կասկադի «ախռանիկի», Քիմ Քարդաշյանի հետույքի և սև ամուսնու, Վարդայի կրծքի ցուցադրության, գրանտակերերի և տկար ընդդիմության վրա:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել