Հունվար ամսի սկզբից ի վեր ղարաբաղա-ադրբեջանական հակամարտ զորքերի շփման գծում լարված իրավիճակ է տիրում, որի պատճառն ադրբեջանական կողմի սադրիչ գործողություններն են:

Հակառակորդի կողմից հերթական սադրիչ գործողությունները ձեռնարկվել են հունվարի 20-ին և լույս 21-ի գիշերը: ՊԲ-ն հայտնում է, որ հունվարի 20-ին և լույս 21-ի գիշերը ղարաբաղա-ադրբեջանական հակամարտ զորքերի շփման գծում ադրբեջանական կողմից հրադադարի պահպանման ռեժիմը խախտվել է շուրջ 300 անգամ, որի ընթացքում, տարբեր տրամաչափի հրաձգային զինատեսակներից, ինչպես նաև ՌՊԳ-7 և ԳՊ-25 տիպի նռնականետերից հայ դիրքապահների ուղղությամբ արձակվել է ավելի քան 3000 կրակոց:

Հակառակորդի հերթական ակտիվացումը չի խոչնդոտել ՊԲ առաջապահ զորամասերի կողմից շփման գծի ողջ երկայնքով մարտական հերթապահություն իրականացմանը և անհրաժեշտության դեպքում համապատասխան գործողությունների կիրառմանը:

Հունվարի 20-ին լույս 21-ի գիշերը՝ ժամը 03:00-ի սահմաններում, ղարաբաղա-ադրբեջանական հակամարտ զորքերի շփման գծի Քարվաճառի պաշտպանական ուղղությամբ հակառակորդը ձեռնարկել է նաև դիվերսիոն հետախուզական ներթափանցման փորձ:
Հայկական առաջապահ ստորաբաժանումների կողմից հակառակորդի հատուկ ջոկատայինների առաջխաղացումը ժամանակին կասեցվել է, և վերջիններս, մեծ կորուստներ կրելով, հետ են շպրտվել իրենց ելման դիրքեր:

Ադրբեջանական իշխանությունները կորցրել են իրականության զգացողությունը` չնայած իրենց կրած մեծածավալ կորուստներին:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել