Tert.am-ը գրում է․

Բաքուն նկատել է, որ հայ ժողովուրդը, հայ հասարակությունը չափից դուրս զգայուն է Գյումրիի դեպքերի հետ կապված, և այստեղ հայ-ռուսական հարաբերությունները թեկուզ կենցաղային մակարդակում սրելու լավ հնարավորություն են տեսել, և պետք է ասել, որ բավականին ակտիվ և լավ աշխատում են այդ ուղղությամբ. այս մասին Tert.am-ի հետ զրույցում ասաց քաղաքագետ Հրանտ Մելիք-Շահնազարյանը՝ անդրադառնալով սահմանին կրակի ինտենսիվության ավելացմանը և 8 դիվերսիոն փորձերին՝ միայն այսօր։

-Պարո՛ն Մելիք-Շահնազարյան, ըստ որոշ ռազմական փորձագետների՝ 1 օրում դիվերսիայի 8 փորձ, սա աննախադեպ է: Համամի՞տ եք:

-Հայ-ադրբեջանական սահմանում ստեղծված իրավիճակի ընդհանուր տրամաբանության մեջ այդ գործողություններն ամբողջովին տեղավորվում են: Եվ ադրբեջանցիները, ըստ էության,փորձում են ամեն հարմար պահ օգտագործել իրավիճակը ավելի լարելու և ավելի մեծ վնասներ պատճառելու համար: Ընդամենը երկու օր առաջ եմ եղել հայ-ադրբեջանական սահմանին և ականատես եղել, թե ինչպես է ամեն մի շարժվող բան և անգամ՝մեքենայի փոշին ադրբեջանցիների կողմից կրակ բացելու համար առիթ հանդիսանում: Եվ ինքս էլ համոզվել եմ, որ փաստացի Ադրբեջանի դիրքորոշումը իրավիճակը էլ ավելի լարելն է ՝ հայկական կողմի վրա կրակելու համար:

-Հունվարի մեկից ադրբեջանցիները «աչքալուսանքով» սկսեցին՝ էլ ավելի շատ կրակելով , սակայն վերջին մի քանի օրերին գերազանցել են նույնիսկ դա՝ ինտենսիվացնելով կրակահերթերը, դա անելով ականանետներով, նռանականետներով, գնդացիրներով:

-Պատճառների մասին շատ է խոսվել, և ես համոզված եմ, որ այստեղ մեկ պատճառ չէ, Ադրբեջանը նման կերպ գործելու բազում պատճառներ ունի: Եկեք հասկանանք և գիտակցենք, որ, այնուամենայնիվ, Ցեղասպանության 100-րդ տարելիցն է, և թուրք-ադրբեջանական դաշինքն այս տարի ունի մեկ գլխավոր խնդիր, այն է՝ տարածաշրջանում որպես հիմնական քաղաքական գործոն Ցեղասպանության խնդիրը մեկ այլ խնդրով քողարկել: Այս դեպքում՝ սահմանում իրավիճակը էլ ավելի լարելու խնդիրը նրանց համար ամենահարմար և ամենահեշտ ձևն է այս պայմաններում, հատկապես միջազգային անդրադարձի այս պայմաններում: Եվ, առիթից օգտվելով, Ադրբեջանը փաստացի քաղաքական նոր օրակարգ է ձևավորում տարածաշրջանում՝ խնդիր ունենալով բոլորի ուշադրությունը և հիմնական գործառույթները կենտրոնացնել հայ-ադրբեջանական սահմանի զարգացումների վրա:


-«Ստրատֆոր» կենտրոնի փորձագետները չէին բացառել, որ Ադրբեջանը 2015-ին ընդհուպ մինչև պատերազմ կվերսկսի: Համամի՞տ եք՝ Ձեր իսկ ասածի համատեքստում:

-Կան իրականում բազմաթիվ այլ պատճառներ, և անձամբ կարծում եմ, որ դրանց բոլորի հիմքում ոչ թե պատերազմի վերսկսումն է, այլ սահմանը լարված պահելու ցանկությունը: Եվ նույն այդ կենտրոնի հետազոտություններում լայնամասշտաբ պատերազմ սկսելու հնարավորությունը նույնպես բացառված է: Այսինքն՝ նաև միջազգային վերլուծական շրջանակները գիտակցում են, որ Ադրբեջանն այդ պոտենցիալը չունի, և նրա համար պատերազմի վերսկսումը նույնպես մի շարք վտանգներ է իր մեջ պարունակում: Իսկ լարվածությունն Ադրբեջանին թույլ է տալիս շարունակել լինել խաղաղության վաճառող տարածաշրջանում, իրեն դնում է այնպիսի մի վիճակի մեջ, որտեղ իրեն համոզում են չվերսկսել պատերազմը և ավելի զուսպ լինել: Եվ այդ համոզելու փոխարեն, բնականաբար, պաշտոնական Բաքուն փորձելու է հնարավորինս շատ դիվիդենտներ ստանալ: Նման ճանապարհով  Ադրբեջանը փորձում է ապագայում չեզոքացնել այն ընկալումը, որ Եվրասիական միության մաս կազմելու Հայաստանի մասնակցությամբ չեն սահմանափակվում և չեն սահմանափակվելու Ադրբեջանի գործողությունները: Այսինքն՝ փորձում են չեզոքացնել աշխարհաքաղաքական այս կարևորագույն իրադարձության հետևանքները, և քանի դեռ ԵՏՄ-ն այն կառույցը չէ, լիովին ձևավորված, որ կարող է այդպես օպերատիվ արձագանքել արտաքին բոլոր մարտահրավերներին, Ադրբեջանն այդ պահը փորձում է օգտագործել, և այդ գաղափարը շատ ամուր ամրապնդել բոլոր միջազգային կառույցների ընկալումներում: Այնպես որ, պատճառները շատ են, և իսկապես դժվար է ասել, թե ո՞րն են այս կամ այն պահին նախընտրում:

Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել