Մի քանի օր առաջ գրել էի ադրբեջանցի պատգամավոր Ֆազիլ Մուստաֆայի մասին, ով հայտարարություն էր արել, համաձայն որի՝ Ադրբեջան անունով պետություն չի եղել, առաջին նմանատիպ պետությունը ստեղծվել է 1918թ.:

Եվ ահա ադրբեջանական մամուլում դանդաղ, բայց հաստատուն տեմպերով սկսվում է պատգամավորի դեմ հակաքարոզչությունը: Առաջինը, որի մասին գրում են թերթերը, այն է, որ պատգամավորի այդ հայտարարությունը Հայաստանում մեծ արձագանք է գտել, հայկական սև մամուլը արդեն մի քանի օր է, ինչ օգտագործում է այս խոսքերը՝ հակաքարոզչություն անելու համար:

Այստեղ ուշագրավն այն է, որ պետական լրատվամիջոցները և ընթերցողների մեծ զանգված ունեցող թերթերը լռում են կամ բավականին հպանցիկ են անդրադառնում այս խնդրին: Այս հարցով թերևս զբաղվում են այն լրատվամիջոցները, որոնք համեմատաբար քիչ են ընթերցվում, բացառապես ադրբեջաներենով են: Հավանաբար այդպես է արվում հարցը պետական մակարդակի չբարձրացնելու, ներքին և արտաքին լայն զանգվածների քննարկման առարկա չդարձնելու համար:

Ինչևէ, ադրբեջանական նման մի միջին վարկանիշ ունեցող xeberlent.az կայքը խնդրի հետ կապված զրուցել է Ադրբեջանում ճանաչված մասնագետների հետ և ներկայացնում է նրանց կարծիքը: Սակայն մասնագետների անունները և պաշտոնները հայտնի դանալուց հետո մասնագետ բառը պետք է տեղադրենք չակերտների մեջ:

«Ֆազիլն ուսուցչի կարիք ունի, գնա և պատմություն սովորի»:

Նման կերպ Ֆազիլ Մուստաֆայի արտահայտած մտքերին պատասխանել է «Մայր Հայրենիք» կուսակցության նախագահ, պատգամավոր Ֆեզայիլ Աղամալըն, նշելով, որ շատ բացասական է գնահատում Մուստաֆայի ելույթը: Ադրբեջանն աշխարհագրական հասկացություն է, Ֆազիլը լավ իրավաբան է, լավ փիլիսոփայական միտք ունի, սակայն նա, չլինելով պատմաբան, ճանապարհ է հարթում նման տեսակ սխալների համար:

«Իսկ Ռուսլան Բեշիրլին (Ֆազիլ Մուստաֆայի համախոհը) դավաճանի մեկն է, և ամոթ նրա նմաններին:»

Այս խոսքերի հեղինակն էլ «Նոր Մուսավաթ» կուսակցության ղեկավար Հաֆիզ Հաջիևն է, որը նաև ավելացրել է՝ նրանք, ովքեր այս հարցում պաշտպանում են Մուստաֆային և Բեշիրլիին, պետության, իրենց պետականության թշնամիներն են: Նա պատգամավոր է ընտրվել, ուրեմն թող պետության և ժողովրդի զարգացման համար գործի, ոչ էլ հայերի ջրաղացին ջուր լցնի: Ադրբեջանի յուրաքանչյուր քաղաքացի պետք է կոշտ ձևով քննադատի նմանօրինակ դրսևորումները:

«Վերջին ժամանակներս ինչ-որ հաճախ ենք հինգերորդ շարասյան մասին խոսում: Երբ հաշվում ենք բանտերում եղած հինգերորդ շարասյան ներկայացուցիչներին, մոռանում ենք անապատում մնացած անձանց, որոնցից մեկն էլ Ֆազիլ Մուստաֆան է»:

Այս «մտքի փայլատակման» հեղինակն էլ Դեմոկրատական ադրբեջանական աշխարհ կուսակցության նախագահ Ալիսահիբ Հուսեյնովն է: Վերջինս բավականին խիստ է մեկնաբանել:

«Ադրբեջանի պետականաշինության մեջ անգնահատելի տեղ ունեցած պատմական դեմքերին մեկ-մեկ քննադատության կրակին հանձնող այդ մարդուն դավաճան եմ համարում: Այսօր Բաբեկին, Շահ Իսմայիլին, Էլչիբեյին չհավանող անձը վաղը Ռեսուլզադեին, Հեյդար և Իլհամ Ալիևներին էլ թիրախի տակ կվերցնի: Այս մարդն իր տկար մտքով բոլորին քննադատում է, իմ կարծիքով՝ նրան սառը ցնցուղ է հարկավոր: Թո՛ղ, մի որոշ ժամանակ հեռացի՛ր քաղաքականությունից»:

Ինչպես տեսանք, ադրբեջանցիները «մասնագետ» են կոչում կուսակցությունների ղեկավարներին և առաջնորդվում նրանց խոսքերով, որոնք էլ ջանք չեն խնայում դուր գալու իրենց նախագահին: Իսկ ինչ վերաբերում է հայկական հակաքարոզչությանը, ապա մեզ եղածն էլ է բավավական, հայկական մամուլը ներկայացնում է այնպես, ինչպես կա, ոչ թե իրենց նման փաստերը խեղաթյուրելով, օր ու գիշեր բանսարկություններով զբաղվելով, ուրիշի հաշվին ինքնահաստատվելով:

Կից նյութերն այստեղ և այստեղ

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել