Մի քանի հարց Ռուսաստանի Հայերի միության նախագահ Արա Աբրահամյանին և ՀՀ Սփյուռքի նախարարուհի տիկին Հրանուշ Հակոբյանին և

առ որ անկ է

Վերջապես Ռուսաստանի Հայերի միության նախագահ Արա Աբրահամյանն էլ զարթնեց իր ձմեռային արջաքնից ու հայտարարություն տարածեց կապված Գյումրու դեպքերի հետ: Ի տարբերություն նախորդիվ տարածված որոշ հայտարարություններից, որոնք չհատեցին մտահոգության սահմանը, այս մեկով գոնե նշվեց, որ ցավակցություն է հայտնվում և այլն և այլն: Ես չեմ ուզի քննարկել այդ ցավակցությունը, սակայն կուզենամ ուշադրություն հրավիրել ինչպես գրությանս հիմնական հասցեատերերի, այնպես էլ բոլոր նրանց ովքեր խնդրով կհետաքրքրվեն, հետևյալ հարցի վրա.
Հայտնի բան է, որ Հայկական Սփյուռքը ունի հայերեն լեզվի պահպանության խնդիր ու հիմա ամեն կերպ փորձ է արվում այդ խնդիրը լուծել, որպեսզի հատկապես նոր սերունդը տիրապետի հայերենին կամ չմոռանա իմացած հայերենը: Սույնն աչքի առաջ ունենալով ինչպես է ստացվել, որ Ռուսաստանի Հայերի միության պաշտոնական կայքը` www.sarinfo.org բաղկացած է միայն ռուսերեն բաժնից և չունի հայերեն բաժին: Որքան հայտնի է, Ռուսաստանում ազգությունները իրավունք ունեն լիովին պահպանեն իրենց համայնքի ներսում իրենց լեզվական մշակութային ազգային և կրոնական ինքնությունն ու նույնիսկ պետությունը որոշակի գրանտներ է տրամադրում այդ նպատակով: Միաժամանակ նաև Ռուսաստանի Հայերի միությունը ազգային-համայնքային կառույց է: Հետևաբար, ենթադրելի է, որ վերջինս մտահոգ լիներ նաև հայերեն լեզվի պահպանության ու զարգացման կամ ամրապնդման խնդրով, Ռուսահայոց համայնքի ներսում: Բայց տեսականից գործնական իրականությանն անցնելիս այլ պատկեր ենք տեսնում, որ է` ՌՀՄ պաշտոնական կայքը միայն ռուսերենով է: Բացի այս սփյուռքահայ համայնքների հետ անմիջական աշխատանքներով, ազգապահպանության ու հայապահպանության քաղաքականությամբ զբաղվում է նաև ՀՀ Սփյուռքի նախարարությունը և սույնը նաև իրենց մտորելիք խնդիրն է:
Առայժմ առանց գնահատականներ հնչեցնելու ակնկալում եմ պատշաճ պատասխան ՌՀՄ-ից ու ՀՀ Սփյուռքի նախարարությունից:

 

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել