Այսօր վարչապետ Հովիկ Աբրահամյանի և Հայաստանում Եվրոպական միության պատվիրակության ղեկավար Տրայան Հրիսթեայի ներկայությամբ տրվեց ԵՄ-ՀՀ նոր համագործակցության մեկնարկը:

Կսկսվի ԵՄ-ի` ՀՀ-ին աջակցության նոր փաթեթը՝ շուրջ 77.5 մլն եվրո (44 մլրդ դրամ), որն իրենից ներկայացնում է ութ համաձայնագրեր: Վերջիններս կոչված են խթանելու երկկողմ համագործակցության առաջընթացը հիմնական ոլորտներում:

Այս ամենը կարելի է դրական քայլ արձանագրել ԵՏՄ անդամ դառնալու ֆոնին: Շատերը շտապում էին Հայաստանի և ԵՄ-ի համագործակցությունն ավարտված համարել և կանխատեսում էին արևմտյան երկրներից խիստ մեկուսացում: Ճիշտ կլինի` մի փոքր նկարագրենք սույն համագործակցության հիմնական ուղղությունները.

Գյուղատնտեսությանը և գյուղական համայնքների զարգացմանը կտրամադրվի 25 մլն եվրո, ինչը կապահովի գյուղատնտեսության արդյունավետ և կայուն զարգացումը՝ ստեղծելով նոր աշխատատեղեր, աջակցելով ֆերմերների ասոցիացիաներին և կոոպերատիվներին, մատչելի դարձնելով սննդի հասանելիությունը:

Տարածքային զարգացման ծրագրով հատկացվելիք 10 մլն եվրոն կուղղվի կոնկրետ նախագծերի (հանրային-մասնավոր համագործակցություն, զբաղվածության ապահովում, աշխատուժի ուսուցում) իրականացմանը՝ Հայաստանի մարզերի տնտեսական զարգացումը խթանելու նպատակով:

Կառավարման ոլորտում ԵՄ-ն այժմ հատուկ ուշադրություն է դարձնում հակակոռուպցիոն և քաղաքացիական ծառայության բարեփոխումների միջոցառումներին, որի համար կհատկացվի 21 մլն եվրո:

Սահմանների կառավարմանը և միգրացիային 4 մլն եվրոն կօգտագործվի Հայաստանի և ԵՄ-ի միջև շարժունակության, գործընկերության և մուտքի արտոնագրերի դյուրացմանը:

Երևանի մետրոյի համակարգի վերանորոգման վրա կծախսվի 5 մլն եվրո, իսկ Երևանում ջրամատակարարման ցանցի վերազինմանը` 5.5 մլն եվրո:

ԵՄ-ն կաջակցի նաև միջուկային անվտանգությանը՝ ռադիոակտիվ թափոնների կառավարման կարողությունների ամրապնդման միջոցով` տրամադրելով 1մլն եվրո:

Այսպիսով ակնհայտ է դառնում, որ ՀՀ-ի և ԵՄ-ի միջև համագործակցության շրջանակները լայն են և սահմանափակվելու միտում չունեն:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել