Այն, ինչ կատարվեց Գյումրիում, ցնցեց բոլորիս: Ես չեմ կարող պատկերացնել՝ ինչպիսի մարդկային տեսակ կարող է լինել հանցագործություն կատարող անձը: Հանցագործը լինի հայ, ռուս, թե վրացի, դա էական չէ, նա պետք է ենթարկվի օրենքի խստագույն պատժի: Նաև զայրույթ եմ ապրում՝ նայելով ֆեյսբուքյան գրառումներին: Որոշ քաղաքական և հասարակական ուժեր իրենց կողմից ստեղծված ֆեյքերի միջոցով փորձում են սերմանել հակառուսական տրամադրություններ: Հարգելի իմ հայրենակիցներ, խնդրում եմ չենթարկվել պրովոկացիաներին: Անհասկանալի է, որ ամբողջ ֆեյսբուքյան էջերն ու մամուլը գովազդում ու կոչ են անում, թե պետք է բողոքի ցույց արվի Գյումրիի հրապարակում: Հարգելի ընկերներ, ևս մեկ անգամ ասում եմ, տարբերություն չկա՝ լինի հայ, ռուս, թե վրացի: Խնդրում և պահանջում եմ, որ այս ողբերգությունը չքաղաքականացնեք: Կոչ եմ անում հասարակական և քաղաքական գործիչներին չբորբոքել կրքերը և պատճառներ ման չգալ հակառուսական քարոզներ անելու համար: Մեր ժողովուրդը գերազանց հասկանում է, որ մեկ կամ երկու անձը չի կարող ներկայացնել ամբողջ ազգի դեմքը: Ցավակցում եմ անմեղ զոհերի հարազատներին և մեզ բոլորիս: Համոզված եմ, որ մարդասպանները շատ շուտ կհայտնաբերվեն և կպատժվեն օրենքի ամբողջ խստությամբ:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել