ՌԴ Արտգործնախարարությունից հայտարարել են, որ Ռուսաստանը ցավակցում է Հայաստանին` Գյումրիում տեղի ունեցած դեպքի կապակցությամբ:

Բացի այդ` Հայաստանում Ռուսաստանի դեսպանատան ռազմական կցորդ Անդրեյ Բերեզկինը հանդիպում է ունեցել ՀՀ պաշտպանության նախարարի առաջին տեղակալ Դավիթ Տոնոյանի հետ, որի ժամանակ երկկողմ պատրաստակամություն են հայտնել անցկացնելու միջադեպի շուտափույթ, խորը և անաչառ հետաքննություն:

Ավելի վաղ` Գյումրիում տեղի ունեցած ողբերգության առիթով Հայաստանում ՌԴ-ի դեսպանատունը հայտարարություն է տարածել:

Հայտարարության մեջ, մասնավորապես, ասված է. «Ցնցված ենք Գյումրու սարսափելի ողբերգությունից: Սգում ենք հայ ժողովրդի հետ միասին: Ցավակցում ենք զոհերի հարազատներին ու մտերիմներին:
Այդ սարսափելի հանցագործությունը կատարողները պետք է կրեն ամենախիստ պատիժը: Ներկա դրությամբ Հայաստանի Հանրապետության և Ռուսաստանի Դաշնության պատկան մարմիններն իրականացնում են անհրաժեշտ քննչական պրոցեդուրաները, որոնց նպատակն է՝ կատարվածի օբյեկտիվ ու բազմակողմ հետաքննությունը: Քննչական խմբերը կոորդինացնում են իրենց ջանքերը՝ լիովին համապատասխան Հանրապետության տարածքում 102-րդ ռազմական բազայի գտնվելու պայմանների մասին Համաձայնագրին»:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել