ՀՀ պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանը վաղը կմեկնի Գյումրի: Նախարարը հանդիպում կունենա Գյումրիում տեղի ունեցած սպանության հանգամանքները քննելու համար Մոսկվայից ժամանած քննչական հատուկ հանձնաժողովի անդամների հետ:

Մինչ այդ որոշումը Գյումրիում տեղի ունեցած ողբերգության առիթով Հայաստանում ՌԴ-ի դեսպանատունը հայտարարություն է տարածել:

Հայտարարության մեջ, մասնավորապես, ասված է. «Ցնցված ենք Գյումրու սարսափելի ողբերգությունից: Սգում ենք հայ ժողովրդի հետ միասին: Ցավակցում ենք զոհերի հարազատներին ու մտերիմներին:

Այդ սարսափելի հանցագործությունը կատարողները պետք է կրեն ամենախիստ պատիժը: Ներկա դրությամբ Հայաստանի Հանրապետության և Ռուսաստանի Դաշնության պատկան մարմիններն իրականացնում են անհրաժեշտ քննչական պրոցեդուրաները, որոնց նպատակն է կատարվածի օբյեկտիվ ու բազմակողմ հետաքննությունը:

Քննչական խմբերը կոորդինացնում են իրենց ջանքերը՝ լիովին համապատասխան Հանրապետության տարածքում 102-րդ ռազմական բազայի գտնվելու պայմանների մասին Համաձայնագրին։» 

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել