Ձեզ ենք ներկայացնում thePo.st կայքում հրապարակված հոդվածի ամբողջական թարգմանությունը.

«Ես հարաբերությունների մեջ չեմ, ամուսնացած չեմ, մշտական զուգընկեր չունեմ արդեն երկու տարի ու ասեմ ձեզ, որ սա փորձ է, որը բարդ սխալների զավակն է։ Ու գիտե՞ք ինչ, ես ոչ թե պարզապես զայրանում եմ, այլ շատ եմ զայրանում, երբ ամուսնացած ինչ-որ կին սկսում է գանգատվել իր ամուսնուց։ Ահավոր եմ զայրանում։

Ու վերջին անգամ ես այդպես զայրացա երեկ՝ ուշ երեկոյան, երբ նման խոսակցություն ունեցա, որի մոտիվներով ցանկացա գրել հետևյալը։

Միայնակ կյանքն ինձ սովորեցրել է, որ ահավոր հարմար է, երբ կողքդ տղամարդ կա։ Կենդանի, հետաքրքրված, հարազատ, տվյալ պահին պարզապես ավելի խելացի մեկը, ով փող ունի, երբ իմ փողերը վերջացել են, ով ունի ձեռքեր, շրթունքներ ու անդամ, երբ ես ուզում եմ սիրել, և ով ունի կանանց ոչ հատուկ մկանային ուժ։

Սակայն ամենակարևորը, ուշադրությո՛ւն, խնդրում եմ, այն է, որ նա ամեն օր ընտրում է ԼԻՆԵԼ ԻՆՁ ՀԵՏ։

Ալլո, ամուսնացած աղջիկներ ու կանայք, դուք ինձ լսո՞ւմ եք։ Դա ես եմ ձեզ ասում՝ ազատ հարաբերություններում գտնվող կինս։ Ձեր տղամարդն ամեն օր է այդ ընտրությունն անում ու ձեր բոլոր ինֆանտիլ բացատրությունները, թե ինչի է նա այդպես անում, հիմարություն են։

Եկեք հերթով դիտարկենք կետերը.

«Նա ինձ հետ է երեխայի համար»

էհեհե՜յ, մի հատ աչքի տակով անցկացրեք երեխաներով ընտանիքներում ամուսնալուծությունների վիճակագրությունը ու հասկացեք, որ տղամարդիկ լքում են իրենց ընտանիքները, անգամ եթե երեխաներ կան։ Նրանք անում են այդպես, ու երեխան նրանց չի կարող կանգնեցնել։ Վե՛րջ։

«Նա ինձ հետ է, որովհետև այդ կերպ նրան ավելի հարմար է»

Ըհը... Պարզապես ինչ-որ մեկը Ձեզ խաբել է։ Եկեք նայենք իրականության աչքերի մեջ. Դուք այդ ի՞նչ հատուկ ու հարմար բան ունեք նրա համար, որ ուրիշները չունեն։ Դուք խոշոր հարստության ժառանգո՞րդ եք։ Դուք նրա վստահելի ու ստուգված զուգընկե՞րն եք, ով անում է նրա ողջ աշխատանքը։ Մի՞թե Դուք Անջելինա Ջոլին եք, ու նրան բոլորը նախանձում են, չէ՞...

Դուք լվանում եք նրա գուլպաները ու կերակուր եք պատրաստում նրա համար։ Ահա։ Այո, դա շատ հարմար է, գժվել կարելի է։ Դա, իհարկե, հենց այն է, հանուն ինչի արժի հանդուրժել Ձեր հիստերիկ վարքը, սպառնալիքները, լռությունը, բարդույթները, առավոտյան և երեկոյան դեպրեսիաները, ճարպային կուտակումները, սեքսից խուսափելու համար հորինվող գլխացավերը, Ձեր մայրիկին... Ու այս ամենը հանուն մի զույգ մաքուր գուլպաների ու մեկ աման բորշչի՞...

Դուք իրո՞ք համարում եք, որ տղամարդիկ իդիոտներ են ու ի զորու չեն համեմատել իրենց ներդրումն ու եկամուտները։ Չմոռանանք, որ լավագույն ֆինանսիստները բոլորն էլ տղամարդիկ են, ու դուք նրանց թերագնահատում եք դեռ։ Աղջիկներ, պարզապես նայեք ինքներդ ձեզ հայելու մեջ, երբ ինչ-որ բանից դժգոհ եք։ Հետո մտորեք, թե որքան հաճախ եք դուք գոհ լինում, իսկ հետո փորձեք համոզել ինքներդ ձեզ, որ կյանքը ձեզ հետ քաղցր բլիթի պես բան է... ըհը...

«Նա դա անում է իներցիայով»

Անհնար է գործարկել իներցիայի ուժը, եթե չկա գիտակցված ընտրության գործոնը։ Ես ստուգել եմ. ոչ մի իներցիա էլ չի միանում։ Մարդը քեզ հետ չէ այլևս և վերջ, ու ոչ մի իներցիա։

«Նա ավելի լավ տարբերակներ չունի»

Ունի. ես ավելի լավ տարբերակ եմ, օրինակ։ Ես նրա նյարդերը չեմ քայքայի, չեմ պահանջի իմ բոլոր ակնկալիքների իրականացում, չեմ փորձի նրան բացատրել, թե ինչ պետք է նա զգա իմ հանդեպ։ Ու հա, ես մինչև կիսամեռության աստիճան սեքսով կզբաղվեմ նրա հետ պարբերաբար, որովհետև դա կայֆ է։

Ու երբ նա ինձ օրվա ծախսերիս համար 1000 ռուբլի տա, ես կհիշեմ, որ օրեր կային, երբ ստիպված էի հաց ու մայոնեզ ուտել, որովհետև ուրիշ բանի փող չուներ։ Ու կասեմ. հիանալի է, շնորհակալ եմ սիրելիս։ Ես ավելի լավ տարբերակ եմ ու ես ազատ եմ, բայց նա Ձեզ հետ է։ Դա Ձեզ չի՞ զարմացնում։

«Բացի ինձանից նա ոչ մեկին պետք չէ»

Պետք է։ Ինձ է պետք։ Նայիր վերևի կետը։

«Ես արքայադուստր եմ, ցանկացածը կերազեր իմ մասին»

Հրաշալի է: Ինչպես ասում էր իմ սիրելի վերադասներից մեկը՝ իսկ այժմ եկեք 10 սանտիմետր առաջ մտածենք։ Ինչի՞ց Դուք ենթադրեցիք դա։ Փորձեք հիշել. ազիզ ջան, պետք չէ շփոթել ծնողական փաղաքշական խոսքն օբյեկտիվ իրականության հետ։ Դա պարզապես նրանց ծնողական սիրո արտահայտման ձև է, ոչ թե ձեր արժանիքների գնահատական։

Ու ի՞նչ է Ձեր ամուսինը ստանում Ձեր այդ «տիտղոսից»։ Ըստ էության, ոչինչ։ Ո՛չ ժառանգվող հողեր, ոչ բանակ, ոչ գանձարան, այլ պարզապես նյարդային թութք՝ Ձեր հալյուցինացիաները սպասարկելու հողի վրա։ Քմահաճույքներ, նեղացած ձևեր, մտացածին խնդիրներ ու անհամարժեք ծախսեր։ Եթե նա իր հերթին մտածեր 10 սանտիմետր առաջ, ապա բինգո՛, փնտրեք նոր հիմար։ Եթե չմտածի... Ձեր բախտը բերել է, արքայադուստր, եթե կյանքի նման ֆորմատը կարելի է բախտ համարել։

«Ես հիանալի տան տնտեսուհի եմ, առանց ինձ նա ոչինչ չի կարող»

Կարող է, այն էլ ինչպես։ Իմ աչքերով եմ տեսել։ Երբ մայրս ընկավ աստրալի գիրկը ու էլ ի զորու չէր տնով զբաղվել, ասպարեզ դուրս եկավ իմ «թափթփված» հայրը, և պարզվեց, որ նա ամեն ինչից էլ գլուխ հանում է. ինչը որտեղից գնել, որ էժան լինի, ինչպես սև օրվա համար մի երկու կոպեկ հետ գցել իր համեստ վաստակից և այլն։

Պարզվեց, որ տղամարդը ԿԱՐՈՂ է անել այդ ամենը, ու կինը նրան պետք է ՈՉ ԴՐԱ ՀԱՄԱՐ։ Ես հարցրեցի հորս, թե ինչու է նա շարունակում մնալ մորս հետ։ Նա չկարողացավ պատասխանել կամ էլ ես չեմ հիշում։ Մայրս վստահ էր, որ ամուսինն իրեն շատ չէր սիրում ու հասկանում։ Ըհը...

Միայն թե նա մորս հետ ապրեց իր ողջ կյանքը՝ ի հեճուկս մորս բոլոր թերությունների ու մահացավ կաթվածից 56 տարեկանում։ Հավանաբար, դա նրան շատ հարմար էր։ Ի դեպ, թաղեցինք նրան հենց նրա «սև օրերի համար հետ գցած» փողերով, իսկ նրա կանայք այդպես էլ ի վիճակի չեղան բավարար վաստակել՝ նրան ըստ արժանվույնս վերջին ճամփա գցելու համար։

Եթե Ձեր մոտ առաջանան գանգատներ Ձեր ամուսնուց, մի զանգահարեք ինձ, պարզապես կարդացեք այս գրառումը և վերջապես հասկացեք, որ Ձեր տղամարդու ամենօրյա որոշումը՝ Ձեզ հետ լինելու մասին, իրոք առկա է։ Այն իրոք կա, ու իրոք տղամարդն այն կատարում է ամեն օր, և դա առնվազն երախտապարտության արժանի կեցվածք է։ Զբաղվեք Ձեզանով ու ազնվորեն պատասխանեք այն հարցին, թե ինչ եք Դուք արել հարաբերությունների համար, որպեսզի դրանք լինեն ջերմ, մարդկային ու լավը։

Ձեզ դուր չի՞ գալիս Ձեր տղամարդը։ Ուրեմն ամեն, ավելի լավ է ուշ, քան երբեք։ Մոտեցեք հայելուն ու ինքներդ Ձեր աչքերին նայելով՝ ազնվորեն պատասխանեք հետևյալ հարցին. իսկ ո՞վ էր Ձեզ ստիպում ամուսնանալ նրա հետ։ Չկա՞ նման չարագործ, ուրեմն մեղավորն ինքներդ եք, ու պետք չէ հիվանդ գլխից առողջի վրա բարդել մեղքը։ Ինչպես ասում էր տատս. «Не хочешь срать - не мучай попу»: Հեռացեք ու մի խանգարեք այդ մարդուն՝ իր բոլոր թերություններով հանդերձ, լինել սիրված ու երջանիկ ուրիշ մեկի հետ։

Ուզո՞ւմ եք միասին մնալ։ Նստեք ու թղթի վրա գրեք Ձեր գործողությունները նրա հանդեպ վերջին մեկ շաբաթվա ընթացքում։ Ներառեք սեքսադուլները, նրա զանգերին չպատասխանելը՝ զուտ նրան նյարդայնացնելու համար, բաց հագնվելը խանդի առիթ տալու համար, անկախ կեցվածքը, որպեսզի իմանա, որ նա այդքան էլ կարևոր չէ... Ու եթե այդքանից հետո ցանկություն լինի, շարունակեք խաբել ինքներդ Ձեզ, որ նման կերպով Դուք կհասնեք սիրո ու ըմբռնման։

Ադիոս ամիգոս, աղջիկներ։ Կներեք, որ քիչ կոպիտ էի, բայց այսօր ինձ մոտ այսպես ստացվեց։

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել