Տարին նոր է սկսվել, և ընդամենը անցել է 11 օր, ու մենք սահմանում այս օրերի ընթացքում տվել ենք արդեն հինգերորդ զոհը...
Ես չգիտեմ, թե ով ինչ է խոսում, երբ, ում հետ, ինչ ֆորմատով ինչ հեղափոխություն է ցանկանում անել, ինչ փոփոխություն է պատրաստվում իրականացնել ու առհասարակ ինչպես է պատրաստվում մեր բոլորի կյանքը դարձնել բարեկեցիկ ու ես շատ գիտեմ թե ինչ, ինձ համար մի բան հստակ է. Հայ ժողովուրդն ընդհանրապես, իսկ ավելի կոնկրետ` Հայաստանի Հանրապետության քաղաքացիները մասնավորապես, այս տարի մեկ բան պետք է որոշեն` ՊԱՏԵՐԱ՞ԶՄ, ԹԵ՞ ԽԱՂԱՂՈՒԹՅՈՒՆ…
Անկեղծ ասած, ես իսկապես հոգնել եմ այս ինքնաոչնչացման իներցիոն ընթացքից։
Բոլորս վախենում ենք խոսել, ասել դառը ճշմարտությունը, կիսատ ենք խոսում ու չենք ուզում մեկ անգամ բարձրաձայնել, որ այսպես շարունակվել այլևս հնարավոր չէ… որ մեր զավակները զոհվում են հանուն… հանու՞ն…
Ինչպես ասում են, համբերությունն էլ իր սահմանն ունի… Ամեն մի «հարց լուծող»` կլինի պատգամավոր, օլիգարխ, քուչի լավ տղա, ազգի գեներալ ու չգիտեմ էլ թե ինչ, դարձել է Բաքուն գրավող ազգային հերոս։
Օրումեջ լսում ես սրանց ամպագոռգոռ հայրենասիրական պաթոսային ելույթներն ու չգիտես` ինչ ասես։
Իսկ եթե ճիշտ, սրանցից մի մասին հաջողվել է ընդամենը գրավել Երևանը` իր առանձին թաղերով, մյուսին` Էջմիածինը, մյուսին` Կոտայքը, մյուսին` Սյունիքը, մյուսին` Արարատը, և այսպես` ամբողջ հայրենիքը… մինչև հայրենիքի վերջնական զավթումը։
Բաքուն գրավողներիս տեսեք...

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել