Ըստ Զեքի Ալ Դին արաբագիր պատմիչի տեղեկությունների՝ Երուսաղեմի հայոց ամենապատիվ պատրիարք Աբրահամ արքեպիսկոպոսը, տեսնելով Սուրբ Երկրում Մուհամմեդի աճող զորությունը, 626 թվականին անձամբ այցելում և տեսակցում է նրան՝ մարգարեից ստանալով բարեհաճ վերաբերմունք Երուսաղեմի հայ բնակչության նկատմամբ: Իսլամի հիմնադիրը հընթացս հանդիպման ընդունում է մի հաստատագիր վճիռ, ըստ որի՝ ապահովում էին Երուսաղիմա Հայոց Եկեղեցու իրավունքները: Ստորև ներկայացնում եմ արաբագիր պատմիչի հաղորդած Հաստատագիրը.
«Ես Մուհամմեդ, որդի Աբդուլլահի, մարգարե և առաքյալ Աստուծո, Աբրահամ պատրիարքին և Երուսաղեմ ու Դամասկոս ու Արաբիո մյուս սահմանները գտնվող հայոց եպիսկոպոսներին ու վարդապետներին և իրենց հպատակ ժողովուրդներին, այսինքն՝ Երուսաղիմա մեջ բնակվող եթովպիացիներին, ղպտիներին ու ասորիներին շնորհեցի բոլոր իրենց վանքերը, եկեղեցիներն ու դպրոցները, կալվածներն ու արտերը: Ես Աստծո առաքյալ, վկայությամբ Աստուծո, ինչպես նաև մոտս եղող բոլոր այր և կին մարդկանց խղճի վկայությամբ, խոստացա և տվի Երուսաղեմում գտնվող եկեղեցիները՝ Սուրբ Հարության տաճարը և Սուրբ Հակոբ կոչված մեծ եկեղեցին, որ Սուրբ Քաղաքի հարավկողմի դիմացն է և Սիոնի վանքի մոտ, տվի նաև Ձիթենիի վանքը և Քրիստոսի բանտի վանքը, Բեթղեհեմի եկեղեցին և Սուրբ Հովհաննեսի ու Սամարիայի մատուռները և Սուրբ Հարության տաճարի ետևի աղոթարաններն ու ամբողջ Գողգոթան՝ վերնահարկով ու ներքնահարկով և Քրիստոսի գերեզմանը, ուր լույսն են վառում, ու կրոնավորական բոլոր ուխտատեղիները, լեռներն ու ձորերը, կալվածներն ու ստացվածքները նրանց տվի՝ Աստուծո առաքյալի ու բոլոր մուսլիմ հավատացյալների վկայությամբ»:
Այս Հաստատագիրը վկայում է նաև Սալահեդդինն իր՝ 1187 թ. Երուսաղեմի հայոց Եկեղեցուն տրված արտոնյալ կարգավիճակի մեջ: Երբ հետագայում Օմար խալիֆը (634-644թթ.) 636թ. գրավում է Երուսաղեմը, հետևելով մարգարեի օրինակին, նման արտոնյալ կարգավիճակ է շնորհում դարձյալ Երուսաղեմի հայոց պատրիարքությանը՝ ի դեմս Երուսաղիմա հայոց պատրիարք Եզեկիելի որդի Գրիգոր Ուրֆայեցուն:
Ուշագրավ է, որ համաշխարհային պատմագրության մեջ Մուհամմեդի մասին հնագույն գրավոր հիշատակությունը վերաբերվում է Սեբեոս հայոց պատմիչին՝ 7-րդ դարում: Միաժամանակ իսլամի մասին արժեքավոր տեղեկություններ են քաղել հայ մատենագիրներ Ղևոնդն 8-րդ դարում, Թովմա Արծրունին 9-րդ դարում, Մովսես Կաղականտվեցին 10-րդ դարում, Մխիթար Անեցին 12-13-րդ դարերում, Վարդան Արևելցին 13-րդ դարում, Գրիգոր Տաթևացին 14-րդ դարում և այլն: Վերջիներս, անշուշտ, Իսլամի մարգարեի վերաբերյալ մերժողական և բացասական վերաբերմունք են դրսևորել՝ նրան կոչելով կեղծ մարգարե: Հայ պատմագիրները նաև իրենց գործերում հաճախակի են ներկայացրել Մուհամմեդի և նրա կարծեցյալ ուսուցչի՝ Բահիրայի՝ հայազգի այդ աղանդավոր վանականի միջև հանդիպումներն ու քրիստոնեության ու հուդայականության մերժման վերջիներիս համընդհանուր ջանքերը: Երբ տեղի ունեցավ Հայոց Մեծ Եղեռնը, արաբները, որոնք շուրջ 400 տարի գտնվելով թուրքական տիրապետության ճիրաններում, ոչ միայն հրաշեկ, տոթակեզ ավազուտ իրենց անապատներում հաց, ջուր և կացարան տվեցին հայերին, այլև Մեքքայի հոգևոր գերագույն շերիֆ Հուսեյնն առաջինը դատապարտեց հայերի նկատմամբ կատարված ոճիրը:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել