Ոչ մեկի համար էլ գաղտնիք չէ, որ կրեատիվ մարդիկ տարբերվում են մյուսներից թե՛ իրենց վարքով, թե՛ մտածելակերպով, թե՛ աշխարհի հանդեպ ունեցած վերաբերմունքով։ Նրանք գրավիչ են ու անդիմադրելի, թեպետ ոմանց համար նրանց վարքն անընդունելի է, քանի որ դուրս է ստանդարտներից։ Ինչպես հայտնի է, ոմանք ստանդարտից դուրս ամեն բան դիտարկում են իբրև տարօրինակ, սակայն ո՞վ ասաց, որ տարօրինակ լինելը վատ բան է։ Կան տարօրինակություններ, որոնք զարդարում են մարդուն։
Եթե այս 15 կետից գոնե 10-ը համապատասխանում են Ձեզ, ուրեմն կարող եք համարձակորեն ինքներդ Ձեզ կրեատիվ մարդ անվանել։ Ի դեպ, այս հոդվածը կարող է օգնել Ձեզ նաև Ձեր շրջապատի այլ մարդկանց կրեատիվության աստիճանը որոշել՝ ծառայելով իբրև յուրատեսակ թեստ։
1. Նրանք չեն սիրում հստակ կանոններով շարժվել։
Նրանք սիրում են ստեղծել իրենց սեփական կանոնները և թքած ունեն, թե ինչպես կարձագանքեն մյուսներն այդ կանոններին։ Նրանք հաճախ անկանոն շարժումներով բարձրանում են դեպի իրենց երազանքը, ժամանակ առ ժամանակ գայթում, սակայն միշտ էլ շարունակում իրենց ուղին։ Նրանց համար վերջնակետ չկա։ Որքան էլ որ վեր բարձրանան, միևնույնն է, նրանք ձգտում են անհաս բարձունքների և երբեք կանգ չեն առնում, այլ միայն պարբերաբար ժամանակավոր դադարներ են տալիս։
2. Նրանք շատ են երազում։
Նրանք կողքիդ են, բայցև քեզնից անսահման հեռու։ Նրանք ցանկացած պահի կարող են մտովի ուղևորվել այս կամ այն էկզոտիկ երկիրը կամ անգամ որևէ մտացածին վայր, որը սոսկ նրանց երևակայության արդյունքն է։ Դա կարող է երբեմն զայրացնել Ձեզ խոսակցության ժամանակ, սակայն նրանք պարզապես այդպիսին են։
3. Նրանք հեշտությամբ ձանձրանում են։
Ակտիվ մնալու համար նրանց մոտիվացիա է պետք։ Նրանք հազիվ թե իրենց ուժերը կենտրոնացնեն այնպիսի բանի վրա, որը նրանք չեն սիրում։ Եթե ստիպված լինեն զբաղվել այնպիսի գործով, որը նրանց սրտով չէ, նրանք շատ շուտ կձանձրանան դրանից։
4. Նրանք աշխարհին նայում են մանկան աչքերով
Նրանց մի մասնիկը միշտ մանուկ է մնում։ Որքան էլ որ խելամիտ լինեն նրանք, որոշ պահերի նրանք ունակ են իսկական խենթությունների։ Այո, նրանք երբեմն մանկամիտ են, սակայն բառիս լավագույն իմաստով։
5. Նրանք անգամ ձախողվելուց հետո ձեռք չեն քաշում իրենց նախաձեռնած գործերից։
Կյանքը հեշտ բան չէ, ու բոլորս էլ ժամանակ առ ժամանակ ձախողումներ ենք կրում։ Յուրաքանչյուր հաջողակ մարդ կյանքում գոնե մեկ անգամ անհաջողության է մատնվել, սակայն հենց այդ ձախողումներն էլ հաճախ օգնում են ավելի վեր բարձրանալ։
6. Շրջապատի մարդիկ նրանց հորդորում են կարգին աշխատանք գտնել։
Կրեատիվ մարդիկ աշխատանքային հարցազրույցի ժամանակ էլ չեն կորցնում իրենց յուրօրինակությունը։ Որոշ գործատուների այդ յուրօրինակությունը վախեցնում է։ Շատ գործատուներ խուսափում են ընդունել այնպիսի աշխատակցի, ով չի սիրում ենթարկվել հստակ կանոնների, ով ստանդարտից դուրս է մտածում, ով կարող է հակառակվել իր վերադասին։
7. Նրանք կորում են ժամանակի մեջ
Երբ կրեատիվ մարդիկ ստեղծագործում են, նրանք մոլորվում են ժամանակի ու տարածության մեջ։ Այդ ընթացքում նրանք կարող են մոռանալ ուտել, խմել և անգամ քնել։ Ստեղծագործական գործընթացում նրանք սնվում են բառերով, գույներով ու գաղափարներով։
8. Նրանք աշխատում են, երբ Դուք քնում եք և քնում են, երբ Դուք աշխատում եք։
Մուսան պատվերով չի գալիս։ Եթե այն միայն ուշ ժամերին է բարեհաճում, ապա ինչ արած, պետք է սիրալիր ընդունել նրան։ Կրեատիվ մարդիկ այդպես էլ անում են։ Եթե նրանք ինչ-որ փայլուն միտք են հղացել գիշերվա կեսին, նրանք չեն զլանա անկողնուց վեր կենալ, հարկ եղած դեպքում գրի առնել, մշակել, վերամշակել ու, եթե պետք լինի, անգամ հենց այդ ժամին էլ իրագործել այդ միտքը։
9. Նրանք հնարավորություն են տեսնում այնտեղ, որտեղ մարդկանց մեծ մասը դժվարություն են տեսնում։
Նրանք կարողանում են ամեն մի դժվար իրավիճակում լուսավոր կետ տեսնել։ Նրանք շատ հնարամիտ են ու կարող են անգամ ամենաանբարենպաստ իրադրությունը հօգուտ իրենց ծառայեցնել։
10. Նրանք սիրահարվում են իրենց իսկ ստեղծագործություններից, իսկ մի օր անց սկսում ատել դրանք։
Նրանք մերթ ինքնահավան են, մերթ ինքնաքննադատ իրենց ստեղծագործությունները գնահատելիս։ Առհասարակ, նրանք փոփոխական մարդիկ են։
11. Նրանք միաժամանակ համեստ են ու հպարտ։
Նրանք պարծենկոտ չեն, երբեմն տատանվում են, երբեմն չափից դուրս պահանջկոտ են իրենց իսկ նկատմամբ, սակայն ցանկալի արդյունքին հասնելուց հետո նրանք ինքնավստահություն են ձեռք բերում ու հպարտանում իրենց աշխատանքով։
12. Նրանք միշտ ինքնադրսևորման նոր ձևեր են որոնում։
Նրանք չեն սահմանափակվում իրենց մասնագիտությամբ կամ աշխատանքով, այլ փորձում են իրենց ուժերն այլ ասպարեզներում ևս։ Դա միշտ չէ, որ ստացվում է, սակայն փորձարկումները նրանցից անպակաս են։
13. Նրանք հակված են հետաձգել իրենց անելիքները։
Նրանք ատում են վերջնաժամկետները հենց այն պատճառով, որ ուրիշի կողմից սահմանված հստակ կանոնները խորթ են իրենց։ Եթե նրանց ինչ-որ աշխատանք է հանձնարարվում, նրանք կարող են շարունակ հետաձգել, սակայն վերջնաժամկետից ընդամենը մեկ օր առաջ փայլուն ավարտել ողջ աշխատանքը։
14. Հիմնականում նրանք թվեր չեն սիրում։
Անշուշտ, այս կետը որոշ վերապահումներով է, քանի որ կան բազում հանճարեղ մաթեմատիկոսներ կամ պատմաբաններ, ովքեր աչքի են ընկնում իրենց կրեատիվությամբ։ Այնուամենայնիվ, կրեատիվ մարդկանց մեծ մասը չեն սիրում թվեր։ Նրանք կարող են զարմացնել Ձեզ իրենց մտավոր ունակություններով, սակայն գլուխ չհանել անգամ պարզագույն մաթեմատիկական խնդրից։
15. Նրանք հոյակապ դիտողականություն ունեն։
Նրանք սիրում են ուսումնասիրել շրջակա աշխարհը և ունակ են նկատելու անգամ մանրուքները, որոնք վրիպում են մյուսների աչքից։ Այդ մանրուքները նրանց համար մանրուք չեն։ Գուցե ինչ-որ այդպիսի մանրուք էլ դառնա նրանց ոգեշնչման աղբյուրը, ու նրանց հերթական փայլուն ստեղծագործությունը ծնվի հենց այդպիսի մանրուք տեսնելուց հետո։