Ռուս-ամերիկյան հարաբերությունների վատթարացման պայմաններում բավական ակտիվ արտաքին քաղաքականություն սկսեց վարել Չինաստանը: Պեկինում լավ հասկանում են, որ եթե Մոսկվայում տապալվի Վլադիմիր Պուտինի վարչակարգը, հերթը կհասնի նաև Չինաստանի մասնատմանը: Այդ պատճառով ՉԺՀ ղեկավարությունը փորձում է ամեն ինչով սատարել Ռուսաստանին: Առաջին հերթին` լուրջ օգնություն է ցուցաբերվում տնտեսական դաշտում` 2014 թվականին ստորագրվեց դարակազմիկ ռուս–չինական գազային պայմանագիրը: Բացի այդ` Պեկինը դատապարտեց հակառուսական ցանկացած սանկցիա՝ անվանելով միջազգային նորմերի կոպիտ խախտում, իսկ Ուկրաինայում իրավիճակի սրման համար պատասխանատուն անվանեց միայն Եվրամիությանը և Միացյալ Նահանգներին:

Բնական է, որ Կոմունիստական Չինաստանի նման գործելաոճն անհանդուրժելի է Վաշինգտոնի համար, և վերջինս փորձեց տապալել նրա տնտեսական շուկան` Չինաստանի կազմում հատուկ կարգավիճակ ունեցող Հոնկոնգում կազմակերպելով անկարգություններ: Հոնկոնգյան բիրժայի անկումից հետո սպասվում էր, որ տնտեսական ճգնաժամը կպատեր նաև Չինաստանը, սակայն արդյունքում եղավ հակառակը` Պեկինն առաջինը հրաժարվեց դոլարով միջազգային առևտրից:

Եթե մինչև 2014 թվականը Չինաստանի տնտեսական էքսպանսիան սահմանափակվում էր Աֆրիկայով, որի երկրներին նա շռայլորեն «գնում» էր` տրամադրելով վարկեր և օգնություն, ապա 2014-ին Պեկինն ակտիվանում է նույնիսկ Լատինական Ամերիկայում: Տնտեսական համագործակցության պայմանագրեր են ստորագրվում Վենեսուելայի, Բոլիվիայի հետ, իսկ դեկտեմբերին` Հոնդուրասի: Ի դեպ, վերջինս գտնվում է ամերիկյան վարչակարգի մեծ ազդեցության ներքո և Չինաստանի հետ դիվանագիտական հարաբերությունները հաստատել էր միայն 2007 թվականին: ԱՄՆ սատելիտի հետ նման պայմանագրի ստորագրումը մատնանշում է, որ Վաշինգտոնը լուրջ հարված ստացավ արդեն իսկ իր անմիջական կենսոլորտում:

Չինաստանի ակտիվացումը փորձում էին կասեցնել հարևանների հետ տարածքային վեճեր սանձազերծելով, մասնավորապես` Ճապոնիայի, Վիետնամի և Ֆիլիպինների հետ Հարավ-Չինական ծովի ավազանում, բայց, բարեբախտաբար, անհաջող: Ավելին, փորձ կատարվեց չին-հնդկական բախում հրահրել Քաշմիրում, արևմտյան լրատվամիջոցները լցված էին հրապարակումներով, թե Պեկինը մտադիր է զավթել ռուսաստանյան Հեռավոր Արևելքը: Ի պատասխան` Ռուսաստանը, Հնդկաստանը և Չինաստանը կայունացնում էին իրենց համագործակցությունը թե ԲՌԻԿՍ-ում և թե Շանհայի համագործակցության շրջանակներում:

Այնուամենայնիվ, Չինաստանի ռազմական և տնտեսական հզորացումը հանգեցրեց նրան, որ Ճապոնիան 1945 թվականից ի վեր առաջին անգամ հնարավորություն ստացավ պաշտպանական զորքեր ունենալ: Տարվա ընթացքում բավական լարված իրավիճակ մնաց նաև Կորեական թերակղզում, որը, փաստացի, կարող է մի օր դառնալ Չինաստանի «աքիլեսյան գարշապարը»:

Այսպիսով` ռուս-չինական համագործակցությունը նոր հորիզոններ ունի, սակայն պայմանավորված է արտաքին մարտահրավերներով: Չինաստանը կշարունակի էքսպանսիան դեպի Աֆրիկա և Լատինական Ամերիկա, քանի դեռ Միացյալ Նահանգները զբաղված են Ռուսաստանի դիրքերի թուլացման գործընթացով:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել