Երբ «Իսլամական Պետությունը» Մերձավոր Արևելքում հրեշավոր գործողություններ էր ծավալել, իսկ վերջին մի քանի ամիսներին եզդի ժողովրդի ֆիզիկական բնաջնջում էր իրականացնում, համաշխարհային լիդերներն ու գերտերությունները` չհաշված որոշ ծաղրածուների «ջենտլմենական»  ձևական հայտարարություններ, մի նորմալ ծպտուն չհանեցին ու այդ ամենը կանխելուն ուղղված գործնական որևէ քայլ չարեցին: Երբ որ եզդիներս աղաղակում էինք, աշխարհին ու քաղաքական լիդերներին զգոնանալու կոչեր էինք անում և զգուշացնում, որ Իսլամական Պետության սանձարձակությունները պետք է կանխել, այլապես այն վաղ թե ուշ դուրս է գալու, գործելու է բոլորի դեմ, ցավոք այդպես էլ այդ կոչերն անարձագանք մնացին ու այդպես էլ չգիտակցվեց այս խմբավորման իրական վտանգը: Իսկ հիմա այդ ամենն աստիճանաբար կյանքի է կոչվում. այսօր իսլամիստները Եվրոպայի սրտում լրագրողների են գնդակահարում (ամենևին էական չէ` տեղին են դա արել, թե ոչ, համենայդեպս եզդիներին Մուհամեդ մարգարեի ծաղրանկարի համար չէր, որ կոտորում էին), վաղը այլ ոճրագործություններ կանեն: Եվ համաշխարհային լիդերներն ու գերտերությունները նոր միայն համատարած վայնասուն բարձրացրին ու դատապարտեցին իսլամիստների գործողությունները: Իսկ երբ մի ողջ ժողովուրդ էին ցեղասպանում, երբ նրանց աչքի առաջ կրոնական ու մշակութային եղեռն էին իրականացնում, այդ նույն լիդերներն ու գերտերությունները էական ոչինչ չարեցին դա կանխելու համար… 

…Երկակի ստանդարտների դարաշրջանում ենք ապրում…

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել