Օհայոյի պետական համալսարանում անցկացված հետազոտությունը ցույց է տվել, որ այն տղամարդիկ, ովքեր շատ սելֆիներ են տեղադրում սոցիալական կայքերի իրենց էջերում, ավելի հակված են հոգեախտության։ Հետազոտությունն անցկացվել է 18-40 տարեկան 800 տղամարդու շրջանում։ Նրանք լրացրել են օնլայն հարցաթերթիկ, որում հարցեր են ընդգրկված եղել այն մասին, թե ինչ հաճախականությամբ ու ինչ տեսակի լուսանկարներ են նրանք տեղադրում սոցիալական կայքերի իրենց էջերում։
Հոգեախտությամբ տառապող մարդիկ սովորաբար չեն կարողանում ապրումակցել այլոց հետ ու հաճախ հաշվի չեն առնում շրջապատին։ Նրանք հակված են իմպուլսիվ պահվածք ցուցաբերել։ Հետազոտության արդյունքներից պարզ է դարձել նաև, որ նրանք, ովքեր նախընտրում են խմբագրել իրենց սելֆիները նախքան դրանք սոցկայքերում տեղադրելը, ավելի են աչքի ընկնում նարցիսիզմով (ինքնասիրահարվածությամբ), քան մյուսները։
Հետաքրքրական է, որ շատ սելֆիներ տեղադրող տղամարդկանց մոտ վառ են արտահայտված նաև հակասոցիալական հատկությունները։
Այս մասին ասել է հետազոտական խմբի գլխավոր գիտնական Ջեսե Ֆոքսը, ով դասավանդում է Օհայոյի պետական համալսարանում։