Այսօր հիշատակի օր է: Երբ երկիրը տխրում է, երկինքն ուրախանում: ԿՅԱՆՔՆ ԱՌԱՆՑ ՄԵՐ ՄԱՍՆԱԿՑՈՒԹՅԱՆ ՇԱՐՈՒՆԱԿՎՈՒՄ Է... 
Հայ գրականությունը մեծ կորուստ կրեց. ուղիղ մեկ տարի առաջ իր ողբերգականորեն մահկանացուն կնքեց գրող Լևոն Խեչոյանը:
Աղո՞թք է սա, մեռելո՞ց հույսի... Իսկ խնկի ճյուղերը, որ վկան են գյուղի, տոհմիկ լուսնային հիվանդության ու քայլող լեռների առասպելին, մի օր տարուբերվել են, և գյուղի վրայից չքացել է խնկի բույրը: Օրը էլի շաբաթ էր, լուսինը՝ մեկ օրական: Եվ գյուղի վրա երևացել է օդեղեն կրակը, երբ եկեղեցում երկու կանայք մատաղ էին անում պտղավորվելու համար: Այսպես, գետերի սահանքներով դեպի անծանոթ երկրներ էր լողում կապիտանի նավակը, և Դորան հեռանում է թռչող գորգով: Ու մեռած կնոջ պատուհանից մի ճերմակ արագիլ, թևերը թափահարելով, բարձրանում է օդ: Եվ խնկի ծառերով գյուղն է մտնում բարուրով նախատատը, ում տեսակն անվերադարձ է հեռանում, անսպասելի ու ճերմակ ձիով, պատգամ թողնելով: «Այն, որ սուտ ասե, մարդու գեշ ասե, կամ հյուրը խարդախե, այն իմ որդին չլինի»: Եվ տանող այս ողբերգության մեջ հազար անգամ մեռնում ես ու ծնվում: Ծնվում ես մարդու ժպիտի հանգույն ճաք տված նուռից: Եվ սպանվում, երբ այրվում են խնկի ծառերի ճյուղից կախված երազները: Իսկ ձյուների մեջ վեր բարձրացող կրակը խոշոր էր, շուրջը տաքացող մարդիկ՝ մանր:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել