Լուկաշենկոն կատաղել է ու հարվածը հարվածի ետևից է հասցնում Ռուսաստանի գոռոզ ու շովինիստական երանգներով դիրքորոշմանը։ Սակայն եթե մինչ այս Լուկաշենկոն սահմանը չէր անցնում, այլ սահմանափակվում էր տնտեսական լծակների ու քաղաքական չոր հայտարարությունների ձևաչափով, հիմա կարծես թե Լուկաշենկոն ուզում է անգամ արտաքին քաղաքական վեկտորի փոփոխությունով սպառնալ, եթե ոչ փոխել։

Ճիշտ է, մի քիչ զավեշտալի է տեսնել, թե ինչպես է Ուկրաինայի նախագահ Պորոշենկոն Լուկաշենկային խոսք տալիս, որ Ուկրաինան կարող է դառնալ լավ օրինակ Բելառուսի կառավարման համակարգի համար (թե ասա էդպես լավն եք, բա ինչի՞ եք քաղաքացիական պատերազմի մեջ), բայց դե մյուս կողմից էլ, Պոռոշենկոն ասում է, որ իր երկիրը կարող է դառնալ կամուրջ՝ ԵՄ-ի ու Բելոռուսի միջև։

Իհարկե, հաշվի առնելով կիևյան իշխանությունների մոտ ադեկվատության լուրջ պակասը, սա կարող է զուտ պոպուլիստական ու մերկապարանոց հայտարարություն էլ լինել, քանի որ ստրուկը (իսկ Ուկրաիանայի կարգավիճակը ԵՄ-ի ու ԱՄՆ-ի հանդեպ հենց ստրկական է) միջնորդ լինել չի կարող, բայց դե չի էլ բացառվում, որ Պորոշենկոյին իր տերերը լիազորած լինեն՝ նման հայտարարություն անելու։

Ամեն դեպքում, Լուկաշենկոն արդեն կրակի հետ է խաղում, ու եթե մինչ այս նրա էքսցենտրիկ քայլերը դիտարկվում էին մեծամասամբ որպես սեփական երկրի շահերի պաշտպանությանը միտված որոշումներ, ապա այս դեպքում արդեն ոչ միայն վերացական դավաճանության հոտ է գալիս, այլ սեփական երկիրը կործանելու լավագույն միջոց, որովհետև Արևմուտքը երբեք ու ոչ մի պարագայում չի հանդուրժի կայուն ու հզոր սլավոնական ուղղափառ պետություն, որը վարում է ինքնուրույն խաղ։ Ուկրաինայի ողբերգության ամենամեծ դասը ոչ միայն ռուսների, այլև ողջ սլավոնական ազգերի կոնգլոմերատի համար պետք է լինի այն, որ ամեն ինչ արվելու է՝ նրանց տրոհելու, թուլացնելու ու կառավարելի դարձնելու համար։

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել