Նայեք, նայեք՝ ով է փախչում: Աչքի՞ս երևաց, թե՞ իրականում դա նա էր։ Բա ու՞ր է ՀՀԿ տատիկը, բա ու՞ր են նրա վկաները՝ այն կանայք, որոնց համար նա Քրիստոսից հետո երկրորդ մարդն էր։ Բա  ինչո՞ւ նրա երկրորդ, կամ ավելի ստույգ՝ հերթական գալուստը կառավարություն այսպիսի տխուր ավարտ ունեցավ։ Պարոն լֆիկ, ալարեցի՞ր գներն իջացնես, թե՞ քեզ տեղեկացրել են, որ ապրանքդ թանկով ծախես, հետո կրկին դոլարն էժանացնեն։ Էն որ մեկ-մեկ անձնագրով հաց ես բաժանում քո իսկ անմիջական մեղավորությամբ սեփական արժանապատվությունից զրկված ժողովրդին, դեռ քեզ թույլ չի տալիս բարերար կոչվելու, որովհետև մի քանի օր հետո քո կողմից մոնոպոլիա հանդիսացող ներմուծվող ապրանքը վաճառում ես այնպիսի գներով, որ էդ տվածդ հացը հարամ ես անում խեղճ ժողովրդին։
Այսօր լֆիկի առաքիչները մեր շենքի կողքի խանութում ստիպում էին խանութպանին, որպեսզի գները թանկացնի։ Պարզապես խղճացի այդ պատկառելի տարիքով մարդուն, որը, չդիմանալով նյարդային լարվածությանը, մի պահ իր թոռան տարիքի առաքիչին ասաց՝ տղա ջան, սիրտս վատացավ, էսօր էլ չեմ կարող աշխատել, թող մնա, վաղը կթանկացնեք։ Երբ զարմանալիորեն առաքիչը սիրահոժար համաձայնեց հաջորդ օրը գալուն ու հեռացավ, խանութպան ծերունին սկսեց քթի տակ խոսել՝ վարչապետը խոստացել ա, որ գին չի բարձրանա, երևի հլը Սամոյին չեն ասել։
Նայում էի նրա վիճակին և իրոք ցավում մեր միամիտ ու չարքաշ հայի համար...

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել