Ես չգիտեմ արդեն՝ որ Հայաստանում եմ ապրում:
Սա համընդհանուր թմբիրում հայտնված հասարակության վարքագիծ է: Այն, ինչ հիմա կատարվում է մեր տնտեսության հետ, իր անդառնալի հետքն է թողնելու երկրի զարգացման վրա: Պարտադիր չի դրամային կուտակված միջոցներ ունենաս, որպեսզի քեզ հուզի այս վիճակը` ինչպես շատերն են չարախնդում այսօր: Շատերն էլ այսօր հայտարարում են առանց ճոխությունների Ամանորի սեղանի մասին, բայց ոչ թե որ այդպես իրոք ցիվիլ է, այլ որովհետև փող չկա: Մի մասն էլ բառիս բուն իմաստով հաճույք է ստանում, որ շատերն իրենց հալալ քրտինքով խնայողությունները կորցնում են: Սա հոգու աղետ է, որի դրսևորումներն ավելի վառ կարտահայտվեն մի քանի օրից: Այս ֆոնի վրա զարմանալիորեն անհոգ են մեր ազգընտրյալները, որոնք երեկվանից բառիս բուն իմաստով ցիրկ են խաղում` մեկը մեկին բոյկոտելով, արհամարհելով, իսկը մսուր մանկապարտեզ` մարդու զզվանքն ա գալիս: Ծայրահեղ վատ պայմաններում ապրող հասարակությունը սպասում է որևէ բացատրության ֆինանսական շուկայի պատասխանատուներից, որոնք անհոգ, հերթական չալաղաջների բաժինն են ներս անում Պռոշյանի օբյեկտներում: Օր օրի ավելանում են տեսանկարահանող սարքերը` վերջնականապես թթվածինից զրկելով նյարդայնացած վարորդներին: Իսկ ու՞ր է նախագահը։ Ու՞ր են ապահով Հայաստանի երաշխիքները։ Ինչու՞ չկա գոնե մի հուսադրող հայտարարություն: Ու՞ր է ամենահաս ընդդիմությունը։ Մի՞թե ոչ ոք ժողովրդին ասելու բան չունի: Ինչու՞ պիտի անկախացումից ավելի քան 20 տարի անց մենք շարունակենք ըմբռնումով մոտենալ ու տարեցտարի փոքրացնել սեփական կոշիկի համարը: Ինչու՞ պիտի ես ըմբռնումով մոտենամ մի պաշտոնյայի հուսադրող, բայց փուչ ելույթին, եթե այդ սրիկայի միայն ծառայողական մեքենայի մեկ անվադողի արժեքը հավասար է դպրոցի ուսուցչի մեկ տարվա աշխատավարձին։ Ու այս ամենին զուգահեռ, ո՞նց է ձեր մոտ ստացվել այս կարգի ու քանակի զոմբիներ ստեղծել, որոնց համար Քիմ Քարդաշյանի ու Լիլիթ Հովհաննիսյանի տան սալանդոստիկի նկարն ավելի տենչալի է, քան սեփական անձի նվաստ ճակատագիրը: Ի՞նչ իշխանափոխություն։ Ի՞նչ ընդդիմություն։ Էս ո՞ր թիվն ա։ Եղունգ ունես՝ գլուխդ քորի, իսկ եթե չունե՞ս։ Այսօր Հայաստանի քաղաքացին չունի ոչ մի այլընտրանք, այսօր ճակատագրի բերումով հայտնվել ենք մի կետում, որտեղից ցանկացած քայլ ենթադրում է գահավիժում դեպի անդունդ:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել