Tert.am-ը գրում է.

Tert.am-ի հետ զրույցում ՀՀ Ֆինանսների փոխնախարար Պավել Սաֆարյանը, անդրադառնալով  դրամ-դոլար փոխարժեքի տատանումներին, նկատեց, որ այնպես չէ, որ միայն ռուբլին է արժեզրկվել, որովհետև ըստ նրա՝ նախկինում այդ հարաբերակցությունը միշտ եղել է 1.33, հիմա հասել է 1.23-ի: Իսկ այն, որ եվրոյի փոխարժեքը նույնպես անկում է ունեցել, ըստ նրա, պայմանավորված է նաև համաշխարհային միտումներով: Հայաստանի  կառավարության կողմից վարկային նոր միջոցները, ֆինանսների փոխնախարարի գնահատմամբ՝  մեր Կենտրոնական բանկին արտարժույթի փոխարժեքի վրա ազդեցություն թողնելու պոտենցիալ հնարավորություններ են ընձեռում։ Բայց ԿԲ-ն դրանից կօգտվի՞,թե ոչ, դա, ըստ Պավել Սաֆարյանի, արդեն ԿԲ–ի քաղաքականությունն է:


- Պարո՛ն Սաֆարյան, Կենտրոնական բանկը նոր մոտեցում է ցուցաբերում  փոխարժեքի տատանումները կարգավորելու վերաբերյալ, սակայն տարբեր երկրների արժույթները գնալով աճում են: ՀՀԿ ներկայացուցիչներն էլ էին դրանից առաջ հայտնում, որ կիջնի արտարժույթը և այլն:


-Այն, ինչ-որ խոստանում է Կենտրոնական բանկը, ինքն այդ խոստումը կամ ցանկությունը դիտարկում է իր ունեցած լծակների շրջանակում: Եվ ես կարծում եմ, ինքս էլ մի քանի քննարկումների մասնակցել եմ, որ այն բոլոր լծակները, որ ունի ԿԲ-ն, դրանք բոլորն ինքն օգտագործում է: Բայց գիտեք, որ բացի այդ, դոլար-դրամ խնդիրը միայն պայմանավորված չէ մեր ներհանրապետական պատճառներով ու գործոններով, իսկ այն գործոնները, որոնք մեր Կենտրոնական բանկի իրավասությունից դուրս են, բնականաբար, ինքը դրանց վրա ազդեցություն չի կարող ունենալ: Նման գործոններ, հավատացե՛ք, որ կան:


-Ներհանրապետական գործոններ ասելով՝ ի՞նչ նկատի ունեք, այսինքն՝ քաղաքացիների իռացիոնալ վարքագիծ, աժիոտաժ, թե՞ տնտեսության վիճակ:


- Թե՛  տնտեսության վիճակը, թե՛ ֆինանսական այն գործիքները, որ այսօր ունենք՝ վերաֆինանսավորման տոկոս և այլն, ես մանրամասնություններ հիմա դժվար կներկայացնեմ, բայց այն խնդիրներով, որոնցով Կենտրոնական բանկն զբաղվում է, դրանք բոլորը հնարավորինս նպատակաուղղված են այն նպատակին, որ այդ թռիչքաձև աճը  կարողանան կայունացնել:


-Իսկ արտաքին գործոններ, ի՞նչ նկատի ունեք՝ նավթի գնե՞ր ...


-Նավթի գներ, դրանցով պայմանավորված  ռուբլու կուրս, եվրոյի և բոլոր արժույթների կուրսերը, եթե հետևում եք, կտեսնեք, որ այնպես չէ, որ միայն Ռուսաստանում է, որովհետև կարող ենք արձանագրել, որ եվրոն հիմա դոլարի նկատմամբ իջել է: Ես խոսում եմ եվրո-դոլար կուրսի վերաբերյալ, այսինքն՝ երբ ժամանակին 1.33 էր, հիմա այդ հարաբերակցությունը հասել է 1.23-ի: Եվրոյի կուրսը նույնպես անկում է ունեցել: Եվ եվրոյի ու դոլարի կուրսը հաստատ պայմանավորված չէ հայաստանյան իրողություններով: Ուզում եմ ասել, որ աշխարհում տեղի են ունենում պրոցեսներ` պայմանավորված հիմնականում նավթի, տնտեսության կառուցվածքների փոփոխություններով և որը բերել է դրան:


-Կենտրոնական բանկի նախագահը հերքեց դրսից սպեկուլյացիա կազմակերպելու տարբերակը: Ձե՛ր կարծիքը:


-Ես մի քիչ վերապահումով եմ մոտենում այդ հարցերին, ու անկեղծ ասած ՝ այդ սպեկուլյացիայի տեխնոլոգիան ինձ համար մի քիչ պարզ չէ, ես լսում եմ, որ ասում են՝ կարող է՝ սպեկուլյացիաներ, բայց ին՞չ է նշանակում դա ... այսինքն՝ մարդիկ այստեղից դրամով  գնում են դոլար, տանում են Ռուսաստա՞ն, վաճառում են, որպեսզի ի՞նչ անեն:

Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել