Tert.am-ը գրում է․

ԱԺ «Հանրապետական» խմբակցության ղեկավար Վահրամ Բաղդասարյանը գնաճի ֆոնին սոցիալական բողոքի ալիքի նախադրյալներ չի տեսնում, քանի որ դրա համար հիմքեր չկան։

«Նույն բաները լսում եմ բազում տարիներ, բայց նման դժգոհությունների համար հիմքեր են պետք, իսկ ես հիմքեր չեմ տեսնում։ Գնաճը նախատեսված սահմանագիծը չի կարող հատել։ Վստահեցնում եմ՝ վտանգի դեպքում մեր քաղաքականությունն այնպիսին կլինի, որ ճգնաժամային իրավիճակից խուսափենք»,-Tert.am-ի հետ զրույցում ասաց նա։

Վահրամ Բաղդասարյանի խոսքով՝ գնաճի պատճառները պայմանավորված են միջազգային գործընթացներով։ «Դոլարի արժևորում, ռուբլու ու դրամի արժեզրկում, բացի դրանից էլ, նոր տարվա նախաշեմին գնաճ ամեն տարի էլ նկատվում է։ Այդ ցնցումների ազդեցությունն է, բայց ճիշտ քաղաքականություն տանելու արդյունքում հնարավոր է խուսափել»,-ասաց նա։ 

ՀՀԿ խմբակցության ղեկավարը հավաստիացնում է, որ կանխարգելիչ միջոցառումներ արվում են. «Հանդիպումները բանկիրների հետ, տնտեսվարողների հետ, դա պատահական չէ, հստակ իրավիճակին ծանոթացնում ենք, որպեսզի որևէ թաքուն բան չլինի, գաղտագողի գործողություններ չկատարվեն»։

Վահրամ Բաղդասարյանն իհարկե չի բացառում, որ լինեն նաև սպեկուլյատիվ միջամտություններ, բայց, ըստ նրա, իշխանությունը զգոն է. «Իհարկե, որևէ անգամ չեմ բացառել, որ կարող են լինել նաև նեգատիվ երևույթներ, բայց իշխանությունը պետք է միշտ զգոն լինի, որ խուսափի նման նեգատիվ երևույթներից։ Աշխարհի բոլոր երկրներում, նաև զարգացած երկրներում գնաճից փորձում են շատերը օգտվել, բայց այդ ժամանակ իշխանությունների միջամտությունը կարևոր է»։

Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել