Այսօրվա լրահոսը վերստին ինձ ստիպեց վերհիշել մի մարդու, ում անունն ասոցացվում է միայն վատի հետ, խոսքս վերաբերվում է Վարդան Ղուկասյանին, ով կարծիք էր հայտնել Գագիկ Ծառուկյանի այցի մասին Գյումրի և 45 000 000 դրամ օգնության հետ կապված։ Առաջին հայացքից, եթե չճանաչեի Վարդան Ղուկասյանին կամ նրա անցած թե քաղաքական, թե մարդկային ճանապարհից անտեղյակ լինեի, կմտածեի, որ մարդ է, ով ունի սեփական կարծիք արտահայտելու իրավունք, վերջիվերջո ապրում ենք դեմոկրատական երկրում։ Բայց, խորը դատելուն պես, միանգամից ի հայտ է գալիս իշխանականներին բնորոշ վարքագիծ։ Այս անգամ իշխանականները կարծես թե ընդունեցին իրենց սխալը՝ կապված այն բանի հետ, որ ոչ ոք նրանցից Դեկտեմբերի 7-ի երկրաշարժի հետ կապված չէր այցելել Գյումրի, թեկուզ և իրենց ուշադրությամբ մեղմելու գյումրեցու ցասումն ու վիշտը։ Երբ մամուլում սկսեցին հրապարակումներ, որ իշխանականներից ոչ ոք ներկա չի գտնվել Գյումրիում դեկտեմբերի 7-ի առնչությամբ, այլ միայն Գագիկ Ծառուկյանն է այցելել նրանց և օգնել, կարծես թե խաթարվեց նրանց անդորրը, և փորձեր արվեցին ուրիշի բարեգործության, կարեկցության վրա ցեխ շպրտելով՝ արդարացնել իրենց քայլը կամ մոռացության մատնել։ Այս ենթատեքստում առավել զավեշտալի «գործիք», քան Վարդան Ղուկասյանն է, չէի կարող պատկերացնել։ Ի՞նչ է նշանակում՝ օգնելու փոխարեն աշխատատեղեր թող բացի, ո՞վ չգիտի, թե Գագիկ Ծառուկյանի հիմնարկ-ձեռնարկություններում իրենց հանապազօրյա հացը վաստակելու նպատակով քանի հազար ընտանիք է աշխատում։ Կամ պրն․ Ղուկասյան, երկար ժամանակ Դուք եղել եք Գյումրի քաղաքի քաղաքապետ, ի՞նչ եք արել գյումրեցու համար, բացի վախ ներշնչելուց, բացի թալանելուց և սեփական հարստություն դիզելուց։ Ես կասեմ, Դուք ոչինչ չեք արել և այս համատեքստում Դուք ոչ մի բարոյական իրավունք չունեք վատաբանել կամ փնովել մի մարդու, ով իրավմամբ անհանգստացած է անհնարին դարձած գյումրեցու կենսակերպով։ Այստեղից մնում է ենթադրել, որ երբ իշխանականները հասկանում և ընդունում են իրենց սխալը, դառնում են էլ ավելի անտանելի՝ իրենց մարազմատիկ վերլուծություններով և խոսափողներով, առավել ևս, երբ սոցցանցերում են հրահանգում տիրաժավորել իրենց կարծիքը տարբեր էջերով։

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել