ArmnewsTV.am-ը գրում է.
Թուրքիայում ցանկանում են, որ նախագահ Էրդողանը ապրիլի 24-ին ժամանի Երևան, սակայն չեն հավատում, որ դա կլինի: Էրդողանին Ծիծեռնակաբերդում Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակը ոգեկոչելիս ցանկանում են տեսնել Թուրքիայի հայերը և պատմությանը քաջատեղյակ ու Թուրքիան քաղաքակիրթ երկիր տեսնել ցանկացող քաղաքացիները: Թերահավատության պատճառն այն է, որ հասարակության մեծ մասը և իշխանությունը պատրաստ չեն իրենց պատմության հետ առերեսմանը:
2015 թվականին ընդառաջ Թուրքիայում հայկական հարցն արծարծող և Հայոց ցեղասպանությունը ճանաչող միակ քաղաքական ուժը հիմնականում քրդերին ներկայացնող Ժողովուրդների դեմոկրատական դաշինք կուսակցությունն է: Նաև Թուրքիայի փոքրամասնությունների անունից գործող կուսակցությունը, վերջերս խորհրդարանում ներկայացրած օրինագծով առաջարկեց պետության անունից ներողություն խնդրել հայերից: Կուսակցության համանախագահ Սելահաթթին Դեմիրթաշի խոսքով, 2014 թվականի ապրիլի 24-ին Էրդողանի հայտարարությունը չէր արտացոլում իրականությունը: Պատասխանելով Արմնյուզի հարցին` Էրդողանի հնարավոր այցի վերաբերյալ, ամենահայտնի քուրդ քաղաքական գործիչը նշեց, որ իրենց կուսակցությունը կողջունի նրա այդ քայլը:
Թուրքիայում վերջին տարիներին նոր միտում է ի հայտ եկել: Իշխող քաղաքական ուժը կամ նույնիսկ քաղաքականությունից հեռու մարդիկ անմիջական ժխտողականության փոխարեն հայտարարում են ընդհանուր ցավի, երկկողմ զոհերի մասին, նույնիսկ ընդունում են, որ հայերի նկատմամբ հանցագործություն է կատարվել, սակայն ցեղասպանություն բառը չեն արտասանում: Հատկանշական է, որ ցեղասպանության մասին խոսում են նաև Թուրքիայի իշխանության ազդեցության տակ գտնվող լրագրողները:
2015 թվականի ակնկալիքների հարցում թուրքական հասարակությունը բազմաշերտ է: Երկրի արևմուտքում` հիմնականում Ստամբուլում, շատերը ազատ խոսում են ցեղասպանության մասին, կենտրոնական շրջաններում ժխտողականությունն ու ազգայնամոլությունը համատարած է, քրդաբնակ տարածքներում հայերի և հայկական հարցի հանդեպ վերաբերմունքը մեծ մասամբ դրական է: Հայաստանի հետ սահմանակից շրջաններում տրամադրությունները երկակի են` ժխտողականության կողքին կա սահմանի բացման տնտեսական ակնկալիք:
Սահմանային նահանգներում տնտեսական վատ դրությունը տեղի բնակչությանը ստիպել է` հայերը կոտորել են թուրքերին թեզը մեղմացնել և դարձնել երկկողմանի կոտորածներ: Կարսի նախկին քաղաքապետ Նաիֆ Ալիբեյլօղլուի նախաձեռնությամբ էր, որ քաղաքում տեղադրվել էր խաղաղության և մարդասիրության հուշարձանը, որը խորհրդանշում էր հայերի և թուրքերի ապագա հաշտեցումը: 2011 թվականին հուշարձանը տգեղ որակած Էրդողանի հանձնարարականով այն ապամոնտաժվեց:
Չնայած վերջին տարիներին Թուրքիայի ներսում եղած տեղաշարժին, 77 միլիոնանոց թուրք հասարակությունը 2015 թվականին մոտենում է Հայոց ցեղասպանության վերաբերյալ կոնսենսուսի բացակայությամբ: Ավելին, բնակչության մեծ մասի համար ընդունելի չէ նույնիսկ Էրդողանի կուսակցության քողարկված ժխտողականությունը: Նրանց համար Հայոց ցեղասպանությունը միֆ Է, իսկ 2015 թվականը Թուրքիային սպառնացող արտաքին վտանգ:
Տեսանյութը՝ այստեղ