Որոշակի քայլեր են կատարվում Իրանի և պաղեստինյան «ՀԱՄԱՍ» կազմակերպության միջև հարաբերություններում վերջին տարիներին գոյացած սառույցը կոտրելու ուղղությամբ: Երկուշաբթի օրը «ՀԱՄԱՍ»-ի պատվիրակությունը ժամանել է Թեհրան, հանդիպումներ են տեղի ունեցել ԻԻՀ մի շարք բարձրաստիճան պաշտոնյաների հետ: Այս այցը կարելի է բնորոշել «ստուգողական», քանի որ դրական արդյունքներից հետո ակնկալվում է «ՀԱՄԱՍ»-ի ղեկավարության այցը Թեհրան:

Այն պահից ի վեր, երբ «ՀԱՄԱՍ»-ն իր քննադատությունների զգալի չափաբաժինն ուղղեց դեպի Իրանի իշխանություններ՝ Սիրիայի կառավարության նկատմամբ որդեգրած «բարեհաճ» վերաբերմունքի համար, փոխվեց Իրան-«ՀԱՄԱՍ» փոխհարաբերությունների բնույթը: Դրանից հետո Թուրքիան և Կատարը փորձեցին լրացնել Թեհրանի «դատարկ տեղը»՝ ակտիվացնելով շփումները «ՀԱՄԱՍ»-ի հետ: Սակայն «ՀԱՄԱՍ»-ի ներկայացուցիչների այս այցը Թեհրան կարող է նորից կշեռքի նժարը թեքել Իրանի կողմը:

Հետևաբար, չի կարելի բացառել, որ մոտ ժամանակներս «ՀԱՄԱՍ»-ը կարող է զգալիորեն փոխել իր դիրքորոշումը Բաշար ալ-Ասադի և նրա կողմնակիցների նկատմամբ, քանի որ իրանական կողմի հետ երկխոսություններ են ծավալվել հենց այն ժամանակահատվածում, երբ առավել քան ակնհայտ է դառնում, որ Թեհրանը մտադիր չէ որևէ կերպ զիջել իր դիրքերը Սիրիայի հարցում որդեգրած քաղաքականությունում: Ավելին, Իրանից շարունակ լսեցնում են այն մասին, որ Թեհրանը և Մոսկվան ունեն սիրիական ճգնաժամի լուծման հստակ ծրագրեր և պատրաստ են դրանք գործի դնել: Մնում է ենթադրել, որ «ՀԱՄԱՍ»-ը ցանկանում է ծանոթանալ Իրանի և Ռուսաստանի՝ սիրիական հիմնախնդրի լուծման տարբերակներին՝ միանալու կամ չմիանալու հեռանկարով:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել