Ոչ մեկի համար գաղտնիք չէ, որ Հայաստանի ներքին կյանքում խնդիրները բազմաթիվ են ու բազմազան, իսկ դրանց լուծման տեմպերը՝ դանդաղ ու անորոշ, առանց արդյունքի միտված քաղաքականության: 
Հաճախ նույնիսկ պետական վիճակագրությունն է սարսափեցնող, բայց քանի որ ամեն մեկն իր մաշկի վրա է զգում բոլոր այն բացասական միտումները, որոնք մեզանում առկա են, արդեն սարսափելու ուժ ու հավես էլ չի մնացել: Շատ ենք լսում հանդիմանանք, թե ինչ է՝ լավ բան չկա՞ մեր կյանքում, որ միայն վատից եք խոսում: Է, լավից էլ խոսենք, դեմ չեմ: Բայց այդ լավն առկա է մի քանի տասնյակ մարդկանց մոտ, ովքեր արտոնյալներ են, օրենքից վեր կանգնած մարդիկ են, ովքեր ճարպկորեն կարողանում են համադրել բիզնեսն ու պետական բարձր պաշտոնը, որևէ ոլորտում ունեն մենաշնորհային դիրք և այլն: Ես անձամբ չեմ ուզում խոսել այս լավի մասին, քանի որ ինձ գերազանցապես մտահոգում են հարյուր հազարավոր մեր այն հայրենակիցները, ովքեր մի կերպ գոյություն են պահպանում, ովքեր էլ չգիտեն, թե որ բանկից վարկ վերցնեն երեխայի ուսման վարձը տալու կամ կենսական նշանակության մեկ այլ խնդիր լուծելու համար: 
Անձամբ ես ուզում եմ խոսել այն իրողության մասին, որ, օրինակ, վերջին մի քանի տարում Հայաստանում փակվել են շուրջ 10 000 մանր ու միջին ձեռնարկություններ: Կառավարությունը մտահոգվա՞ծ է, թե ուր են այս մարդիկ, նրանք ընտանիքները, ինչով են զբաղված, ինչպես են ապրում: Մտահովա՞ծ է, որ Հայաստանի տնտեսությունը շնչահեղձ է լինում: Մտահովա՞ծ է, որ օտարերկրյա ներդրումներն աստիճանաբար նվազում են, իսկ, ի հեճուկս էլ սրան, մենաշնորհային տնտեսությունն առաջընթաց տեմպերով զարգանում է` արդյունքում մի քանի հարուստներ էլ ավելի են հարստանում, աղքատներն էլ ավելի աղքատանում: Մտահոգվա՞ծ է, որ այս խայտառակ գնաճի, դրամի չկառավարվող արժեզրկման հետևանքով մարդկանց սոցիալական կացության էլ ավելի է վատթարանում: Մտահոգվա՞ծ է, որ օրեցօր երկրից հեռանում են հազարավոր մարդիկ, ովքեր չունեն հույս ու հավատ, չեն տեսնում ապագա ու հնարավորություն: 
Անհրաժեշտ է դադարեցնել քաղաքացուց ամեն գնով փող հավաքելու անընդունելի գործելաոճը: Տարատեսակ հարկերը, տուրքերը, սոցիալական վճարները մարդկանց գլխին պատուհաս են դարձել՝ կարմիր գծեր, արագաչափեր, տեսանկարահանող սարքեր, անհասկանալի վճարներ չմատուցվող ծառայությունների դիմաց: 
Մտահոգվա՞ծ է, որ երկրում գործազրկությունն արդեն հասել է ռեկորդային ցուցանիշի, իսկ աղքատությունը՝ շուրջ 40 տոկոսի: Մտահոգվա՞ծ է, որ երկրում տարեցտարի ավելանում է մահացությունը, կրճատվում ծնելիությունը, հարյուր հազարավոր մարդկանց համար անհասանելի է առողջապահությունը: Մարդիկ մահանում են, որովհետև ի վիճակի չեն վճարել բուժվելու և վիրահատության համար: Սա իսկապես ողբերգություն է:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել