Պետք է նայենք իրականության աչքերին: Հիմա իրականությունն այն է, որ մենք Ռուսաստանի հետ գտնվում ենք նույն ռազմաքաղաքական դաշինքի մեջ: Լիովին այլ հարց է, թե մեզանից ով է դրան համաձայն կամ ով դժգոհ: Դրա քաղաքական նպատակահարմարությունը նույնպես լիովին այլ հարց է. փաստ է, որ դա այդպես է: Եթե Ռուսաստանում սկսվի ներքին պատերազմ, որը բորբոքվի իսլամիստների կողմից՝ տեղական և ինտերնացիոնալ, դա հաստատ մեզ վրա նույնպես կանդրադառնա քաղաքական, տնտեսական և ռազմական առումով. հազար թելերով կապված ենք Ռուսաաստանի հետ: Կրկնում եմ, որ դրա պատճառներն այլ հարցեր են, դրա նպատակահարմարությունն էլ ապագայում կերևա: Այս փորձը՝ Չեչնիայի միջոցով պայթեցնել Հյուսիսային Կովկասը և ապա ողջ Ռուսաստանը, տապալվեց: Առաջին հայացքից սա սովորական ահաբեկչական հարձակում էր, ինչպիսին Չեչնիայի հանրապետության տարածքում այս տարիներին եղել են տասնյակ անգամներ, բայց: Կա մի բայց, որը չի կարելի անտեսել: Սա ուղիղ կապ ունի Ռուսաստանի դեմ սկսված նրա ոչ բարեկամների գործողությունների հետ՝ տնտեսական պատժամիջոցներ, ուկրաինական կոնֆլիկտի և սիրիական կոնֆլիկտի կրակը Ռուսաստան տեղափոխել, ի դեպ, նախկինում խոսել եմ, թե ինչպես կարող են այդ երկու՝ իրարից հեռու կոնֆլիկտները փաթաթել Ռուսաստանի վզին: Կոնկրետ իսլամիստների տարբերակում վաղուց խոսվում է Միջին Ասիայից և Հյուսիսային Կովկասից պլանավորվող հարվածի մասին: Եթե կարողանային Չեչնիայի բնակչության մոտ ստեղծել խուճապ և անվստահություն պետության և ուժային կառույցների հանդեպ, ապա կլիներ իրավիճակի կտրուկ փոփոխում, և Ռուսաստանում կսկսվեր իսկական հրդեհ՝ բազմադեմ հրդեհ: Նախկինում սխալ էի համարում, որ նախկին գրոհային Ռամզան Քադիրովը ստացել է Ռուսաստանի հերոսի կոչում, բայց հիմա նա իսկապես արժանի է այդ կոչմանը. սա գործողություն չէր Գռոզնիի Մամուլի Տունը և դպրոցներից մեկը ահաբեկիչների մի խմբից մաքրելու, այլ Ռուսաստանը մեծ հրդեհից փրկել էր, հրդեհ առաջացնող փոքրիկ կայծի մարում:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել